Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍԱԿՈՎ ԾՈՎԱԿԱԼՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ



Հովհաննես (Իվան) Ստեփանի Իսակով (Տեր-Իսահակյան)
Ծնվել է 22. 08. 1894թ., Կարսի մարզի Հաջիքենդ գյուղում:
Մահացել է 11. 10. 1967թ. Մոսկվայում, թաղված է Նովոդևիչևյան գերեզմանատանը:
Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ (1955թ),
գիտնական, գրող, ռազմածովային գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1951 թ.),
ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967),
Խորհրդային Միության հերոս (7/05/1965թ)։

Հովհաննես Իսակովը 1913թ. ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ, իսկ 1917թ. մեկնել է Պետրոգրադ և ընդունվել ծովային դպրոց: Ավարտելով` ստացել է սպայի կոչում: Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթյան նավատորմում` «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ» ռազմանավերի վրա:

1918 թվականից մինչև Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերի, իսկ 1920թ. տեղափոխվել է Կասպից ծով և նշանակվել «Դյատելնըստ» հեծելավաշտային ականակրի հրամանատար:

1921-ին նշանակվել է Բալթիական նավատորմի «Իզյասլավ» ականակրի հրամանատար:

1922-23թթ. ղեկավարել է Սև ծովի կապի և հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը:

1922-27 թվականներին ծառայել է Սևծովյան նավատորմում. եղել է «Կորֆու» ականակրի հրամանատար, ապա` նավատորմի շտաբի օպերատիվ բաժնի պետ, ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ:

1928թ. Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները:

1929 թվականին նշանակվել է բանվորագյուղացիական Կարմիր բանակի գլխավոր շտաբի ծովային բաժնի պետ:

1932 թվականից Իսակովը դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել է միևնույն ուսումնական հաստատությունում:

1937 թվականին նշանակվել է Բալթիական նավատորմի հրամանատար, հաջորդ տարի ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում և նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար:

Երկրոդ Աշխարհամարտի ժամանակ Հովհաննես Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը:

1938-46թթ. ԽՍՀՄ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) շտաբի պետն էր, ռազմածովային ուժերի ժողկոմի տեղակալը, ապա` առաջին տեղակալը (1938-39թթ-ին համատեղել է ռազմածովային ավիացիայի պետի պաշտոնը):

Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ համակարգել է Բալթիական նավատորմի և Կարմիր բանակի գործողությունները: 1940թ. ստացել է ծովակալի կոչում:

1937-46թթ. եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր:

Հայրենական մեծ պատերազմի սկզբում նշանակվել է Հյուսիսարևմտյան ռազմաճակատի զինվորական մարմնի անդամ:

Մեծ հայրենականի առաջին` հուլիս-հոկտեմբեր ամիսներին Իսակովը որպես գլխավոր հրամանատարի տեղակալ ու հյուսիսարևմտյան ուղղության զինվորական խորհրդի անդամ ղեկավարում էր բանակի ու նավատորմի համագործակցությունը Մերձբալթիկայի, ապա Լենինգրադի պաշտպանության ժամանակ, մասնակցում Օսինովեցի բազայի ստեղծման, Լադոգա լճում դեսանտի պատրաստման աշխատանքների ղեկավարմանը: Մեծ է նրա դերը Լադոգայի, Օնեգայի, Չուդական և Իլմենյան ռազմական նավակազմերի, «Կյանքի ճանապարհի» ստեղծման, ինչպես նաև Շլիսելբուրգի պաշտպանության կազմակերպման գործում:

Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը հետագայում կվերհիշի. «Ռազմածովային ուժերի տեղակալս Իվան Ստեփանովիչ Իսակովն էր: Խորապես համոզված եմ, որ նա Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ակնառու և տաղանդավոր հրամանատարներից էր: Բալթիկայի նավատորմի հրամանատարի հետ նա Լենինգրադյան ռազմաճակատի ամրապնդման համար կազմավորեց ծովային հետևակի բրիգադներ: Ծովակալ Իսակովն ու հրետանու հրամանատար գեներալ Սվիրիդովը ռեկորդային կարճ ժամանակում կազմակերպեցին բանակի և նավատորմի հրետանու համագործակցությունը` մշակելով լավ մեթոդներ հատկապես հակամարտկոցային կրակի համար»:

Հովհաննես Իսակովը 1942 թվականին նշանակվեց Հյուսիսկովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարի տեղակալ և մեծ մասնակցություն ունեցավ Բալթիական և Սևծովյան ռազմական նավատորմների մարտական գործողությունների պլանների մշակման, ծովափնյա պաշտպանության կազմակերպման, ցամաքային զորքերի գործողություններին օժանդակության ցուցաբերման և նրանց տարհանման աշխատանքների ղեկավարմանը: Շլիսելբուրգի պաշտպանության ընթացքում Իսակովը ցնցակաթված ստացավ ու ընդմիշտ կորցրեց ձախ ականջի լսողությունը:

Հոկտեմբերի 24-ին կանգնեցվեց հակառակորդի առաջխաղացումը Լենինգրադի ուղղությամբ: Այդ ժամանակ միայն ծովակալին կանչեցին Մոսկվա` ստանձնելու Գլխավոր ծովային շտաբի պետի պարտականությունները: Իսակովը Մոսկվայում երկար չմնաց. շուտով նրան ուղարկեցին հարավ` օգնելու Կերչ-Թեոդոսիայի օպերացիայի կազմակերպմանը: 1942-ի ապրիլին նա նշանակվեց ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսին` Անդրկովկասյան ճակատի ռազմական խորհդի անդամ: Իսակովի խնդիրն էր Սևծովյան նավատորմի, ազովյան ու կասպյան նավակազմերի գործողությունների և ռազմաճակատային օպերացիաների համակարգումը, որը փայլուն իրականացնելով դարձավ Կովկասի պաշտպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը:

1942-ի հոկտեմբերի 4-ին, երբ գերմանական զորքերը, անցնելով հակահարձակման, սկսեցին առաջանալ Տուապսե քաղաքի ուղղությամբ, Իսակովը մեկնեց ճեղքված ռազմաճակատ: Գոյթխի լեռնանցքի մոտ երկնքում հայտնվեցին ֆաշիստական ռմբակոծիչները, որոնք սովորաբար ռմբակոծում էին նավահանգիստն ու քաղաքը, բայց այս անգամ էսկադրիլիան թեքվեց մայրուղու ուղղությամբ: Ավիառումբի բեկորը շուտով մխրճվեց ծովակալի աջ ոտքը, որը, ի վերջո, անդամահատեցին, սակայն որպես հայրենիքի իսկական պաշտպան, արդեն 1943-ի մայիսին ծովակալը, ցուցաբերելով աներևակայելի կամք, վերադարձավ շարք` ստանձնելու ՌԾՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը և մասնակցելու մի շարք կարևոր ռազմական օպերացիաների մշակմանն ու իրագործմանը:

1944թ. մայիսի 31-ին նրան շնորհվեց Խորհրդային Միության նավատորմի ծովակալի կոչում:

Հովհաննես Իսակովը 1947-50թթ. եղել է ԽՍՀՄ ՌԾՆ գլխավոր հրամանատարի տեղակալ, 1950-56թթ.` ՌԾՆ նախարարի տեղակալ, 1958թ.-ից` պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ:

Շարունակելի

ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ,
ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական,
ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ»
շքանշանակիր

Խորագիր՝ #33 (1000) 22.08.2013 – 28.08.2013, Պատմության էջերից


22/08/2013