Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԾՆՆԴՅԱՆ ՕՐ...
ԾՆՆԴՅԱՆ ՕՐ…

Օգոստոսի 15-ի երեկոն Եռաբլուր պանթեոնում կրկին յուրահատուկ տոնական էր: Ո՛չ, սիրելի՛ ընթերցող, խոսքիս մեջ շփոթմունք չփնտրես: Հենց այդպես, տոնական է այդ օրը յուրաքանչյուր Մահապարտ ազատամարտիկի համար, քանզի 1992 թվականի օգոստոսյան այդ երեկոն հայոց նորագույն պատմության ոսկե էջերից մեկը գրեց: Սպարապետը կոչ էր անում դուրս գալ մահվան դեմ հանդիման և թեկուզ զոհվելով` հաղթել…

-Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ, թշնամուն թողած՝ ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցների մեջ դավաճաններ մի՛ փնտրեք: Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը թող Հայաստանի յուրաքանչյուր շրջանից, յուրաքանչյուր քաղաքից ընդամենը 10 -15 տղա գա, և մենք կունենանք 500 հոգանոց Մահապարտների զորագունդ: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, ուր ապրել-մեռնելու հավանականությունը 50 տոկոս է 50 տոկոսի նկատմամբ: Միասին գնալու ենք կռվի ամենածանր ճակատն ու հաղթելու ենք: Թշնամին նույն թշնամին է, որը ձեր առջևից փախչում էր, մենք էլ նույնն ենք: ՈՒղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ:

Ելքը սա էր: Ստեղծել Մահապարտների գումարտակ, քանզի ռազմաճակատում օրհասական վիճակ էր, Արցախի ինքնապաշտպանական ուժերը ջլատվել էին (նաև հոգեբանորեն), և հիմա…

– Հիմա հարկավոր է արթնացում, ցնցում, և այդ ցնցումը պետք է իրագործենք դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը գոտեպնդվի: Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի հին տղաներից, փորձառուներից, մահապարտներ, որոնք գնալու-կռվելու են ամենադժվարին ճակատում: Վաղը չէ մյուս օրը, եթե մենք հավաքվեցինք և կարողացանք 500 հոգանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն՝ դեռ կանք, դեռ կռվելու ենք, հաղթելու ենք:

Հաջորդ օրը հանրապետության բոլոր վայրերից գալիս ու գալիս էին կամավորները, եթե բոլորին գրանցեին, թույլ տային մեկնելու Արցախ, նշված 500 թիվը կրկնակի ու եռակի կլիներ:

Սա հաղթանակ էր: Հաղթանակ՝ դեռ կռիվը չսկսված: Որովհետև այն վախը, այն կասկածը, որ կար մեր մեջ, խոստովանում եմ, որպես այն օրերի տագնապն ապրած հայուհի, թե` Հայկի նետը մնացել է ընկած, աղեղը լարող չկա, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչի արձագանքով ցրվեց:

Ընտրվեցին ոգեղեն և ֆիզիկական կոփվածքով ամենապինդ, ամենափորձառու, ամենանվիրյալ տղաները: Ինքը` Սպարապետն էլ գնաց նրանց հետ, չուղարկեց, այլ առաջնորդեց իր մարտընկերներին դեպ հերոսացում: Նրանց հետ Եռաբլուրի բարձունքում, մոմերի լույսի ներքո երդվեց, ընդունելով քաջազունների միասնական երդումը: Այսօր էլ նրանց հետ է:

Ահա այսպես, երեկոյան ժամը 9-ին, գումարտակի տղաները մարտական քայլերգով, Սպարապետի շիրմին խոնարհվելուց հետո, 21 մոմերի լույսով անցնում են զոհված մահապարտների շիրիմից շիրիմ՝ մեկական ծաղիկ թողնելով` որպես հավերժ սիրո և հավատարմության խորհրդանիշ, ապա հանդարտ մոտենում են բարձունքի այն մասին, որտեղ 21 տարի առաջ երդվել էին հանուն հայրենիքի չխնայել կյանքը: Կրկին դիտում են Սպարապետի հեռուստակոչը, մեկ ռոպե լռությամբ հարգում հիշատակն անմահացած ընկերների և միասնաբար երգում «Արծիվ մահապարտների» օրհներգը`

Հրովարտակ է հղել, ոչ թե գույժ,
Զորավարը մեծ հույժ և հույժ,
Արցախին մեծ ուժ է հարկավոր
Գանձասարն է տնքում վիրավոր…
Դե՛, ելե՛ք հայ ազգի սուրբ կանչով
Արծվային Ձեր կամքով միշտ հպարտ,
Սլացեք, ճախրեցեք, Զորավարի դրոշով,
Դուք ունեք նոր կոչում, մահապա՛րտ:

ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Վանք, Վաղուհաս, Չլդրան, Հարությունագոմեր, մյուս գյուղերի տարածքների պաշտպանության և ազատագրության ճանապարհի ամեն թիզը արյունով էր գծվում: Բայց Գանձասարն անառիկ մնաց, ոսոխի ողնաշարն այստեղ ջարդվեց: Մահապարտների գումարտակի անձնակազմի (հրամկազմ` Աստվածատուր Պետրոսյան, Հովսեփ Հովսեփյան, Սեյրան Անթանեսյան, Գարիկ Շառոյան… բոլորին չես թվի) գործած աննախադեպ սխրանքի մասին ամփոփ խոսքն այսպես է ձևակերպում պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը.

-Մահապարտներն աննախադեպ մեծ դեր խաղացին Արցախյան գոյամարտում: Օրհասական պահին նրանք ոչ միայն արմատական բեկում մտցրին ռազմական գործողություններում, այլև հայ ազատամարտիկներին, նոր ձևավորվող ազգային բանակի զինվորին հավատ ներշնչեցին սեփական ուժերի, հաղթանակի նկատմամբ: Իսկ դա չափազանց կարևոր էր: Թերևս ամենակարևորը:

Ահա թե ինչու արդեն 20 տարի և սրանից հետո ամեն տարի օգոստոսի 15-ը Եռաբլուր պանթեոնում լինելու է տոնական` ԾՆՆԴՅԱՆ օր… Ահա թե ինչու հրապարակում ջերմ հուզում առաջացրին գեներալ Պետրոսյանի ստորագրությամբ շնորհավորանքի ուղերձով փոքրիկ բացիկները, որ բաժանվեցին արծիվ մահապարտներին:

Այս անգամ էլ եկել էին նրանք, ինչպես 92-ի օգոստոսի վերջին օրը, ռազմաճակատ մեկնելուց առաջ Երդվելու` անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը, եկել էին ասելու, որ հավատարիմ են Երդմանը, որ փոխանցում են իրենց և անմահացած ընկերների զավակներին: Նրանք էլ էին եկել` զոհված մահապարտների որդիները, խոնարհվելու և ընդունելու պատգամը:

Հ.Գ.-Փառաց արարողության ավարտին , <<Արծիվ մահապարտների միություն>> ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ՀՀ ՊՆ Տ և ՀԿ պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը (նա նույնպես «Արծիվ մահապարտ» է, գումարտակի 7-րդ դասակի հրամանատարն է եղել), «Ազատամարտիկ կանանց միության» նախագահ Աիդա Սերոբյանը (մահապարտների գումարտակի բուժքույրն էր) մարտընկերներին հանձնեցին ԼՂՀ Արիության և Մարտական ծառայության, ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներ և «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ «Արծիվ մահապարտ. Վազգեն Սարգսյան» շքանշաններ…

ՎԱՐՍԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ