Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՆՎԻՐՈՒՄՈՎ

-Մեր պարտքն է ծառայության մեջ աչքի ընկած ցանկացած երիտասարդ սպայի՝ լինի դասակի հրամանատար, թե վաշտի, ներկայացնել «Հայ զինվորի» ընթերցողներին,- ասացի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Ադամյանին։

-Ծառայության մեջ աչքի ընկած սպա…- հարցս կրկնեց փոխգնդապետն ու ասաց: Բարեխիղճ, լավ ծառայող երիտասարդ սպաներ զորամասում շատ կան։ Անկեղծ ասած` դժվարանում եմ նրանցից որևէ մեկին առանձնացնել։

Վայրկյաններ անց նա ենթականերից մեկին խնդրեց իր մոտ կանչել վաշտի հրամանատար, կապիտան Ջ. Մկրտչյանին։

-Անցած տարի դասակը զորամասում ճանաչվել է լավագույնը, և գնդի հրամանատարը, որպես ծառայական առաջխաղացում, նրան միջնորդել է վաշտի հրամանատարի պատասխանատու պաշտոնին։

Քիչ անց մեզ մոտեցավ և ինչպես վայել է օրինակելի սպային, պատվի առավ ու զեկուցեց բարձրահասակ, շիկահեր, սպորտային կազմվածքով ամրակազմ մի կապիտան։ Ինքն է, որ կա, մտածեցի ես։

-Մկրտչյա՛ն, կարծում եմ՝ վատ չէր լինի, որ «Հայ զինվոր» թերթում գրվեր քո մասին՝ որպես բարեխիղճ, իր պարտականություններն ու վերադասի հրամանները ճիշտ և ժամանակին կատարող սպայի,- դիմելով երիտասարդ կապիտանին` մտերմիկ տոնով ասաց փոխգնդապետ Ադամյանը:- Ծանոթացի՛ր պարոն մայորի հետ։

Առաջին իսկ հայացքից հասկանում եմ, որ զրուցակիցս իր գործին ու կոչմանը նվիրված ու նպատակասլաց անձնավորություն է, խոսքի մեջ բավականին ժլատ։ Մտածում եմ` քչախոս լինելը սպային բնորոշ գիծ է, ոչինչ, թող այդպես լինի…

-Ուզում եմ հնարավորինս ազատ և անկեղծ զրուցենք, զրուցենք որպես երկու մտերիմ սպաներ։

Գլխով համաձայնության նշան է անում։

-Ինչո՞ւ ընտրեցիր զինվորականի մասնագիտությունը,- տալիս եմ առաջին հարցը և մտքումս փորձում կռահել պատասխանը։

-Մեր շենքում (ես ծնվել, հասակ եմ առել Չարենցավանում) զինվորականներ էին բնակվում, ավելի ճիշտ՝ նրանք զինվորական հանդերձանքով կամավորականներ էին, որ մե՛կ հայտնվում էին, մե՛կ էլ ամիսներով անհետանում։ Հենց նրանք երևում էին, բակի իմ հասակակիցներով շրջապատում էինք ու հարցախեղդ անում։ Քչախոս էին, իսկական գործի մարդիկ։ Հիմա, երբ ես էլ զինվորական եմ, նոր- նոր հասկանում եմ, թե ինչու էին նրանք միշտ մեր գլուխները շոյում ու ասում. «Դեռ փոքր եք, մի քիչ էլ որ մեծանաք, ամեն ինչ կիմանաք»։ Հիշում եմ, նրանք զենք էլ ունեին, և պետք է խոստովանեմ, ինձ ամենից շատ հենց նրանց զենքերն էին հետաքրքրում։ Մի անգամ նույնիսկ հաջողացրի ձեռքս դիպցնել նրանցից մեկի ատրճանակին։ Այդ օրը ողջ գիշեր աչք չփակեցի։ Անկեղծ ասած` հայրս էլ էր շատ ուզում, որ իր տղաներից մեկը զինվորական դառնա, ասում էր` «Բա մեկդ զինվորական չդառնա՞, որ գիշերները գլուխներս հանգիստ դնենք բարձին»։ Քանի որ ինքս էլ ձգտում ունեի, դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Երբ ընդունվեցի, եղբայրս զորակոչվեց բանակ, ինչպես հետո մայրս էր ասում՝ «տունս դատարկվեց»։ Իհարկե, դա ժամանակավոր դժվարություն էր: Ավարտելուց հետո ծառայության նշանակվեցի և արդեն վեց տարի ծառայության մեջ եմ։

-Ենթադրում եմ, որ դժգոհ չես բախտից։

-Դժգոհ լինելու առիթ մինչև օրս չեմ ունեցել։

-Ինչպե՞ս է սպայի օրն սկսվում։

-Ուղղակի մի քիչ ավելի հագեցած ու ծանրաբեռնված ֆիզիկական-կրակային պատրաստության առարկաներով։ Վերկաց, մարմնամարզություն, շարային ստուգատես, ճաշարան, մի խոսքով՝ ինչպես բոլորը:

-Տեսնում եմ՝ ծխող ես, բայց չէ՞ որ սպան նման վնասակար սովորույթներից պետք է զերծ մնա, քանզի ծխող մարդը դժվար կդիմանա այն ահռելի ծանրաբեռնվածությանը, որ ծառայության ընթացքում բաժին է հասնում։

-Քիչ եմ ծխում, բայց որոշել եմ լրիվ թողնել։

-Ի՞նչ բարոյական եւ կամային գծերով պետք է օժտված լինի սպան։

-Առաջին հերթին, պետք է ֆիզիկապես կատարյալ առողջ լինի, տոկուն, ճարպիկ, խիզախ, գերազանց տիրապետի ոչ միայն իրեն ամրակցված, այլեւ շատ ավելի ուրիշ զինատեսակների։ Պարտադիր է, որ թշնամուն լավ ճանաչի, գերազանց պատկերացում ունենա հակառակորդի զորատեսակների և սպառազինության մասին։

-Գրեթե բոլոր պատերազմներում հաղթանակները ձեռք են բերվում հիմնականում կարեւոր, վճռորոշ տեղեկությունների շնորհիվ։ Համաձա՞յն ես:

-Այո՛, հենց հավաստի տեղեկությունների հիման վրա է հրամանատարությունը իր հետագա որոշումները կայացնում։ Մեր աշխատանքում առհասարակ չկան կարևոր և անկարևոր գործեր: Իհարկե, լինում են կարևոր առաջադրանքներ, որոնց կատարումը պահանջում է առանձնահատուկ վերաբերմունք եւ իմացություններ:

Ունենք այնպիսի տղաներ, որոնք ուժային մարզաձևերում համաբանակային մրցումների ժամանակ գրավել են առաջին և երկրորդ տեղերը։ Միսակ Ասլանյանը` քիք բոքսինգից, Լյուդվիգ Պետրոսյանը` բազկամարտից, Լյուդվիգ Քոչարյանն ու Սիփան Առուստամյանը` հունահռոմեական ըմբշամարտից։ Ի դեպ, վերջին երկուսը ՀՀ առաջնություններում էլ են եղել մրցանակակիրներ։ Մեր վաշտում է ծառայում արևելյան մարզաձևերից սև գոտի առաջին դան Ջամալ Նադոյանը։

Վերջում ավելացնենք, որ կապիտան Ջ. Մկրտչյանի հրամանատարությամբ գործող վաշտը զորամիավորման մրցումներում գրավել է առաջին տեղը։

-Մեր ձեռքբերումներն ու հաջողությունները վաշտի բոլոր զինծառայողների` սպաների ու զինվորների ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքն են։ Նրանք բոլորն էլ անսահման սիրով ու նվիրումով են ծառայում իրենց երկրին ու ժողովրդին,- մեր զրույցը եզրափակեց կապիտան Ջ. Մկրտչյանը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ