Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
402 ՍՊԱՆԵՐ ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ
402 ՍՊԱՆԵՐ ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ

Հուլիսի 27-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կայացավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների 15-րդ հոսքի սպայական վկայականների հանձնման և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, շրջանավարտների ու կուրսանտների հարազատներ:

Խորհրդանշական է, որ 402 նորաթուխ սպաները պաշտպանության նախարարից և բարձրաստիճան սպաներից իրենց ավարտական վկայականները և «Լեյտենանտ» կոչումներն ստացան «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ, ինչը պարտավորեցնում է զինված ուժերի շարքերը համալրող սպաներին ծառայության ընթացքում բարձր պահել հայ սպայի պատիվն ու արժանապատվությունը:

Երիտասարդ սպաներին իր վերջին խորհուրդները տվեց Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը՝ նշելով. «Այն, որ դուք բոլոր մասնագիտություններից ընտրել եք հայրենիքի պաշտպանի պատվաբեր ու չափազանց դժվարին մասնագիտությունը, վկայում է, որ մեր հայրենիքը Ձեր անհրաժեշտությունն ունի»:

Այնուհետև Վ.Սարգսյանի անվան ռազմական, մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտների, ինչպես նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներն ստացան սպայական վկայականներ: Շրջանավարտների հետագա զինվորական ծառայությունը օրհնեց ազգային բանակի հոգևոր սպասավոր Տեր Ենոք քահանա Եսայանը:

Հայկական բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Երրորդ հազարամյակում արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար hայրենիքին անմնացորդ նվիրումից զատ, Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նաև բանիմաց սպայակազմ»:

Պաշտպանության նախարարն ընդգծեց նաև, որ այսօր ժողովրդի համար մեծ տոն է «մեր պապերի և հայրերի հիշատակը հավերժացնող խորհրդանշական վայրում` «Հաղթանակ» զբոսայգում, հայ սպաներն ավարտական արարողության են մասնակցում: Ասել է թե` նրանք նաև պարտավորվում են մեր մեծերի, մեր պապերի ու ծնողների առջև, որ շարունակելու են նրանց գործը: Նրանք հաստատակամ քայլերով պետք է լրացնեն այն մեծ զորավարների կազմը, որ մենք ունեցել ենք ոչ միայն հայկական բանակում, այլ նաև խորհրդային և մի շարք արտասահմանյան բանակներում»,- ասաց նախարարը և հավելեց, որ օրը խորհրդանշական է նաև իր համար, քանի որ «30 տարի առաջ ես ևս լեյտենանտի կոչում եմ ստացել և ապրել նույն հուզմունքը»:

Սեյրան Օհանյանը նորաթուխ սպաներին մաղթեց նաև ռազմաուսումնական հաստատություններում ստացած գիտելիքների գործնական կիրառում: Նա շեշտեց, որ սպաները իրենց նվիրումով և ծառայությամբ պետք է վերացնեն բանակում դեռևս առկա որոշ թերությունները: Եվ ամենակարևորն այն է, որ` «որքան երիտասարդ հասակում հաղթահարեն ծառայության դժվարությունները, այնքան ավելի արագ առաջ կգնան ծառայողական աստիճաններով»,- շեշտեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հավելելով, որ յուրաքանչյուր լեյտենանտ պետք է ձգտի գեներալ դառնալ:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասաց, որ տեսնելով մեր երիտասարդ սպաներին` ինքը հուզմունքի պահեր է ապրում ու նաև հպարտություն, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն այսօր մի այնպիսի աստիճանի են հասել, որ արդեն իսկ մեր սեփական ռազմաուսումնական հաստատությունները բավական բարձրակարգ, բարձր գիտելիքներով, պատրաստվածությամբ, համապատասխան հմտություններով և ունակություններով օժտված երիտասարդ, նվիրված սպաներ են պատրաստում, որոնք պետք են ոչ միայն բանակին, այլ նաև մեր հասարակությանը»:

Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ