Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Բազկամարտ
ՀՀ ԶՈՒ ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎ ԿՇՌԱՔԱՐԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության մարզական միջոցառումների պլանի համաձայն՝ 2011թ. փետրվարի 1-ից ապրիլի 29-ը երեք փուլով անցկացվում են ՀՀ զինված ուժերի բազկամարտի և կշռաքարերի բարձրացման առաջնություններ: Առաջին փուլը` ներզորամասային, անցկացվում է զորամասերի ներսում, որի արդյունքում կազմավորվում է զորամասի հավաքական թիմը: Երկրորդ փուլը` ներկորպուսային (փնջային), անցկացվում է զորամիավորման, միավորման կամ կայազորի առաջնության տեսքով: Այս փուլում կազմավորվում են զորամիավորման, միավորման կամ կայազորի հավաքական թիմերը և ներկայանում եզրափակիչ փուլ, որը նախատեսված է անցկացնել բանակի կենտրոնական մարզական ակումբի բազայում: Զինված ուժերում այս մարզաձևերի առաջնությունները անցկացվում են 5 քաշային կարգերում` 60, 70, 80, 90, 90 կգ և ավելի: Կշռաքարերի բարձրացում մարզաձևի հաղթողը որոշվում է երկամարտի արդյունքում` հրում և պոկում վարժությունների միավորների հանրագումարով, իսկ բազկամարտի հաղթողը որոշվում է աջ և ձախ ձեռքով գրաված տեղերի նվազագույն գումարով:
Այս մարզաձևերը ՀՀ զինված ուժերում լայն տարածում են ստացել և ամեն տարի անցկացվում են առաջնություններ, որոնք պարտադիր կերպով ընդգրկվում են ոչ միայն ազգային բանակի համաբանակային սպարտակիադաների այլև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի սպարտակիադաների ծրագրերում:
Բազկամարտի և կշռաքարերի բարձրացում մարզաձևերի առավելությունն այն է, որ մրցույթների կազմակերպումը հնարավոր է նաև վատ եղանակային պայմաններում, քանի որ անցկացվում են փակ շինություններում։ ՀՀ պաշտպանության նախարարի ցուցումով 2010թ ընթացքում վաշտերում կահավորվեցին սպորտային անկյուններ և այս մարզաձևերի սիրահարների թիվը զինված ուժերում բազմապատկվեց, ինչի շնորհիվ 2011թ. անցկացվելիք առաջնության ժամանակ ակնկալվում են թեժ պայքար և մարզական բարձր ցուցանիշներ:
Հարկ է նշել նաև, որ եթե սկզբնական ժամանակաշրջանում այս մարզաձևերում բարձր արդյունքների էին հասնում բացառապես պարտադիր ժամկետային զինծառայողները, ապա վերջին տարիներին ավելի ու ավելի են շատանում մրցանակակիրները սպայական կազմից: