Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԻ, ԹԵ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ԾԱՌԱՅՈՒՄ»



ԼՂՀ ՊԲ պաշտպանական շրջանի այս զորամասը հարուստ պատմություն ու ձևավորված ավանդույթներ ունի։ Այն 1992թ. կազմավորել է լեգենդար հրամանատար, ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն։ Այնուհետև զորամասի հրամանատարությունն ստանձնել է այժմ արդեն ԼՂՀ պաշտպանության նախարար, ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը… Փառավոր մարտական ճանապարհ է անցել զորամասը։

Այսօր էլ ավանդույթները պահպանվում են, ակնհայտ են նաև վերջին տարիների ձեռքբերումները. 2011թ. զորամասը ՊԲ-ում եղել է լավագույնը, իսկ 2012թ. ՊԲ-ում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի միջև ճանաչվել է լավագույնը։

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գ.Գաբրիելյանը, որ իր զինվորական կենսագրությունն սկսել է 17 տարեկանից ու դեռ դպրոցը չավարտած՝ զորակոչվել է պաշտպանելու հայրենի Արցախը, վայելում է զինվորների ու ծառայակիցների հարգանքը և վստահությունը։ ՌԴ Ֆրունզեի անվան համազորային ակադիմիան գերազանցությամբ ավարտելուց հետո տարբեր զորամասերում պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, 2013թ. փետրվարից նրան է վստահվել այս զորամասի հրամանատարությունը։

Նորակոչիկների հետ տարվող աշխատանքի, մարտական հերթապահության, զինվոր-սպա հարաբերությունների, բանակում կանանց ներգրավվածության և մի շարք այլ հարցերի շուրջ է մեր զրույցը զորամասի հրամանատար, փոխգնդապետ ԳԵՂԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ։

-Պարո՛ն հրամանատար, առաջնագծում ծառայող զինվորի ու սպայի համար ո՞րն է գլխավոր խնդիրը։

-Անառիկ պահել իրեն վստահված սահմանային հատվածը, ցանկացած պահի պատրաստ լինել հակառակորդի հարձակմանը, հետ մղել նրան։

-Այսօրվա նորակոչիկը՝ 18 տարեկան պատանին, որ մեկ ամիս առաջ դեռ դպրոցական նստարանին էր, հոգեբանորեն պատրա՞ստ է դրան` այդ ծանր ու պատասխանատու՝ հատկապես առաջնագծում ծառայելու առաքելությանը։

– Ինձ էլ բանակ են զորակոչել դպրոցից։ Ինչ վերաբերում է զորակոչվող տղաներին, ապա փաստ է, որ 2013թ. այս զորակոչի տղաները և՛ լավ գիտելիքներով, և՛ ֆիզիկապես ու առողջական տվյալներով տարբերվում են նախորդ տարիների նորակոչիկներից։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ արդեն բանակ է զորակոչվում պատերազմից հետո ծնված սերունդը, որը քիչ թե շատ բարեկեցիկ պայմաններում է մեծացել:

Ասեմ նաև, որ մինչ առաջնագծում ծառայելը, զորակոչիկները նախ 6 ամիս նախապատրաստական գումարտակում են գտնվում, որտեղ նրանք անհատական ու մասնագիտական պատրաստության պարապմունքներ են անցնում։

-Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ ճիշտ կլինի, եթե նրանց հետ ժամանակ առ ժամանակ նաև հոգեբաններ աշխատեն։

– Հոգեբանի հաստիք զորամասերն ունեն: Մեզ մոտ էլ ունենք սպա-հոգեբան։ Սակայն հիմնականում նրանք չունեն ռազմական հոգեբանի կամ ընդհանրապես հոգեբանի լուրջ հմտություններ։ Եթե քաղաքացիական հաստիք լիներ, օգուտն ավելի շատ կլիներ։ Կարող էինք այդ հաստիքում նշանակել միջինից բարձր տարիքի մեկին, որը համապատասխան կենսափորձ և մասնագիտական գիտելիքներ կունենար՝ զինվորի հետ մտերմիկ զրուցելու… Իսկ երիտասարդ լեյտենանտը շատ դեպքերում հենց ինքը նմանատիպ զրույցների կարիք ունի։ Այո՛, լավ հոգեբանների անհրաժեշտություն կա։

-Հատկապես ի՞նչ աշխատանքներ են տարվում զինվորների հայրենասիրական ոգին ու պատասխանատվության զգացումը բարձրացնելու համար։

-ԼՂՀ ՊԲ հրամանատարն այդ նպատակի համար մշակել է հատուկ աշխատակարգ, կարգացուցակ։ Առաջին պահին, երբ նորակոչիկը հասնում է զորամաս, հրամանատարը պարտավոր է բոլորին ձեռքով բարևել ու ասել՝ բարով ես եկել, տղա՛ ջան, մեր զորամաս։ Մինչև զինվորական համազգեստ հագնելը արգելվում է նրան հրամաններ տալը։ Հետո համազգեստ է ստանում, ծանոթանում է զորամասի մարտական ուղուն, պատերազմական օրերի սխրանքներին, ովքեր են եղել մեր հրամանատարները… Այնպես ենք անում, որ հենց առաջին օրվանից նորակոչիկը զգա, որ եկել է հարազատ օջախ։ Ու հետո շատերն են ասում՝ մենք չէինք պատկերացնում, որ մեզ կարող էին այսպես ընդունել։

Աշխատում ենք, որ ոգևորվեն, գիտակցեն, որ սա մեր հարազատ հողն է, որի համար արյուն են թափել մեր եղբայրները, հայրերը, ընկերները, և որը հիմա մենք ենք պարտավոր պաշտպանել։

-Շատ է խոսվում, թե նորակոչիկներից ոմանք հասարակության անառողջ բարքերն իրենց հետ բերում են բանակ…

-Նրանք չեն կարող այդ բարքերը տարածել զորքերում, քանի որ բանակի հրամանատարության առջև հատուկ խնդիր է դրված՝ ով էլ լինի զինակոչիկը, ինչ միջավայրում մեծացած կամ դաստիարակված, մեկ է, բանակի առողջ կոլեկտիվում անպայման պետք է վերափոխվի և 2 տարի հետո, որպես հասարակությանը պիտանի և հայրենասեր մարդ, վերադառնա։

-Պարոն հրամանատար, իրականացված փոփոխությունների արդյունքում այժմ մարտական հերթապահություն կատարող զինվորը 4 ժամ է հանգստանում նախկին 2-ի փոխարեն: Ի՞նչ կտա այս փոփոխությունը, արդյոք դրանից իսկապես էլ կբարձրանա՞ զինվորների մարտունակությունը։

-Անշո՛ւշտ։ ՊԲ-ն ավելացրել է դիրքերի անձնակազմի քանակը, ինչի արդյունքում զինվորի հանգստի և հերթապահության ժամերը հավասարվել են։ Հիմա մարտական հերթապահություն իրականացնող զինվորը հնարավորություն ունի 12 ժամ հանգստանալու, որից 8 ժամը նա քնում է։ Այս ամենը կանոնակարգված է, և դրական փոփոխությունն արդեն իսկ ակնհայտ է։

-Պարոն Գաբրիելյան, Դուք ընդունել եք այնպիսի զորամասի հրամանատարություն, որը նախորդ երկու տարիների արդյունքում լավագույնն է եղել, ի՞նչ ձեռքբերումներ ունեք այս տարի։

-Մենք աշխատում ենք գիշեր-ցերեկ, որպեսզի պահպանենք և ուժեղացնենք նախկին ձեռքբերումները, ինչը շատ դժվար է։ Ինձ համար, մի կողմից, լավ է, որ ընդունել եմ ՊԲ լավագույն զորամասի հրամանատարությունը, սակայն, մյուս կողմից էլ, պետք է կարողանամ պահել այդ բարձր պատիվը։ Ուստի ոչ միայն ես, այլև ողջ անձնակազմը ջանք ու եռանդ չենք խնայում պահպանելու մեր նվաճումները և հասնելու նոր հաջողությունների։

Զրուցեց ԳՈՀԱՐ ՓԻԼԹՈՅԱՆԸ
Լուսանկարը՝ հեղինակի

Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Բանակ և հասարակություն


08/08/2013