Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

Ազգային բանակի մարտունակության է՛լ ավելի ամրապնդման նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ հուլիսի 23-ին և 24-ին աշխատանքային շրջայց կատարեց բանակային զորամիավորումների ենթակա մի շարք զորամասեր:

Այցի նպատակներից էին նաև զորքերում կարգապահության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների շրջանակներում զինծառայողների ծառայական պարտականություններին, զորանոցային կյանքին, կատարված բազմաթիվ շինարարական աշխատանքներին անմիջականորեն ծանոթանալը, ինչպես նաև զորամիավորումների և զորամասերի անձնակազմերի հետ հանդիպումը, ներկա մարտահրավերների պայմաններում հայոց բանակի զինծառայողներից պահանջվող զինվորական կանոնադրության դրույթներին, նախարարի հրամաններին ու ցուցումներին հետևելն ու դրանցով անվերապահորեն առաջնորդվելը: Պաշտպանության նախարարին դիմավորեցին զորամիավորումների ու զորամասերի հրամանատարները:

Առաջին կանգառը գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում էր, որի ենթակայությամբ գործող և գնդապետ Կ. Դավթյանի և փոխգնդապետ Ա. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասերում տեղի ունեցան ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում զինվորները սահմանված ժամկետում վարժ ու հստակ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները:

«Հրաձգային զենքի քանդում-հավաքում` փակ աչքերով» վարժությունը դիտելուց հետո Սեյրան Օհանյանը խոսեց զինվորական կանոնադրությամբ նախատեսված գործնական պարապմունքներն ավելի պարզ, մատչելի ու կիրառական դարձնելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես` ուսուցանող սպաներից մեկին հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք նախորոշված չափանիշներից դուրս ստեղծագործական մոտեցում ցուցաբերել տվյալ պարապմունքի մեթոդիկան առավել կատարելագործելու համար: Նախարարը հաճելիորեն զարմացավ ոչ միայն հայոց բանակի սպայի պատրաստակամությունից, այլև շարային պատրաստության մի քանի նոր տարրերի հրահանգավորումից հետո նման վարժություններ երբեք չկատարած զինվորների արագ ընդօրինակման գործողություններից:

«Հոգեբանական արգելքի հաղթահարում» ցուցադրական պարապմունքի ընթացքում տպավորիչ էին ինչպես մարտիկների՝ հակագազով թաքստոցներից խումբ-խումբ և աննկատ դուրս գալը, ծխաքողարկված տարածքով ու բարդ արգելապատնեշների միջև մանևրելով անցումները, այնպես էլ բաց դաշտում հակագազերը նետելն ու գրեթե միաժամանակ` հանկարծակի հայտնված թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի հետ ձեռնամարտի բռնվելը, նրանց ոչնչացնելն ու կրակի տակ արգելքների հետագա հաղթահարումը: Ընդ որում, ուսուցանող սպա փոխգնդապետ Գ.Մկրտչյանը այս դժվարին առաջադրանքի կատարման ցուցադրական պարապմունքին ներգրավել էր միաժամանակ տարբեր զորակոչերի զինվորների և ամեն ինչ այնպես էր կազմակերպել, որ ներկաները հիացան զինվորների ցուցաբերած հմտությամբ:

Այնուհետև Սեյրան Օհանյանն այցելեց փոխգնդապետ Ա.Ջուլհակյանի հրամանատարությամբ գործող զորամասի նորակառույց ուսումնական տեղամասերից մեկը: Գործնական պարապմունքներն առավել արդյունավետ իրականացնելու համար, անհրաժեշտ բոլոր չափորոշիչները հաշվի առնելով, բարդ տեղանքում կառուցվել է նոր ավտոերթուղի, որը դեռևս փորձարկման փուլում է: Այնուհետև բացազատված տարածքում, դիտողական ցուցավահանակների մոտ, տեղի ունեցավ նոր ավտոերթուղուն առնչվող հարցերի մանրակրկիտ քննարկում, որի ընթացքում, որպես ուսուցանող սպա, հանդես եկավ զորամիավորման սպառազինության պետ, գնդապետ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարն արեց իր դիտողություններն ու առաջարկությունները, որոնց շուտափույթ իրագործման համար համապատասխան լիազոր մարմնին տրվեցին հանձնարարականներ:

Սեյրան Օհանյանը սահմանամերձ զորամասերի այցի շրջանակում եղավ նաև գնդապետ Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասում: Այստեղ նույնպես ամենուր աչքի էր ընկնում զինծառայողների բարձր կարգապահությունը: Զորամասի տարածքում գումարտակի զորանոցը, ուր հիմնանորոգման հսկայածավալ աշխատանքներ են կատարվել, իր չափանիշներով իրավամբ ողջ ՀՀ ԶՈՒ-ում կարող է օրինակելի համարվել:

Տեղի ունեցավ զորամիավորման գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և հրամանատարի տեղակալների հավաք, որն իր բնույթով ուսուցողական էր: Տարբեր զորատեսակներ ներկայացնող սպաներին նախարարը նախ տվեց իրենց զինվորական մասնագիտությանն առնչվող բազմաթիվ հարցեր, ապա ստացած պատասխանների վերաբերյալ եզրահանգումը ներկայացրեց համառոտ զեկույցի տեսքով:

♦♦♦

Գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման վարչակազմի հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանը մանրակրկիտ ներկայացրեց շրջայցի արդյունքները՝ նշելով իր գոհունակությունը զորամիավորման ենթակա զորամասերում մարտական պատրաստության, պատրաստականության, զինվորական կարգապահության ընդհանուր վիճակից: Նա բարձր գնահատեց գնդապետ Տ. Փարվանյանի պաշտոնավարման ընթացքում կատարված գործողությունները, նշելով՝ «հրադադարի յուրաքանչյուր օր պետք է օգտագործել մեր բանակի առավել հզորացման համար»:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ