Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՎՐԵԺ ԻՄ ԹՈՌ ՊԻՏԻ ԼՈՒԾԵ



Շատ հայրենազրկված հայերի նման Մամիկոն Կալոյանի պապ մշեցի Աբգարն էլ չէր կարողանում մոռանալ իր կորսված ծննդավայրը: Նրա արյան մեջ կարոտի հետ մինչ ի մահ եռում էր վրեժի կրակը: Քանի դեռ ուժը տեղն էր, մտածում էր՝ կգա հարմար պահը, եւ ինքը կառնի վրեժն անաստված թուրքից: Սակայն այդ առիթը չներկայացավ՝ նա մեռավ կարոտն ու վրեժի անթեղված կրակը սրտում: Մեռնելուց առաջ այն պատգամեց իր թոռանը՝ Մամիկոն Կալոյանին: Հայրն այդ պատգամը փոխանցեց Մամիկոնին. «Իմ վրեժ իմ թոռ պիտի լուծե»:

Աբգար պապի պատգամը մարգարեության նման էր՝ թոռ Մամիկոնի ժամանակ եկավ վրեժն առնելու առիթը: 1961թ. ծնված թոռ Մամիկոնի կյանքն անցնում էր սովորական ընթացքով: Թբիլիսիում ավարտել էր միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել Երեւանի Ռադիոկապի տեխնիկումում, ծառայել խորհրդային բանակում: Եվ, ահա, 1989-ին սկսված իրադարձությունները, ինչպես շատերինը, փոխեցին նաեւ Մամիկոնի միապաղաղ կյանքի ընթացքը: Կարծես մի կախարդական կանչով նրա ներսում արթնացավ Աբգար պապի պատգամը: Նա պատրաստ էր կյանքը ծառայեցնել հայրենիքի ազատությանն ու հայրենազրկված պապերի վրեժը լուծելուն:

1989թ. դեկտեմբերին արդեն Սպիտակում էր՝ օգնության էր հասել ավերիչ երկրաշարժից տուժած հայրենակիցներին:

1990թ. անցավ Դաշնակցության շարքերը: Հույս ուներ, թե Թբիլիսիի հայերից կամավորական ջոկատ կկազմավորվի, ինքն էլ այդ ջոկատի հետ կգնա Արցախ: Համոզվելով, որ ջոկատը ոչ մի կերպ չի կազմավորվում, որոշեց եւ 1992թ. գարնանը միայնակ մեկնեց Ղարաբաղ: Մտածում էր՝ կմիանա կամավորական մի ջոկատի ու կկռվի: Եվ ճակատագիրը նրան հանդիպեցրեց հոկտեմբերյանցի Արայիկին: Նա խորհուրդ տվեց մտնել Շուշիում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի վաշտ, որը տեղակայված էր մի քանի օր առաջ ազատագրված Շուշի քաղաքում: Եվ սկսվեց Մամիկոն Կալոյանի մարտական կենսագրությունը:

♦♦♦

Շուշիի ազատագրումից հետո մարտական գործողություններն ավելի ակտիվացան՝ ադրբեջանցիները ցանկանում էին այլ տեղերում հասնել առավելության, հետ բերելու ցավալի կորուստները: Վաշտը տեղափոխվեց Մարտունու շրջան, մասնակցեց Միրիշեն, Աբդալ, Գյուլաբլի գյուղերի համար մղվող մարտերին, այնուհետեւ Մարտակերտի շրջանի Չլդրան, Գյուլաթաղ գյուղերի պաշտպանական կռիվներին: Օգոստոսի 23-ին վաշտը վերադարձավ Շուշի՝ հանգստի:

Մամիկոնը որպես մարտիկ վաշտի կազմում մասնակցեց բոլոր գործողություններին, մարտական փորձ ձեռք բերեց: Օգտվելով ստեղծված հնարավորությունից` ազատամարտիկ Կալոյանը վերադարձավ Թբիլիսի, բայց չորս ամիս հետո նորից Շուշիում էր, արդեն Շուշիի առանձնակի գումարտակի կազմում. Ժիրայր Սեֆիլյանի վաշտը, նույնպես մարտական մկրտություն ստանալով, վերակազմավորվել էր գումարտակի: Եկավ ու այս անգամ մնաց մինչեւ պատերազմի հաղթական ավարտը:

Գումարտակի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մամիկոն Կալոյանը շատ արագ հմտացավ ռազմարվեստի բնագավառում: Կարճ ժամանակում տիրապետեց տարբեր զինատեսակների ու ռազմական տեխնիկայի օգտագործման գաղտնիքներին, դարձավ հմուտ հրամանատար, սիրելի եւ վստահելի մարտընկեր՝ կնքվելով «Բիճո» մականունով:

Քաջարի ազատամարտիկը գումարտակի կազմում մինչեւ հրադադար մասնակցեց բազմաթիվ պաշտպանական ու ազատագրական գործողությունների: 1993թ. սկզբից մասնակցեց Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ, Չլդրան, Զագլիկ, Աղդամի շրջանի Ալիմադաթլի, Ալիաղալու, Բոյահմեդլի գյուղերի, Ֆիզուլիի, Շահումյանի շրջանների ազատագրական մարտերին:

♦♦♦

1994թ. հունվարին իրադրությունը լարվել էր Քարվաճառի ռազմաճակատում: Հակառակորդը հակահարձակում կազմակերպելով՝ կարողացել էր առաջանալ եւ գրավել Չիչագլուի լեռնալանջերի կարեւոր բարձունքները: Հայկական կողմը ռազմական գործողության պլան էր մշակում՝ կարեւոր մարտավարական նշանակության բարձունքները գրավելու համար: Կենտրոնից պետք է գրոհեր Շուշիի առանձնակի գումարտակը: Գումարտակի հրամանատարի տեղակալ Պետոն որոշում է առաջնահերթ օգտագործել Չիչագլու բարձունքի դիմացի հենակետում դիրքավորված Մամիկոն Կալոյանի ջոկատը: Թեեւ ջոկատը փոքրաթիվ էր՝ ընդամենը 13 մարտիկ, բայց բոլորը մարտական փորձ ունեցող, մարտերում կոփված ազատամարտիկներ էին: Մինչ այդ, իր ջոկատով Մամիկոն Կալոյանը մի քանի անգամ լավ ջարդ էր տվել թվաքանակով զգալիորեն գերազանցող հակառակորդին: Բարձունքն ընկերները կոչում էին «Մամիկոնի բարձունք»:

Մամիկոնը հետախուզել-ուսումնասիրել էր տեղանքի դիրքն ու յուրահատկությունները: Հրամանատարությունը նրան հանձնարարում է ջոկատով առաջանալ, աջ թեւից հարձակվել հակառակորդի դիրքերի վրա, գրավել եւ շարժվել դեպի բարձունքի կենտրոնը: Փոքրաթիվ մարտիկներով դժվար էր իրականացնել նման առաջադրանքը, հատկապես սառնամանիքի պայմաններում, բայց ջոկատը կարողացավ արդարացնել հրամանատարության վստահությունը, եւ հայկական զորամիավորումների հարձակողական գործողությունը պսակվեց հաջողությամբ:

♦♦♦

Քարվաճառից հետո Մամիկոնի հրամանատարությամբ մարտնչող դասակը 1994-ից մասնակցեց նաեւ Ֆիզուլիի շրջանի գյուղերի ազատագրմանը, որտեղ էլ վիրավորվեց, բայց մնաց շարքերում եւ իր փառապանծ մարտական ուղին ավարտեց հարազատ գումարտակի կազմում՝ մասնակցելով ինչպես Աղդամի շրջանի Շոթանլի, Ումուդլու գյուղերի ազատագրմանը, այնպես էլ Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի համար մղվող դաժան մարտերին:

Հրադադարից հետո Մամիկոն Կալոյանը մնաց բանակի շարքերում, ծառայեց Արցախի ու Հայաստանի հանրապետությունների տարբեր զորամասերում՝ դասակի հրամանատարից հասնելով մինչեւ գնդի շտաբի պետի տեղակալի պաշտոնին: Զորացրվեց 2011թ. մայիսին, գնդապետի կոչումով:

Մամիկոն Կալոյանը մարտական սխրանքների եւ անբասիր ծառայության համար արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի, «Մարտական ծառայության» եւ «Վազգեն Սարգսյան» մեդալների:

Հայրենանվեր ծառայությունից զորացրվելով՝ ազատամարտիկը դարձյալ շարունակում է իր ազգանվեր գործունեությունը՝ եկող սերնդի մեջ սերմանելով հայրենասիրության սերմերը, որոնք վաղն անպայման առողջ եւ լիարժեք պտուղներ են տալու:

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


01/08/2013