Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԳԱՀԸՆԿԵՑ Է ԱՐՎՈՒՄ ՇԱՀԸ…



ԼԻԲԻԱԿԱՆ ԴԻՆԱՐ

Թեև Լիբիայի արևելյան մասի հազարավոր բնակիչները ցույցեր էին անում, սակայն շարունակում էին օգտագործել իրենց երկու նախկին առաջնորդների պատկերով թղթադրամները: Մեկին նրանք ատում էին, իսկ մյուսին` սիրում: 1 դինարանոցից մեզ է նայում երիտասարդ Մուամմար Քադդաֆին, իսկ 10-անոցից` հակագաղութային դիմադրության առաջնորդ Օմար ալ-Մուխտարը:

Մուխտարը 20-րդ դարի սկզբին գլխավորել է գաղութարարների դեմ պայքարը և մահապատժի ենթարկվել իտալական իշխանությունների կողմից 1931թ.: Դրանից հետո նա դառնում է լիբիական ապստամբության խորհրդանիշը երկրի արևելյան մասում` Կիրենաիկեում: Այս պահին լիբիացիները դեռ շարունակում են օգտվել Քադդաֆիի ժամանակների դրամներից, սակայն իշխանությունները հաղորդում են, որ շուտով թողարկելու են նոր թղթադրամներ` առանց Քադդաֆիի պատկերի:

ՍԻՐԻԱԿԱՆ ՖՈՒՆՏ

Սիրիական նախկին 100-ֆունտանոց թղթադրամի վրա պատկերված էր Սիրիայում ծնված հռոմեական կայսր Ֆիլիպ Արաբը, որը խաղաղության պայմանագիր էր ստորագրել նախաիսլամական Պարսկաստանի հետ: Մի բան, որ վկայում է Սիրիայի և Իրանի պատմության ընդհանրությունների մասին, որոնք արմատներով գնում են դարերի խորքը: Ֆիլիպից ձախ պատկերված է Բոսրայի թատրոնը: Այն շատ լավ պահպանվել է մինչ օրս և համարվում է հռոմեական ինժեներական մտքի հրաշք:

Բաշար Ասադից առաջ 1000-ֆունտանոց թղթադրամի վրա պատկերված էր նրա հոր` Հաֆեզ ալ-Ասադի նկարը:

Սիրիական ֆունտն արժեզրկվեց 2011թ. մարտին ապստամբությունն սկսվելուց հետո, իսկ այն տպագրող ընկերությունը, որը Ավստրիայի կենտրոնական բանկի բաժանմունքն էր, ստիպված էր հրաժարվել տպագրելու պատվերից, քանի որ Եվրամիությունը պատժամիջոցներ էր մտցրել Ասադի ռեժիմի դեմ: Հաղորդվում է, որ այսօր սիրիական ֆունտը թողարկում է ռուսական պետական ընկերությունը:

ԻՐԱՔՅԱՆ ԴԻՆԱՐ

25-դինարանոց թղթադրամի վրա պատկերված է Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնը: Թղթադրամի վրա ԲԱԱՍ կուսակցությունը փորձել է ընդգծել նաև իր հին թշնամությունը հարևան Պարսկաստանի հետ` պատկերելով արաբ ռազմիկներին, որոնք ոչնչացնում են թշնամի պարսիկներին Կադիսի ռազմաճակատում: Հուսեյնը օգտագործել է Կադիսը որպես ժամանակակից Իրանի նկատմամբ իր անթաքույց ատելության խորհրդանիշ:

Փորձելով ժողովրդական հիշողությունից և առօրյա կյանքից ջնջել Սադդամ Հուսեյնի կերպարը, Իրաքի ժամանակավոր կառավարությունը իրաքյան նոր դինար է թողարկել, սակայն այն շատ անպաշտպան է: Իսկ սա էլ դինարի ձևավորման` ինչ-որ մեկի գաղափարն է:

ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՄԱՆԱԹ

Թուրքմենական բոլոր թղթադրամների վրա պատկերված էր Թուրքմենստանի նախկին նախագահ Սապարմուրատ Նիյազովի կերպարը, որն աշխարհին հայտնի է Թուրքմենբաշի (բոլոր թուրքմենների հայր) անունով:

Երբ Նիյազովը 2006թ. դեկտեմբերին մահացավ, նոր նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամեդովը շրջանառության մեջ դրեց նոր թղթադրամներ: Այժմ արդեն դրամների վրա պատկերված են թուրքմենական էպոսի կերպարները և օտարերկրացիների կողմից ժամանակակից Աշքաբադում կառուցված ճարտարապետական հուշարձանները:

ԱՖՂԱՆԱԿԱՆ ԱՖՂԱՆԻ

1992թ. Աֆղանստանում իշխանության գալով` իսլամիստները սկսեցին աֆղանական հասարակությունից դուրս քշել այն, ինչը դիտվում էր իբրև շարիաթի խախտում: Խոսքը մարդուն պատկերելու մասին է: Սա շատ հարմար պատրվակ էր մարդկանց հիշողությունից պետության նախկին ղեկավարների դեմքերը ջնջելու:

Աֆղանստանի բանկի 1993թ. թողարկած առանց մարդկանց պատկերների թղթադրամները լրիվ համապատասխանում էին թալիբների կառավարության պատկերացումներին, որոնք իշխանության եկան 1996-ին` հեռացնելով նախագահ Ռաբբանիին:

10000-անոց աֆղանիի վրա (որը 2002-ից դարձել է 100 աֆղանի) պատկերված է Գիլմենդ նահանգի մայրաքաղաք Լաշկարգահում գտնվող Կալա-Բոստ կամարը: Այն 11-րդ դարի կառույց է և համարվում է Ղազնեվիների ժամանակաշրջանի ճարտարապետության գլուխգործոց:

Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Պատմության էջերից, Ռազմաքաղաքական


29/08/2013