Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՄԱՅՐԵՐ



ԿՅԱՆՔ` ԱՍՈՒՊԻ ՆՄԱՆ…

«Լեռնային Հայաստան» առողջարանում զինծառայողների հետ հանգստանում էին զոհված ազատամարտիկների կանայք, մայրեր, հարազատներ: Ամեն անգամ, երբ հավաքվում էին, նստում միջանցքի նստարաններին և զրույցի բռնվում, սևազգեստ մի մայր իր համեստ պահվածքով, բազմոցի մի անկյունում նստած, համարյա միշտ լսողի դերում էր: Միջամտում էր հազվադեպ: Սակայն դեմքին միշտ մի թեթև, բարի ժպիտ էր խաղում: Ազնվականի կեցվածք ուներ, և ամեն ինչ ասող նրա խոհուն հայացքը, աչքերը չորսբոլորը բարություն էին տարածում: Առողջարան եկած նորեկ հետաքրքրասերներից մեկը հարցրեց.

-Դուք զոհվածի մա՞յր եք:

Նա իր մեղմ ժպիտով պատասխանեց.

-Ես Սամվել Շահմուրադյանի մայրն եմ,- միայն այդքանը, ու էլի լռություն:

Միայն Սամվելի անունը լսելիս արդեն ամեն ինչ պարզ էր: Ճակատագրի բերումով մի քանի անգամ հանդիպել եմ Սամվելին, զրուցել, ավելի ճիշտ` լսել եմ նրան: Եվ հիմա միանգամից ասես նորից բացահայտում եմ այդ մեծ հայրենասերի, գրող-հրապարակախոս-մտավորականի կերպարը, որի ձեռքին գրիչ լիներ, թե զենք` բոցեղեն ցոլքեր էր թողնում անարդար աշխարհի ճակատին…

-Կլարա՛ մայրիկ, խնդրում եմ, մի քիչ պատմեք ձեր ընտանիքի մասին, Սամվելի մասին,-մի անգամ խնդրեցի նրան:

– Իմ ազգանունը Ադոնց է: Երկու Ադոնց կար, ես Մուշեղ Ադոնցի աղջիկն եմ: Ծնվել եմ Գորիսում: Ամուսինս` Սարգիս Շահմուրադյանը, Գարդմանա աշխարհի հայտնի Բանանց գյուղից է: Ոսկի ձեռքեր ուներ, հայտնի վարպետ էր` ճանաչված, հարգված: Աշխատում էր Շամպայն գինիների գործարանում: Սամվելիս զոհվելուց հետո ապրեց մի քանի տարի: Ես երկար տարիների մանկաբարձուհի եմ: Ունենք երկու տղա` Սամվելս ու Արմենս: Արմենս ունի երեք զավակ, տղայի անունը եղբոր անունով է կոչել` Սամվել: Սամվել թոռս հիմա ծառայում է մեր բանակում:

Սամվելս ունի երկու երեխա` Լուսինեն ու Դավիթը: Երկուսն էլ իրավաբան են: Դավիթս աշխատում է պաշտպանության նախարարությունում: Սամվելիս կինը` Նելլին, աշխատում է արտաքին գործերի նախարարությունում: Հրաշալի հարս ունեմ, հրաշալի մայր է, հրաշալի հայուհի: Ամեն ինչ արեց, որպեսզի Սամվելիս երեխաները կրթվեն, դառնան արժանավոր քաղաքացի: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նրան ի սրտե, բարեմաղթել առողջություն, որպեսզի Սամվելիս զավակներին հասցնի իրենց նպատակին:

Սամվել որդուս անունով թոռանս ցանկանում եմ բարի ծառայություն և բարի վերադարձ:

Պիտի ապրենք, ապրենք Սամվել որդուս հուշերով, որի կյանքը մի ասուպի նման անցավ, գնաց: Անգամ դժվարանում եմ որևէ մանրուք, մի դրվագ հիշել, առանձնացնել որդուս կյանքից: Սկզբում տնից ամեն ինչ` օճառից մինչև մուրաբա, հավաքում, տանում-հասցնում էր փախստականներին: Հետո, երբ սկսվեցին Հայաստանի, Արցախի սահմանային կռիվները, անդամագրվեց կամավորական ջոկատներին ու գնաց: Ասաց. «Գնամ, աչքովս տեսնեմ, զգամ՝ ինչ բան է կռիվը, որ գամ, լավ գրեմ»:

Խաբեց, գնաց…զոհվեց: Դա 1992-ի սեպտեմբերի 11-ն էր: Զոհվեց Գանձասարը պաշտպանելիս: Հետո իր օրագրում կարդացի. «Արդեն մթնում էր: Յոթ-ութ մետրից ինձ վրա կրակ բացած ադրբեջանցին ժայթքող մահացու կետ էր: Ինչ բառերով նկարագրեմ այդ պահի զգացումը, երբ թվում է, թե հաջորդ ակնթարթին անպայման զոհվելու ես: Այդ երկու-երեք վայրկյանը երբեք չեմ մոռանա: Մենք դեմառդեմ կրակում էինք, ամբողջ աշխարհը աչքիս մի սև զանգված էր ու այդ զանգվածի կենտրոնում թշնամու ավտոմատի կրակ հորդացող կետը: Հետո ադրբեջանցու կրակահերթը միանգամից մարեց-վերջացավ, ասես դանակով կտրվեց: Ես կրակել էի ուղիղ 30 փամփուշտ»..

ՇԵՆ ՕՋԱԽ

Բորա տատն այժմ 86 տարեկան է: Սարգիս պապի մահից հետո բնակվում է Մարտակերտի Հարությունագոմեր գյուղում: Չնայած տարիքին` տատը աշխույժ է, անընդհատ շարժման մեջ: Խստապահանջ է, նահապետական կարգ ու բարքով և հատկապես կանանց նկատմամբ: Եվ այդ խստության համար տատին «Բոևիկ» Բորա են ասում: Հանկարծ տղամարդը ներս մտնի, ու կին արարածը` լինի երեխա,դպրոցական, թե տարիքով, ոտքի չկանգնի… Բորա տատը նրան այնպես կդաստիարակի, որ հուր- հավիտյան չմոռանա: Բորա տատը ունի 4 երեխա: Երեխաներից հատկապես կապված էր Արկադյայի հետ: Երբ 1992-ի հուլիսի 8-ին Մարտակերտում զոհվեց Արկադյան, Բորա տատը իրեն չէր գտնում. «Արկադյան իմ երեխաների աչքն էր»,- անընդհատ կրկնում էր:

-Երբ լսվում էր հայրիկիս մեքենայի ձայնը, -վերհիշում է աղջիկը` Նախշունը,-մի սպիտակ, փոքրիկ շուն ունեինք, սկսում էր դարպասը չանգռել, հաչել, ու լսվում էր Բորա տատիս ձայնը. «Ոտքի՛, Արկադյան է գալիս»: Ու բոլորս ոտքի վրա էինք: Հայրս մայրապաշտ էր: Նրանից բոլորն էին ազդվում, զգաստանում, սակայն Բորա տատիս խոսքը օրենք էր իր համար: Համաձայն էլ չլիներ, միևնույն է, անում էր այն, ինչ ասում էր մայրը` իմ բոևիկ Բորա տատը:

Երբ ադրբեջանցիները գրավեցին Հարությունագոմերը, մեր տունը շտաբ էին դարձրել, և որոշված էր այն պայթեցնել: Իսկ հրետանու ղեկավարն ու կազմակերպիչը` գեներալ Ժորա Գասպարյանը, բոլորին հայտնի Գրադի Ժորան՝ մեր Քեռին (Բորա տատս ու Գրադի Ժորան երկու եղբոր՝ Սարգիսի եւ Սահակի երեխաներն են): Երբ ամեն ինչ որոշված էր, և պետք է գործեր հրետանին, լուրը հասնում է Բորա տատին.

-Ի՞նչ, իմ տունը Ժորան պայթեցնի՞…

Իսկ Քեռի Ժորան, լուրն առնելուն պես, կտրուկ հրաժարվում է կայացրած որոշումից ու չի թողնում որևէ մեկն անգամ այն իրագործի.

– Առանց այն էլ քույրս Արկադյայի նման տղա է կորցրել, հիմա էլ տո՞ւնը վերածվի փլատակների, համ էլ, գործ չունեք, Բորա քրոջս ձեռքից չեք ազատվի,- ասում է Քեռի Ժորան:

-Տանս ձեռք չտաք, թե կարաք էդ հարամներին, որոնք իրենց շնչով պղծեցին իմ օջախը, դուրս գցեք,- ասում է Բորա տատն իր եղբորը:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Հոգևոր-մշակութային


29/08/2013