Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՈՒՌԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՈՒՌԸ

Սկիզբը՝ նախորդ համարում

Հայացքս իջեցնում եմ եկեղեցու վերձիգ պատերից, շուրջս եմ նայում. ամեն ինչ մաքուր է, խնամված, կոկիկ… Եկեղեցու բակում` գլխավոր մուտքի դիմաց, զովասուն ստվերում պատսպարված, երեխաներ են վազվզում, աղմկում: Մտածում եմ` բնակելի տներով շրջապատված այս եկեղեցին, մանավանդ մարդաշատ ու խիտ բնակեցված այս թաղամասում, թերեւս աղոթողի պակաս չի ունենա… Երբ մտորումս բարձրաձայն եմ արտաբերում, տեր հայրը բազմանշանակ լռում է… Տեր հոր լռությունը ավելի ուշ ինձ այսպես կմեկնաբանի եկեղեցու բակի նստարանին նստած ծերունին. «Ժամերգություններին շատ քիչ մարդ է մասնակցում` մեկ-երկու հոգի… Մարդիկ նախընտրում են փողոցում հենց այնպես պարապ կանգնել, զրուցել, քան եկեղեցի մտնել… Նույնիսկ պատահել է՝ եկեղեցու հարեւան տների բնակիչները բողոքել են` զանգերը մի՛ տվեք, զանգի ձայնը մեզ խանգարում է… Մեղա քեզ, տեր, մեղա քեզ… Եկեղեցին կենդանի, շնչավոր մարմին է… Ախր, եկեղեցու զանգերի ձայնը օրհնություն է, հույս է, հավատ է… Առանց զանգի եկեղեցի՞ կլինի…»: Ծերունին վերջին հարցական նախադասությունն արտասանում է ուղիղ աչքերիս նայելով: Նա ինձնից պատասխան չէր ակնկալում, ո՛չ, ավելի շուտ կարեկցանք էր փնտրում… Հիշեցի տատիս, որ եկեղեցու զանգերի ղողանջի հետ ձեռքի գործը թողնում, շտկում էր կռացած մեջքը, դեմքը դարձնում էր հեռվից եկող ձայնի ուղղությամբ ու եռանդուն խաչակնքում էր. «Մեռնեմ Ասսու զորությանը»: Նա չէր ասում «հայ», ասում էր՝ «հայ քրիստոնյա»: Այդ երկու բառերը ընկալում էր որպես մի ամբողջություն և երբե՛ք, մինչև իր կյանքի վերջը, միմյանցից չզատեց… Եվ ինձ ծիծաղելի թվաց մեղքը սովետների 70-ամյա իշխանության վրա բարդելը… Ախր հենց երեկ՝ զորամասում, մի քաջ զինվորականի հանդիպեցի Աթոռակալյան ազգանունով: Իմ զինվորական երկարամյա ծառայության ընթացքում հայոց եկեղեցուն առնչվող անվանումներով շատ զինվորականների եմ հանդիպել՝ Սարկավագյան, Ժամհարյան, Տերտերյան, անգամ՝ Եպիսկոպոսյան, բայց Աթոռակալյան, առաջին անգամ էի լսում… Ասաց՝ իր նախնիներից մեկը Վրաստանում եկեղեցական բարձր պաշտոնի փոխանորդ, տեղապահ է եղել, այստեղից էլ իրենց՝ Աթոռակալյան ազգանունը… Եվ անմիջապես էլ հիշեցի նաեւ այն հայորդիներին, որոնք հեռավոր երկրներից դաշնամուր ու երգեհոն են բերել Հայաստանի հարավային դարպասներում տեղադրել` որպես քրիստոնեության հաղթանակի դրոշ կամ մահմեդական աշխարհը քրիստոնեական աշխարհից զատող մշակութային սահմանաքար…

Այսպիսին է մեր ժողովուրդը՝ ամեն ինչում ծայրահեղ՝ ծայրահեղ աստվածավախ ու ծայրահեղ անաստված, ծայրահեղ իր սիրո ու ծայրահեղ իր ատելության մեջ… Մեր թուլությունը գուցե այստեղից է գալիս… Գուցեեւ ծայրահեղությունը մեր դիմացկունության ու ամրության դեղատո՞մսն է…

Դրսի կիզիչ արեւից ու անտանելի շոգից, որ ասես փչում է արաբական անծայրածիր անապատներից, աղմկոտ փողոցի ժխորից հետո, ըմբոշխնում ենք եկեղեցու ներսի կիսախավարն ու կենարար զովը, բազմախորհուրդ լռությունը… Կիսախավարին հազիվ ընտելացած աչքերս եկեղեցու գավիթում, խորանում, պատերի տակ, մոմակալների ետեւում փնտրում են… Հայաստան բերված առաջին դաշնամուրը: Միաժամանակ, փորձում եմ պատկերացնել, թե դաշնամուրի ձայնը ինչպե՞ս կարձագանքի այս աղյուսաշեն կամարների տակ… Վերջերս փաստագրական մի կինոնկար տեսա, որ պատմում էր ֆրանսիացի /թե՞ իտալացի/ մի խումբ երաժշտագետների մասին, որոնք հատուկ Իրան էին գնացել՝ ուսումնասիրելու այդ երկրի տարածքում գտնվող քրիստոնեական, ասել է թե՝ հայկական եկեղեցիների ակուստիկան` լսելիականությունը: Մի քանի երգիչներ՝ տղամարդ ու կին, եվրոպական միջնադարյան հոգեւոր երգեր էին երգում, իսկ ձայնի մասնագետները նորագույն տեխնիկայով, ձայնորսիչ սարքերով զինված եռանդուն ձայնագրում-չափումներ էին կատարում… Եվ թերեւս առաջին անգամ եվրոպական միջնադարյան հոգեւոր երգեր էին հնչում Սուրբ Թադեւոս առաքյալի, Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկայի, Ծործորի վանքի կամարների տակ… Ես չհասկացա, թե եվրոպացի երաժշտագետներն ինչ եզրակացության հանգեցին, բայց տեսա, թե այդ վանքերի ու եկեղեցիների հարեւանությամբ ապրող մահմեդական բնակիչները՝ գյուղացի պարզ մարդիկ. որը ջրվոր` բահը ուսին, որը դաշտվոր` մանգաղը ձեռքին, կանայք` չադրաներով, գրկանոց կամ փեշից կախ երեխաներով), հասարակ արհեստավորներ ինչպիսի հմայվածությամբ ու նաեւ երկյուղածությամբ էին ունկնդրում հայկական եկեղեցիների գմբեթների տակ հնչող այդ հոգեպարար երաժշտությունը… Օպերատորը նրանց դեմքի արտահայտությունը ցույց էր տալիս խոշոր պլանով… Թերեւս ռեժիսորի համար, մտածում եմ, կարեւորը ոչ այնքան ձայնագրիչ սարքերն էին, այլ օտարազգի, այլադավան հասարակ մարդկանց վերաբերմունքը օտար մշակույթին, օտարի սրբություններին… Միջազգային մրցանակների արժանացած այդ վավերագրական կինոնկարի հեղինակը իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր Աբբաս Քիառոստամիի որդին էր՝ Բահման Քիառոստամին:

Եկեղեցու նեղլիկ պատուհաններից ներս թափանցող լույսի խրձերը լուսարձակների նման լուսավորել են պատերը, թե՞ աչքերս են արդեն խավարին սովորել… Ս. Աստվածածինը, ինչպես գրեթե մեր բոլոր եկեղեցիները, համեստ ու անպաճույճ է ներսից նաեւ: Միակ զարդը թերեւս բավականին լավ պահպանված որմնանկարներն են, որոնք, հետո Տեր Ռաֆայելից կիմանամ, 19-րդ դարի են: Եվ կրկին համոզվում եմ, որ Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ զարդը, իրոք, անզարդությունն է, պարզությունն ու համեստությունը… Իսկը մեր ժողովրդի կյանքի, կողքիս կանգնած ահա այս հոգեւորականի, խոնարհ կանգնած այս զինվորականի, դռան մոտ գլուխը կախ իր գործն անող մոմավաճառ կնոջ նման…

Ծանոթանում ենք Տեր Ռաֆայելի հետ. ծնողները պարսկահայեր են, Իրանի Փերիա գավառի Հազարջերիբ գյուղից: Շատ փոքր է եղել, երբ ծնողները ներգաղթել են՝ հազիվ երկու-երեք տարեկան: Հոգեւորականների տոհմից է սերում. նրանց պապերը սերնդեսերունդ հոգեւորականներ են եղել, եւ ինքը Էջմիածնում օծված ու հայրենիքում ծառայող առաջին քահանան է:

-Մեր եկեղեցին հատկապես մարդաշատ է լինում շաբաթ-կիրակի օրերին,- քիչ առաջ անպատասխան թողած հարցիս պատասխանը տալիս է քահանան,- երբ այցելում են զինվորներն ու սպաները: Այդ երկու օրը իմ ամենասիրած ու սպասված օրերն են: Սիրում եմ, երբ եկեղեցին մարդաշատ է լինում: Հետաքրքրվում են եկեղեցով, եկեղեցու պատմությամբ, հոգեւորականների կյանքով, մոմ են վառում… Ես ամեն անգամ օրհնում եմ նրանց ու աղոթում նրանց առողջության համար, մեր բանակի համար…

Տեր հոր հետ միասին բարեկարգ սանդուղքով բարձրանում ենք եկեղեցուն կից շինություն, որտեղ կիրակնօրյա դպրոցն է… Նա դեռ պատմում է զենքի ու խաչի միասնության մասին, բայց իմ հայացքն արդեն կանգ է առել առաջին հարկի լուսավոր մի անկյունում թեք ընկած, խարխուլ դաշնամուրի վրա… Մոտենում եմ: Կափարիչը կողքի է դրված. ստեղներ են պակասում: Հետաքրքիր է՝ փղոսկրի՞ց են: Մատով թխկացնում եմ դեղնած ստեղներից մեկը. խուլ տնքոց է արձակում: Երբեմնի շուքից շատ քիչ է բան մնացել: Բացված խորշից կարդում եմ. «Knabe & Thal» Berlin մակագրությունը: Բոլորս միասին փորձում ենք ինչ-որ տեղ փնտրել-գտնել նաեւ հավաքման թվականը, բայց իզուր: Գերմանական հին, շատ հայտնի ֆիրմա է: Տեր հայրը պարզաբանում է. «Եկեղեցում էր դրված, իսկ այնտեղ բավականին խոնավ է: Որոշեցի չոր ու արեւոտ տեղ դնել, ափսոս է, հնություն է… Ասում են՝ Հայաստան բերված առաջին դաշնամուրն է»:

-Ի՞նչ եք կարծում, տեր հայր, – անհամբեր հարցնում եմ,- ինչու են դաշնամուրը հենց այստեղ՝ Մեղրի բերել, Հայաստանի ծայր հարավում գտնվող այս սահմանային քաղաքը…

Տեր հայրը նորից է մոտենում դաշնամուրին, չորս կողմից ուսումնասիրում է, ասես առաջին անգամ է տեսնում, նայում է մեզ, նայում է վերջալույսի շողերով լուսավորված եկեղեցու աղյուսաշեն գմբեթին ու վառվող խաչին, շրջակա լեռներին, հետո ձեռքերը տարածում է՝ ասես ամբողջ աշխարհն է ուզում ընդգրկել եւ հատ-հատ արտասանում է.

-Չգիտեմ… Հավանաբար, որպեսզի կամուրջ դառնա մահմեդական ու քրիստոնյա երկու հարեւան ժողովուրդների միջեւ… Ես մտածում եմ, որ դաշնամուրը դեռ կարելի է փրկել… Մտածում եմ, որ այս դաշնամուրը ափսոս է, ու մենք պարտավոր ենք փրկել…

Հետո երկար լռում է ու կրկին մեզ նայելով՝ ավելացնում.

-Դուք դաշնամուրի ծանոթ մասնագետ չունե՞ք…

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ