Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ»
«ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ»

Փոխգնդապետ Ա. Գասպարյանի հրամանատարությամբ գործող զրահատանկային գումարտակի անձնակազմը պատասխանատու է զորամասի հզոր մարտական տեխնիկան՝ տանկերը, ՀՄՄ-ները շահագործելու, պահպանելու, տեխնիկական եւ մարտական սպասարկում իրականացնելու համար: Հարկ եղած դեպքում հենց այդ մեքենաներն են ապահովելու հակառակորդի զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի խոցումը, մեր ստորաբաժանումների առավել ապահով առաջխաղացումն ու պաշտպանությունը: Գումարտակում գիտակցում են, որ նշված նպատակները հաջող իրականացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ են հմուտ եւ բանիմաց մասնագետներ: Անընդհատ տարվող տեսական եւ գործնական պարապմունքների ընթացքում տանկային եւ ՀՄՄ անձնակազմերը կատարելագործում են իրենց մասնագիտական ունակությունները, լիարժեք տիրապետում իրենց կցված ռազմական տեխնիկայի բոլոր առանձնահատկություններին: Իհարկե, նման տեխնիկային ավելի լավ են ծանոթանում ընթացիկ շահագործման եւ սպասարկման աշխատանքներ իրականացնելիս: Նմանատիպ հերթական աշխատանքների օրը հավաքակայանում հանդիպեցինք գումարտակի անձնակազմին:

Տեխնիկական աշխատանքների համար հատուկ հանդերձավորված տղաների վարժ գործողություններից միանգամից կարելի էր կարծիք կազմել նրանց գերազանց պատրաստվածության մասին: Հավաքակայանի համապատասխան կետերում կոնկրետ մեքենաների անձնակազմերը հեռացնում էին ներքին բաքերում եղած վառելիքի մնացորդը, ապա լիցքավորում տվյալ եղանակային պայմաններին համապատասխան վառելիքով, յուղով, ստուգում էին ներդիրների ամբողջական, անվնաս լինելը: Քիչ այն կողմ տեղադրվում էին մեխանիկ-վարորդների՝ փոշուց մաքրված դիտարկման սարքերը, մաքրվում էին շարժիչների օդազտիչները, ստուգվում էր օդի բալոնների ճնշումը: Հենարանային սահանիվների, տանող անիվների եւ ճոճանների առանցքակալները քսայուղելուց, ապա նաեւ ռադիոկապի եւ ներքին խոսակցական սարքի աշխատանքի հուսալիությունն ստուգելուց հետո անձնակազմերը զեկուցեցին աշխատանքները ավարտելու մասին:

Գումարտակի հրամանատարը գոհունակությամբ նշեց, որ բոլոր գործողությունները կատարվել են ըստ նորմացույցների՝ հավուր պատշաճի: Նա հատկապես առանձնացրեց մի քանի զինծառայողների հստակ գործողությունները: Դասակի հրամանատար, լեյտենանտ Է. Սապոժնիկովը ոչ միայն բարձրակարգ մասնագետ է, այլեւ լավ ղեկավար: Նա կարողանում է այնպես կազմակերպել ծառայությունը, որ իր ենթակաները ձգտեն նոր բարձունքներ նվաճել ծառայության մեջ, ինչպես դասակի լավագույն մեխանիկ-վարորդներ Սարգիս Աղայանը եւ Ասատուր Գալստյանը:

Հրամանատարի բարձր գնահատականին արժանացավ հատկապես տանկային անձնակազմերից մեկը՝ հրամանատար, կապիտան Մ. Ոսկանյան, նշանառու-օպերատոր Անդրանիկ Շահբազյան, մեխանիկ-վարորդ Էդգար Անդրեասյան: Տվյալ անձնակազմը բազմիցս աչքի է ընկել թե՛ զորամասում ընթացող մարտական պատրաստության պարապմունքների, վարժանքների, թե՛ զորամիավորման կազմում անցկացվող միջոցառումների ժամանակ: