Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՍԱԿՈՎ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՒ ՀԱՅԸ
ԻՍԱԿՈՎ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՒ ՀԱՅԸ

Հովհաննես (Իվան) Ստեփանի Իսակով (Տեր-Իսահակյան)
Ծնվել է 22. 08. 1894թ., Կարսի մարզի Հաջիքենդ գյուղում:
Մահացել է 11. 10. 1967թ. Մոսկվայում, թաղված է Նովոդևիչևյան գերեզմանատանը:
Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ (1955թ),
գիտնական, գրող, ռազմածովային
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1951 թ.),
ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967),
Խորհրդային Միության հերոս (7/05/1965թ)։

Սկիզբը` նախորդ համարում

«Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակը անմար պահելն է»
Հովհաննես Իսակով

Հայ զորահրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված իրապատում լեգենդները: Մեծ է նրա ավանդը խորհրդային նավատորմի` հատկապես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բալթյան և Սևծովյան նավատորմերի կազմավորման գործում: Ռազմական գործչից բացի, Իսակովը նաև գրող էր, գիտնական, քաղաքացի ու իր կյանքով դարձավ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մի պայծառ դրսևորում:

Հովհաննես Իսակով ծովակալի, խոշոր ռազմական գործչի, քաղաքացու, հայ մարդու և անհատականության ապրած կյանքի կարևոր և անգնահատելի մասն են կազմում նրա քաղաքացիական և գիտական համապարփակ գործունեությունն ու թողած անգնահատելի ժառագությունը:

Մեծ է նրա ավանդը ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու գործում:

1922թ. «Մորսկոյ սբորնիկ» հանդեսում լույս տեսան Իսակովի «Պայթեցնող խմբի աշխատանքը» և «Վիգրունդի մոտ» հոդվածները, որով հեղինակը վստահորեն մուտք գործեց ռազմագիտության տեսության և գիտական հետազոտությունների ասպարեզ:

1932-33 թթ. մասնակցեց Առաջին աշխարհամարտի պատմության փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու խմբագրմանը: Ռազմածովային մասնագետների շրջանում մեծ համբավ են վայելում հատկապես «Ճապոնացիների օպերացիան Ցինդաոյի դեմ 1914-ին», «Ծովափնյա ամրոցները», «Գերմանական ռազմավարության ավանտյուրիզմը» և այլ աշխատություններ, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: Իսակովը մասնակցել է նաև ՌԾՈւ-ի մարտական կանոնագրքերի մշակմանը, 1932-ին ստացել պրոֆեսորի կոչում: Այս տարիներին Հովհաննես Իսակովը մեծ ժամանակ էր հատկացնում ռազմածովային տակտիկաների և ստրատեգիաների մշակմանը, որոնք, ի դեպ, մեծապես կիրառվեցին նացիստական Գերմանիայի դեմ պայքարում: 1937թ. պաշտպանելով գիտական թեզը` Իսակովն ստացավ ռազմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, հետագայում արժանացավ բազմաթիվ մրցանակների ու պարգևների:

Հետպատերազմյան տարիներին զբաղեցրած բարձր պաշտոնները, սակայն, մեծ ծովակալին չխանգարեցին ծավալելու գիտական ու գրական բեղմնավոր գործունեություն:

1946թ. նրան շնորհվեց ռազմածովային գիտությունների դոկտորի, իսկ հաջորդ տարի` պրոֆեսորի կոչում: 1958թ. Հովհաննես Իսակովն ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ապա ԽՍՀՄ ԳԱ օվկիանոսագիտության կոմիտեի անդամ, իսկ 1967-ին` ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ:

1947թ. նա ընտրվեց ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության անդամ, ապա ե՛ւ որպես խմբագրական խորհրդի նախագահ, ե՛ւ պատասխանատու խմբագիր անգնահատելի մասնակցություն ունեցավ նավագնացաաշխարհագրական, ֆիզիկաաշխարհագրական և ռազմապատմական հարցերին նվիրված եռահատոր «Ծովային ատլասի» կազմման ու հրատարակման գործին, որի առաջին հատորի կազմման համար նա 1951թ. արժանացավ ԽՍՀՄ Պետական մրցանակի:

Մեծ ծովակալը եղել է ԽՍՀՄ Պետական և Լենինյան մրցանակների կոմիտեի երկրաբանության և աշխարհագրության հանձնաժողովի անդամ (1958-67 թթ.), Ռազմածովային գիտությունների գծով բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, Խորհրդային մեծ հանրագիտարանի ռազմածովային գործի խմբագիր-խորհրդական, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների կոմիտեի երկրաբանության և աշխարհագրության հանձնաժողովների (1958-67), Օվկիանոսագիտական հանձնաժողովի պատվավոր անդամ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1955), Մեքսիկայի ռազմական հետազոտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1958):

Երկար տարիներ նա ԽՍՀՄ ԳԱ նախագահությանը կից օվկիանոսագրության հանձնաժողովի և «Պրոմեթևս» պատմակենսագրական ալմանախի խմբագրական կոլեգիայի անդամ էր: Իր փառահեղ կենսագրության ընթացքում ծովակալ Իսակովն արժանացել է բազմաթիվ շքանշանների և մեդալների, կառավարական բարձր պարգևների և մրցանակների, պարգևատրվել է նաև այլ երկրների բազմաթիվ շքանշաններով:

Հետագայում Հովհաննես Իսակովը ռազմածովային գործին զուգընթաց զբաղվեց նաև ռազմատեսական ու ռազմապատմական հարցերով: Գրել է ռազմածովային թեմայով 250-ից ավելի պատմվածքներ, ուսումնասիրություններ առաջին հայ ծովակալ Լազար Սերեբրյակովի (Ղազար Արծաթագործյան), ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին, ինչպես նաև «Հայ ծովայինները Հայրենական մեծ պատերազմում» աշխատությունը: Ցավոք, նրա մի շարք գործեր, այդ թվում նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի մասին պատմվածքը, առողջական վիճակի վատթարացման պատճառով անավարտ մնացին:

Ծովակալի մասին գրվել են գրքեր, ակնարկներ, ստեղծվել են նկարներ, փաստագրական ֆիլմեր:

Իսակովի անունով են կոչվել Ռուսաստանի Դաշնության ՌԾՈւ-ի մի հածանավ, ստորջրյա լեռ Խաղաղ օվկիանոսում, փողոցներ ՀՀ և ԼՂՀ քաղաքներում` փողոց Ստեփանակերտում, պողոտա և թիվ 132 դպրոցը Երևանում: Երևանի համանուն պողոտայում կանգնեցվել է ծովակալի արձանը: Մոսկվայի Սմոլենսկյան 5/13 շենքում, որտեղ բնակվել է նա, փակցված է հուշատախտակ: Նամակները երբեմն ստորագրել է «Հովհաննես Իսահակյան»: Մկրտության անունը եղել է Հովհաննես Տեր-Իսահակյան:

Հետաքրքիր է, թե այդ զարմանալի մեծ հայն ու մեծ ծովակալը ինչպիսի անսովոր երազանք է ունեցել. դառնալու ծովերի տիրակալ, երբ ինքը ծնվել էր մի երկրում, որը ծով չուներ: Ի՞նչ երազանք էր դա, թերևս նրա մեջ խոսում էր իր ժողովրդի հնագույն պատմությունը, որտեղ ծովեր կային, որտեղ կար նավատորմ և բնականաբար նավատորմները ղեկավարող ծովակալներ: Եվ բոլորովին պատահական չէ, որ հայոց լեզուն իր մեջ ամփոփում է նավի և նավագնացության բոլոր անունները հայերենով:

Իր ժամանակի մեծագույն զորավարներից ու ռազմավարներից ԽՍՀՄ պաշտպանության նախարար, մարշալ Գեորգի Կոստանտինովիչ Ժուկովն իր հուշերում Հովհաննես Իսակովին անվանել է «տաղանդավոր, նախաձեռնող և ուժեղ կամքի տեր ծովակալ»:

«Ես անկեղծորեն խոնարհվում եմ նրա ազնվության, առաքինության, հոգու հարստության առջև: Բարոյական վսեմ արժանիքներ, բյուրեղյա ազնվություն, խորհրդային մարդկանց երջանկության համար անձնվիրաբար պայքարի մեջ նետվելու անհողդողդ ձգտում. ահա Իվան Ստեպանովիչի ամենահատկանշական գծերը»,- այսպես է բնութագրել Իսակովին իր մարտական ընկերն ու մեծանուն հայը` մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

***

Մեծ ծովակալի կերպարն ու մարդկային դիմագիծն ամբողջացնելու համար ձեզ ենք ներկայացնում նաև լրագրող Անահիտ Գրիգորյանի՝ ժամանակին գրառված երեք փոքրիկ, բայց բնութագրական պատմությունները.

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ

Իսակովի մերձավորներից մեկը` գրող Սերգեյ Սմիռնովը, պատմում է. Խաղաղության առաջին տարվա ձմեռն էր. հաշմանդամի սայլակին հայտնված Իսակովը կենտրոնացած աշխատում էր, ի մի բերում անցած պատերազմի փորձը: Մտորումներից նրան կտրեց հեռախոսի անսպասելի զանգը, որը գիշերվա լռության մեջ է՛լ ավելի զիլ հնչեց. երեքն անց քսան էր: Իսակովին Ստալինն էր կանչում: Երկրի զինված ուժերի զարգացման մասին ընդհանուր քննարկումից հետո հարցը հասավ ռազմածովային խնդիրներին: Գլխավոր քարտուղարի հարցն անսպասելի էր.

– Ընկե՛ր Իսակով, ի՞նչ կասեք, եթե Ձեզ նորից նշանակենք Գլխավոր ծովային շտաբի պետ:

– Ընկե՛ր Ստալին, – պատասխանեց Իսակովը, – ոտքիցս զրկվել եմ, դժվարանում եմ նավեր բարձրանալ:

Ստալինը խոժոռվեց.

– Ավելի լավ է այդ պաշտոնին մեկ ոտքով, բայց գլխով մարդ ունենալ, քան երկու ոտքով ու անգլուխ: Պետք չէ՛ շնորհակալություն հայտնել վստահության համար` մենք Ձեզ վստահում ենք:

ՈՉ ԹԵ ԱՆԱՌԱԿ, ԱՅԼ ԻՍԿԱԿԱՆ ՈՐԴԻՆ

1953 թ.-ի աշնան մի օր Հայաստանի մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ Աշոտ Հովակիմյանը Մոսկվայից նամակ ստացավ. նավատորմի ծովակալ Իսակովը հոկտեմբերի սկզբին պատրաստվում էր կնոջ հետ գալ Երևան: Սա նրա առաջին այցն էր Հայաստան: Ամուսինները ժամանեցին գնացքով: Վագոնից իջավ հենակներով և քաղաքացիական հագուստով բարձրահասակ տղամարդ: Հաջորդ օրը ծովակալը եղավ Մատենադարանում, որտեղ ծանոթացավ Ավետիք Իսահակյանի ու Մարտիրոս Սարյանի հետ: Այցելեց Էջմիածին` հանդիպելու Գևորգ Զ կաթողիկոսին: Առաջինը Իսակովը խոսեց.

– Որպես հայ ազգի անառակ որդի` չէի կարող չգալ Էջմիածնի Մայր տաճար: Շնորհակալ եմ Ձեզ և բոլոր նրանց, ում շնորհիվ իրականացավ այս հանդիպումը:

– Սիրելի՛ ծովակալ, հաշվի առնելով, որ ինձ հյուր եք եկել, ինձ թույլ կտամ խոսելու մեր երկուսին հարազատ հայերենով և կխնդրեմ, որ անհրաժեշտության դեպքում թարգմանեն: Առաջին հերթին ուզում եմ նշել, որ Դուք հայ ազգի ոչ թե անառակ, այլ իսկական որդին եք, – պատասխանեց կաթողիկոսը:

«ԻՄ ՄԻԱԿ ԴԵՂԸ»

Ծանր վիրահատությունն ուժեղ հարված հասցրեց ծովակալի առողջությանը: Իսակովի բժիշկ Տատյանա Լեբեդևան պատմում էր, որ սովորաբար, երբ ոտքի գրեթե չդադարող ցավը տեղի էր տալիս, Իսակովը միանգամից անցնում էր գործի: Երբ փորձում էին արգելել, պատասխանում էր՝ «Եթե դեղերն անզոր են, ինձ, խնդրում եմ, աշխատանքի մեծ չափաբաժին տվեք. դա է իմ միակ դեղը»:

ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ,
ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական,
ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի
շքանշանակիր