Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՐ ԿՈՉՈՒՄԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ



Արդեն որերորդ անգամ Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատից մեր տղաները մեկնում են ազգային բանակ: Թեեւ ամռան ուղիղ կեսն է, սակայն դեռևս շարունակվում է գարնանային զորակոչը: Հերթական անգամ ներկա եմ զորակոչին. զինկոմիսարիատի աշխատակիցների՝ զորակոչիկների հետ տարվող աշխատանքին: Զինկոմի տեղակալ, կապիտան Ստեփան Օհանջանյանն ու զորակոչային բաժնի պետ, կապիտան Կամո Ալավերդյանը տղաների փաստաթղթային վերջին ճշտումներն են կատարում, այնուհետև զրուցում հետները՝ հետաքրքրվելով ընտանեկան վիճակից, արդյոք առողջական խնդիրներ չունե՞ն: Կարևորվում է նաև, թե արդյոք տղաները կապ չունե՞ն այս կամ այն աղանդի հետ: Ուրախալի է, որ բոլորն էլ միայն Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են:

Տարբեր համայնքներից են զորակոչիկները, որոնց մի մասը ուսանող է: Հովհաննես Ղազարյանը Սոնասարից է, ավարտել է ԱրՊՀ պատմության ֆակուլտետի առաջին կուրսը: Իսկ Էդիկ Խաչատրյանը Քարեգահից է, ուսանում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի իրավագիտության բաժնում: Ասում են՝ զորացրվելուց հետո կշարունակեն ուսումը: Հովհաննես Սարգսյանը Բերձորից է: Մայրը՝ Անահիտ Չարչյանը, որ պատերազմի տարիներին աշխատել է զինվորական հոսպիտալում, այնուհետև՝ Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում որպես բժիշկ, ասում է, որ բոլոր տղաներն էլ պարտավոր են լինել հայրենիքի զինվոր: Մաղթեց, որ խաղաղություն լինի, և բոլոր զինվորներն էլ տուն վերադառնան, երջանկացնեն իրենց ծնողներին:

Դավիթ Մազուլյանը Վաղազին գյուղից է, բազմազավակ ընտանիքից. հինգ եղբայրներից ավագն է, ավարտել է Ստեփանակերտի Իվանյանի անվան ռազմական վարժարանը: Ասում է՝ ինքն ու իր եղբայրները պետք է պաշտպան դառնան իրենց 7 քույրերին, մորը և համայն հայոց մայրերին ու քույրերին:

Առանձին զրույցից հետո արդեն զինվորացու տղաները շարք են կանգնում զինկոմիսարիատի միջանցքում՝ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պայքարի հերոսների լուսանկարների ներքո: Զինկոմի տեղակալը, զորակոչային բաժնի պետը ևս մեկ անգամ խորհուրդ են տալիս, բացատրում, թե այդ 2 տարիների ընթացքում որն է լինելու տղաների առաքելությունը, ինչ ասել է ազգային բանակ: Այս անգամ էլ տղաներին հարազատներն ու բարեկամները բանակ ճանապարհեցին արդեն բարի ավանդույթով. Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս Վարդապետը Սուրբ խորանի առաջ աղոթք հղեց առ Աստված, որպեսզի երկնավոր Տերը զորավիգ լինի մեր զինվորներին, նորակոչիկներին: Դիմելով զորակոչիկներին՝ հորդորեց լինել միասնական, եղբոր նման, սիրել հայրենիքը:

-Ձեր նոր կոչումը հայրենիքի զինվոր լինելն է, այսինքն՝ այսուհետ դուք եք պահպանելու մեր երկրի անդորրը, դուք եք հսկելու հայոց սահմանը:

Այնուհետև հոգևոր հայրը տղաներին բաժանեց բացիկներ՝ աղոթքներով և զինվորի պահապան Սուրբ Գևորգի նկարով: Եկեղեցու մուտքի մոտ տղաները լուսանկարվում են հոգևոր հոր և զինկոմիսարիատի աշխատակիցների հետ, ապա ուղեկցող, ենթասպա Արտաշ Բրսոյանի հրահանգով տեղավորվում ավտոբուսում: Մեկնում են հերթական զորակոչի հայ զինվորները՝ պաշտպանելու մեր տուն-հայրենին:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Բանակ և հասարակություն


24/07/2013