Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՐՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ (Ջամբազի արծիվ)
ԿԱՐՈՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Նվիրվում է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ
ԿԱՐՈՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ (Ջամբազի արծիվ) հիշատակին

Սկիզբը՝ նախորդ համարներում

Շահումյանի վերջին դեպքերին մասնակիցների ու ականատեսների վկայություններն ու պատմածները միանշանակ մատնանշում են, որ շրջանի տարածքում տասնյակ հրասայլերով ու զրահատեխնիկայով համալրված ռուսական դիվիզիայի անսպասելի հայտնվելը մեծ իրարանցում եւ խուճապ է առաջացրել բնակչության եւ ազատամարտիկների շարքերում, իսկ պատերազմական իրավիճակում խուճապը ամենասարսափելի ու վտանգավոր երեւույթներից է:
«Շահումյանի ինքնապաշտպանական ուժերը,-վերհիշում է Ռոմիկը,- կռվել են, ինչքան հնարավոր էր: Մեր դիրքերի վրա ադրբեջանական ՕՄՕՆ-ի համագործակցությամբ հարձակվում էր խորհրդային բանակի մեքենայացված դիվիզիաներից մեկը: Եթե մենք այդ ճակատագրական պահին նույնիսկ հրաշքներ գործեինք, ապա մեր ունեցած սահմանափակ մարտական ուժերով դարձյալ չէինք կարողանա երկար դիմակայել մի ամբողջ դիվիզիայի հարձակմանը»:
Ի՞նչ պետք է արվեր, ելքը միակն էր. խմբով հնարավոր չէր նահանջել, որովհետեւ բարձրից խմբին հեշտ կլիներ խփել: Եվ տղաները ստիպված, իրենց վրա տեղացող գնդակներից պաշտպանվելով՝ բարձունքից ցած էին իջնում գլորվելով, իսկ Պետոն նահանջելու ընթացքում կտրվում է հիմնական խմբից եւ իր համագյուղացի Վարդգեսի հետ հայտնվում այդ տարածքում գտնվող մի քարայրում: Մորեգույն բերետավորներն ու ադրբեջանցի զինվորները կրնկակոխ հետապնդելով մեր մարտիկներին՝ կանգ են առնում հենց այն քարայրի վրա, որի ներսում պատսպարվել էին Պետոն ու Վարդգեսը:
«Ինքնաձիգները պատրաստ պահած սպասում էինք , – պատմում է Վարդգեսը: Պետոն գնդակով թեւից վիրավորվել էր, ու նրա վերքից անընդհատ արյուն էր գալիս: Պարզ լսվում էր մեր գլխավերեւում կանգնած զինվորների ձայնը: Հասկանում էինք՝ եթե մեզ նկատեին, կարող էին, ընդամենը մեկ նռնակ նետելով քարայրի ներսը, մեր վերջը տալ: Բայց որոշել էինք մինչեւ վերջ դիմադրել»:
Մինչ տղաները կհասցնեին դիրքերից իջնել, Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի կենտրոնից մի փոքրիկ ջոկատի գլուխ անցած՝ դեպքերի վայրն է հասնում Կարոտը:
«Կարոտը,-վկայում է Ռոմիկը,- մեզ հետ միասին գտնվում էր շտաբում: Նա շտապում էր մեկնել եւ զինամթերք հասցնել հարձակման ենթարկված հենակետերին: Կարոտը ՈՒԱԶ մեքենան բարձեց փամփուշտների արկղերը, հրաժեշտ տվեց ու մեկնեց տղաների մոտ: Քանի որ հակառակորդը հարձակվել էր Կարոտի հրամանատարությամբ գործող հենակետերի վրա, իսկ իմ ջոկատի պաշտպանական դիրքերի ուղղությամբ կռիվներ չկային, ես Կարոտի հետ նստեցի մեքենան եւ ուզում էի նրա հետ մեկնել հարձակման ենթարված հենակետերը, բայց այդ պահին Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության շտաբի պետ Չալյան Սերգեյը չթողեց ինձ մեկնել եւ ասաց՝ «ո՞ւր ես թողնում քո տղաներին, ավելի ճիշտ կլինի, որ մնաս նրանց հետ, քո հենակետում»: Կարոտը փամփուշտի արկղերով բարձած մեքենայով շտապեց օգնության, բայց արդեն ուշ էր: Ռուս-ադրբեջանական ՕՄՕՆ-ի զինվորներն արդեն գրավել էին հենակետերը: Չալյան Սերգեյը զրահամեքենայից (ԲՄՊ) կրակ էր տեղում հենակետերում լցված հակառակորդի վրա, դրանով փորձում կանգնեցնել նրանց առաջխաղացումը ու օգնել տղաներին…»:
Այդ պահին Վարդգեսը Պետոյի հետ թեպետ գտնվում էր քերծում, բայց տեսել էր Կարոտին:
«Ես տեսա կենտրոնից վերադարձած Կարոտին: Նա, փամփուշտի երկու արկղ ձեռքին, բարձրանում էր դեպի տղաները»,- վերհիշում է Վարդգեսը:
Այդ պահին տղաները արդեն դիրքերից իջել էին: 25-րդ հենակետում յոթ հոգի վիրավոր էր, իսկ զոհված ազատամարտիկ, Թումանյանի շրջանից շամլուղեցի Գարիկ Սարգսյանին ալավերդցի մարտիկները հասցրել էին թաղել:
Այն, ինչ արդեն կատարվել էր, շանթահար է անում Կարոտին: Հենակետերը գրավված էին, իսկ տղաներից շատերի ճակատագիրն անհայտ էր: Կարո՞ղ էր նա հաշտվել նման իրավիճակի հետ: Նա փորձում է հետ գրավել հենակետերը:
«Շահումյանից հետո, – ասում էր Կարոտը, – Ղարաբաղի դարպասը բաց է մնալու: Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում»:
Իր խոսքը ավելի համոզիչ ու ազդեցիկ դարձնելու եւ ընկերներին առավելագույնս վճռականություն ու հաստատակամություն հաղորդելու նկատառումով հավելում է. «Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաեւ Հայաստանը»:
Դիրքեր բարձրանալու Կարոտի վճռականությունը հաստատում է նաեւ Հրաչը: Նա այդ ժամանակ գտնվում էր տղաներից քիչ հեռու՝ հսկա քարերով պատված մի վայրում, չի կարողացել մոտենալ տղաներին: Ստիպված հետեւից ձայն է տվել ու զգուշացրել, որ դիրքերը գրավված են եւ պետք չէ բարձրանալ ու փորձել հետ վերցնել:
«Այդ պահին,- պատմում է Հրաչը, -ես հստակ լսեցի Կարոտի ձայնը, որն ասում էր՝ «Ամեն գնով պետք է հետ վերցնենք դիրքերը»:
Կարոտը վճռում է բարձրանալ հենակետեր եւ անձամբ տեսնել ու գնահատել ստեղծված կացությունը: Նրա կատարած այդ քայլը գուցեեւ շատերի համար ինչ-որ տեղ անհասկանալի թվա, բայց Կարոտի նման նվիրյալ ու քաջակորով զինվորի համար ստեղծված իրավիճակում թերեւս այլընտրանք չկար: Այո՛, նա անպայման պետք է փորձեր բարձրանալ ու անձամբ համոզվել:
Մեն-մենակ բարձրանալով եւ ճանապարհին գետնին փռելով իր դեմ ելած թշնամու մի քանի զինվորի՝ Կարոտը հանդիպում է իր իսկ հրամանով նույն հենակետը բարձրացող Մուշեղին: Երկուսով շարունակում են բարձրանալ դեպի Ջամբազ, սակայն նրանց ճանապարհը փակում է թշնամու հետեւակը, եւ սկսվում է անհավասար մարտը:
«Մինչեւ գնդացրի վերջին փամփուշտը, – պատմում է Մուշեղը, – կռվեցինք: Եվ երբ արդեն վերջացել էին փամփուշտները, ու այլեւս անհնարին էր դիմադրել՝ Կարոտն ասաց՝ «գլորվելով ցած ենք իջնում…»: Այդպես էլ վարվեցինք: Թավալգլոր իջնելու ընթացքում Կարոտը հանկարծ բարձրանում էր եւ ինքնաձիգից կրակ տեղում վերեւում երեւացող թշնամու զինվորների վրա: Նրա մոտ դեռեւս մի քանի պահունակ փամփուշտ կար…»:
Իջնելու ժամանակ Մուշեղը մի քանի անգամ վիրավորվում է եւ, բարեբախտաբար, ընկերներին հաջողվում է ժամանակին գտնել ու օգնություն ցույց տալ նրան, իսկ Կարոտը, որեւէ կերպ չհամակերպվելով կատարվածի հետ, դարձյալ փորձում է բարձրանալ հենակետ, ուր անհայտության մեջ էին մնացել նրա մարտական ընկերներ Գառնիկն ու Ալիկը: Այդ ցավալի փաստն ալեկոծել ու հանգիստ չի տվել նրան: Բոլոր նրանք, ովքեր ծանոթ էին նրա մարտական կարողություններին, անգամ ծանրագույն պահին հանդուգն վճիռներ կայացնելու անհողդողդ կամքին ու վճռականությանը, քաջ գիտեին, որ Կարոտը որեւէ կերպ չէր կարող հաշտվել դիրքերը թշնամուն հանձնելու, առավել եւս՝ պարտության իրողության հետ: Ի՞նչ պետք է արվեր: Շահումյան մեկնելու նախօրեին նա որպես անխախտ երդման խոսք, հաստատակամորեն ասել էր. «Մինչեւ Գետաշենն ու Մարտունաշենը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնա…»:
Պարզվում է՝ Կարոտը կատարել է մի զարմանահրաշ քայլ, որն ընդունակ էր իրագործել միայն խելահեղ քաջությամբ ու անսասան վճռականությամբ օժտված մարդը: Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդեն թշնամու հարյուրավոր զինվորներ են, նա, այնուամենայնիվ աներկբայորեն վճռում է բարձրանալ իրենց նախկին դիրքերը: Նրա կատարած այդ քայլը հավասարազոր է ինքնակամ նահատակության: Երկրորդ անգամ հենակետ բարձրանալիս՝ նրա հետ է եղել բուժականցի Ֆելոն (Երիցյան Սմբատ Արարատի):
«Նա, – պատմում է Ֆելոն, – այնքան արագ ու այնպես վճռականորեն էր բարձրանում, որ ես չէի կարողանում հասնել հետեւից: Մեր միջեւ ընկած տարածությունը գնալով ավելանում էր…»:
Բարձրանալու պահին նրանց արանքում պայթում է հրանոթի արկը, որի հարվածի ալիքը մի կողմ է գլորում Ֆելոյին:
«Երբ ես, – շարունակում է Ֆելոն, – ուշքի եկա, տեսա վերեւում նստած Կարոտին, որը սեւեռուն հայացքով նայում է հենակետերի ուղղությամբ: Հանկարծ նա ոտքի ցատկեց եւ արագորեն առաջ շարժվեց ու առանց վարանելու մտավ մեր թողած խրամատը, որտեղ մեր ընկերներն էին մնացել: Մի քանի ակնթարթ անց արագ այնտեղից դուրս եկավ ու խոյացավ դեպի թշնամին»:
Սկսվում է անհավանական մենամարտը:
Կարոտի ձեռքում եղել է ԱԿՄ ինքնաձիգը, որից ստեպ-ստեպ արձակած կրակահերթերը պարզորոշ զանազանվում էին հակառակորդի զինվորների արձակած կրակոցներից: Ավելի քան 15 րոպե տեւած այդ զարմանահրաշ, գուցեեւ նախադեպը չունեցող հիրավի հերոսական գոտեմարտին հաջորդում է քար լռությունը…
Առանց Գետաշենն ու Մարտունաշենն ազատագրելու, նա չէր կարող վերադառնալ տուն, իսկ առանց Շահումյանի՝ առավել եւս …

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր