Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ ԵՎ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ
1. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ ԵՎ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱՄԻՍՏԻԿԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Քաղաքագիտական շրջանակներում այսօր շրջանառվում է այն տեսակետը, որ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունները պայմանավորված են աշխարհաքաղաքական հզոր ուժերի` Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի քարտեզը վերաձևելու միջոցով Մեծ Մերձավոր Արևելք ստեղծելու ցանկությամբ: Այդ Մեծ Մերձավոր Արևելքի սահմանները պատկերված են 2007թ. ամերիկյան «Armed Forces Journal» ամսագրում գնդապետ Ռալֆ Պետերսի հեղինակած «Արյունոտ սահմաններ. ինչքան ավելի լավ տեսք կարող էր ունենալ Մերձավոր Արևելքը» հոդվածում:

Հետաքրքիր մի հանգամանք կարծես վրիպել է քաղաքագետների ուշադրությունից. Ռ.Պետերսի առաջարկած Մեծ Մերձավոր Արևելքի սահմանները համարյա համընկնում են Ալեքսանդր Մակեդոնացու (մ.թ.ա. 356-323թթ.) կայսրության սահմանների հետ (Ալեքսանդրի կայսրության մեջ չի նշվում Արաբիան, բայց ըստ ակադեմիական հրատարակությունների` Արաբիայում իշխում էին Ալեքսանդրի նշանակած կուսակալները: Միայն Եգիպտոսն է, որ նշված չէ Պետերսի քարտեզում՝ որպես Մեծ Մերձավոր Արևելքի մաս, բայց ներառված է եղել Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության մեջ): Փաստորեն, Մեծ Մերձավոր Արևելքի` որպես աշխարհագրական (իսկ ըստ հրեա որոշ քաղաքական գործիչների, մասնավորապես՝ Հ.Քիսինջերի` նաև քաղաքական) միասնական տարածքի վերածվելը հավասարազոր է Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը վերստեղծելուն: Ի՞նչ նպատակ կարող է սա հետապնդել: Այս հարցին պատասխանելու համար, նախ, կարևոր է հասկանալը՝ ի՞նչ դեր ունի հույն նշանավոր զորավարը հրեական հոգևոր-մշակութային ավանդության մեջ:

Ալեքսանդրի մուտքը Երուսաղեմ

Հրեական հոգևոր-մշակութային ավանդությունը Ալեքսանդր Մակեդոնացուն համարում է հրեաների նկատմամբ բարեհաճորեն տրամադրված գործիչ: Հրեաների սուրբ գրքում` Թալմուդում, պահպանված են մի շարք ավանդազրույցներ նրա մասին: Ստորև կներկայացնենք դրանցից մի քանիսը:

Մ.թ.ա. 333թ. Իսոսի (բնակավայր Փոքր Ասիայի` Կիլիկիայի տարածքում) ճակատամարտում պարսից Դարեհ Երրորդ թագավորի զորքը ջախջախելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին իր զորքով ուղևորվում է դեպի Տյուրոս (ներկայիս Լիբանանի տարածքում), նվաճում այն և մտադրվում կործանել Երուսաղեմն ու դաժանորեն պատժել հրեաներին` Դարեհին նվիրված լինելու և ամեն կերպ օգնելու համար: Սամարացիները (հրեությունից անջատված աղանդ, որի դավանանքը ներառում էր նաև հեթանոսության որոշ տարրեր, ինչի համար ուղղափառ հրեաները նրանց համարում էին հեթանոս և չէին շփվում հետները) Ալեքսանդրից Երուսաղեմի տաճարը կործանելու թույլտվություն են խնդրում, և նա թույլատրում է: Այդ մասին իմաց են տալիս հրեաների քահանայապետ Սիմեոնին, որ մի արդար ու բարեպաշտ անձնավորություն էր: Նա անմիջապես հագնում է իր սրբազան զգեստները և Երուսաղեմի ամենանշանավոր մարդկանց հետ, ջահերը ձեռքներին, ամբողջ գիշեր ընդառաջ է շարժվում Ալեքսանդրին և լուսաբացին Անտիփարոսի մոտ (Թալմուդում այն հիշատակվում է որպես Փոքր Ասիայում հրեաների բնակավայրերի հյուսիսային սահման) հանդիպում նրան:

«Ովքե՞ր են այդ մարդիկ»,- հարցնում է Ալեքսանդրը: «Քեզ չհնազանդվող հրեաներն են»,- պատասխանում են սամարացիները: Եվ երբ արքան տեսնում է Սիմեոնին, անմիջապես իջնում է մարտակառքից և խոնարհվում նրան: «Քեզ նման արքան խոնարհվում է այդ հրեայի՞ն»,- զարմացած հարցնում են նրան: «Երբ ես պատերազմ եմ գնում, այս մարդու արտաքինն ունեցող հրեշտակն օգնում է ինձ, որ թշնամիներիս հաղթեմ»,- պատասխանում է Ալեքսանդրը (այս մասին հիշատակում է նաև հրեա հռչակավոր պատմիչ Հովսեփոս Փլաբիոսը(37-100)), ապա դիմում է հրեաներին. «Ինչի՞ համար եք եկել»: «Տաճարը, որում մենք Աստծուն աղոթում ենք քեզ համար և քո թագավորության, պետք է կործանվի այս մարդկանց դրդումով»,- պատասխանում են եկվորները: «Ո՞ւմ դրդումով»,-հարցնում է Ալեքսանդրը: «Ահա այս սամարացիների, որոնք կանգնած են քո առաջ»: «Նրանց հանձնում եմ ձեր իշխանությանը»,- ասում է Ալեքսանդրը: Նա խաղաղությամբ մտնում է Երուսաղեմ:

Աստվածաշունչը` Ալեքսանդրի մասին

Ըստ ավանդության` Երուսաղեմում Ալեքսանդրի համար կարդում են աստվածաշնչյան Դանիելի մարգարեությունը, որում, ըստ հրեական մեկնաբանությունների, խոսվում է նաև Ալեքսանդրի և նրա ժառանգորդների ճակատագրի մասին: Ամենայն հավանականությամբ, խոսքը Դանիելի մարգարեության 3-րդ գլխում նկարագրված տեսիլքի մասին է:

«Իր թագավորութեան երկրորդ տարում Նաբուքոդոնոսորը երազ տեսավ։ Նրա հոգին խռովվեց, ու քունը փախավ աչքերից։ Թագավորն ասաց, որ կանչեն իմաստուններին, մոգերին, կախարդներին եւ աստղագուշակներին, որպեսզի թագավորին հայտնեն նրա երազը։ Նրանք եկան, կանգնեցին թագավորի առաջ, եւ թագավորն ասաց նրանց.

«Երազ տեսա, եւ հոգիս խռովվեց՝ երազս հասկանալու համար»։ Աստղագուշակները ասորերեն խոսեցին թագավորի հետ եւ ասացին. «Արքա՛, թող քո կյանքը հավիտյան լինի։ Դու երազդ ասա՛ քո ծառաներին, եւ մենք կմեկնենք այն»։ Արքան պատասխանեց եւ ասաց աստղագուշակներին. «Իմ խոսքը վճռական է. արդ, եթե ինձ չհայտնեք երազն ու նրա մեկնությունը, կորստի կմատնվեք, եւ ձեր տները ավերակ կդառնան, իսկ եթե երազն ու նրա մեկնությունը հայտնեք ինձ, դուք պարգեւներ, բազում ընծաներ եւ մեծ պատիվ կստանաք ինձնից, միայն թե հայտնեցե՛ք ինձ երազն ու նրա մեկնությունը»։

Երկրորդ անգամ պատասխանեցին նրան եւ ասացին. «Թող արքան ասի երազը իր ծառաներին, եւ մենք կհայտնենք նրա մեկնությունը»։ Արքան պատասխանեց եւ ասաց. «Հաստատ գիտեմ, որ դուք ուզում եք ժամավաճառ լինել, որովհետեւ տեսնում եք, որ իմ խոսքը վճռական է։ Եթե դուք երազը չհայտնեք ինձ, ուրեմն համաձայնվել եք սուտ եւ անճիշտ բաներ ասել ինձ, մինչեւ որ ժամանակն անցնի։ Ասացե՛ք ինձ իմ երազը, եւ կ՚իմանամ, որ նրա մեկնությունը նոյնպես կհայտնեք ինձ»։

Աստղագուշակները նորից պատասխանեցին թագավորին եւ ասացին. «Երկրի վրա չկա մի մարդ, որ կարողանա հայտնել թագավորի ուզած բանը։ Ոչ մի թագավոր եւ իշխան այդպիսի բան չի հարցնի իմաստունին, մոգին եւ աստղագուշակին, որովհետեւ այն բանը, որ թագավորն է հարցնում, ծանր բան է, եւ բացի աստվածներից, որոնք մարմնավորների մեջ չեն բնակվում, չկա ոչ մեկը, որ այն հայտնի թագավորի առաջ»։

Այն ժամանակ թագավորը մեծ բարկությամբ ու զայրույթով հրամայեց կոտորել բաբելացի բոլոր իմաստուններին։ Հրաման արձակվեց, եւ իմաստունները կոտորվում էին։ Փնտրում էին Դանիելին եւ նրա ընկերներին՝ սպանելու համար նրանց։ Այն ժամանակ Դանիելը խոհեմ եւ իմաստուն կերպով խորհրդակցեց արքայի դահճապետի՝ թագավորի իշխան Արիոքի հետ, որ ելել կոտորում էր բաբելացի իմաստուններին։ Դանիելը հարցրեց նրան եւ ասաց. «Ինչո՞ւ արքայի կողմից արձակվեց այդ խիստ հրամանը»։ Եւ Արիոքը այդ բանը հայտնեց Դանիելին։ Դանիելը մտավ արքայի մոտ եւ խնդրեց արքային, որ նրան ժամանակ տա, եւ ինքը դրա մեկնությունը կհայտնի թագավորին։

Դանիելը մտավ իր տունը եւ բանը հայտնեց իր ընկերներին՝ Անանիային, Ազարիային եւ Միսայելին։ Նրանք գթություն էին խնդրում երկնքի Աստծուց, որպեսզի նա Դանիելին ու իր ընկերներին կորստի չմատնի բաբելացի այլ իմաստունների հետ։ Այն ժամանակ գաղտնիքը Դանիելին հայտնվեց գիշերային տեսիլքում։ Դանիելը օրհնեց երկնքի Աստծուն եւ ասաց. «Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտյանս հավիտենից, որովհետեւ նրանն է իմաստությունը, հանճարը եւ զորությունը։ Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները։ Թագավորներ է կարգում եւ փոփոխում, իմաստուններին իմաստություն է տալիս եւ խելամիտներին՝ իմացություն, բացահայտում է խորին եւ ծածուկ բաները, գիտի, թե ինչ կա խավարում, եւ լույսը նրա հետ է։ Գոհություն քեզ, մեր հայրերի՛ Աստված, օրհնում եմ քեզ, որովհետեւ ուժ եւ իմաստություն տվեցիր ինձ եւ հայտնեցիր ինձ այն, ինչ որ մենք աղոթքներով խնդրեցինք քեզնից, եւ բացատրեցիր ինձ թագավորի տեսիլքը»։

Դանիելը մտավ Արիոքի մոտ, որին թագավորը նշանակել էր՝ կոտորելու Բաբելոնի իմաստուններին, եւ ասաց նրան. «Մի՛ կոտորիր Բաբելոնի իմաստուններին, այլ տա՛ր ինձ թագավորի առաջ, եւ ես թագավորին կհայտնեմ երազի մեկնությունը»։ Այն ժամանակ Արիոքը Դանիելին շտապ տարավ թագավորի առաջ եւ ասաց նրան. «Հրեաստանից գերի բերվածների մեջ գտա մի մարդ, որ երազի մեկնությունը պիտի հայտնի արքային»։ Թագավորը պատասխանեց Դանիելին, որի անունն էր Բաղդասար, եւ ասաց. «Կարո՞ղ ես պատմել ինձ իմ տեսած երազն ու հայտնել նրա մեկնությունը»։

Դանիելը պատասխանեց թագավորին եւ ասաց. «Այդ գաղտնիքը, որի մասին հարցնում է արքան, իմաստունները, մոգերը, հմայողներն ու բախտագուշակները արքային պատմել չեն կարող, այլ երկնքում կայ Աստուած, որ հայտնում է գաղտնիքները։ Նա՛ ցոյց տվեց Նաբուքոդոնոսոր արքային, թե ինչ պիտի լինի գալիք օրերում։ Քո երազն ու քո գլխում ծագած տեսիլքը, որ դու տեսել ես անկողնում, այս է, արքա՛. քո մտածումները, թե ինչ պիտի լինի սրանից հետոյ, քեզ մտատանջում էին քո անկողնում, եւ գաղտնիքները բացահայտողը ցոյց տվեց քեզ, թե ինչ պիտի լինի այսուհետեւ։ Գաղտնիքը հայտնվեց ինձ ոչ այն պատճառով, որ իմ մէջ ավելի իմաստություն կա, քան բոլոր բանականների մեջ, այլ որպեսզի մեկնությունը ցույց տրվի արքային, եւ դու իմանաս քո սրտի խորհուրդները։

Դու, արքա՛, ահա թե ինչ էիր տեսնում. քո առաջ կանգնած էր մի արձան, մի վիթխարի արձան, եւ նրա կերպարանքն ու տեսքը ահավոր էր։ Այդ արձանը շատ սարսափազդու էր։ Նրա գլուխը մաքուր ոսկուց էր, նրա ձեռքերը, կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից, սրունքները՝ երկաթից, ոտքերը՝ կեսը երկաթից եւ կեսը խեցուց։ Դու նայում էիր, երբ առանց ձեռք դիպչելու պոկվեց մի քար եւ հարվածեց արձանի երկաթյա եւ խեցե ոտքերին ու ամբողջովին փշրեց դրանք։ Միաժամանակ բոլորովին փշրվեցին խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին եւ դարձան ինչպես ամառվա կալի փոշի. սաստիկ քամին քշեց դրանք, ու տեղ չէր գտնվում դրանց համար։ Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, դարձավ մեծ լեռ ու լցրեց ամբողջ երկիրը։ Սա է երազը։

Իսկ այժմ թագավորին ասենք երազի մեկնությունը։ Դո՛ւ, ո՛վ արքա, արքայի՛ց արքա, որին երկնքի Աստվածը հզոր եւ փառավոր թագավորություն տվեց։ Դո՛ւ, որի ձեռքը տվեց մարդու որդիներին, վայրի գազաններին, երկնքի թռչուններին ու ծովի ձկներին, որտեղ էլ որ ապրում են նրանք, եւ քեզ տեր կարգեց բոլորին։ Դու ես ոսկյա գլուխը։ Քեզանից հետոյ ուրիշ թագավորություն պիտի բարձրանա, որ պիտի լինի քո թագավորությունից ցածր։ Ապա երրորդ՝ պղնձյա թագավորությունը պիտի տիրի ամբողջ երկրին։ Իսկ չորրորդ թագավորությունը, որ երկաթի պես ամուր պիտի լինի, պիտի փշրի եւ տրորի ամեն ինչ, ինչպես երկաթն է փշրում եւ տրորում ամեն բան։ Եւ քանի որ ոտքերի մատների կեսը երկաթյա եւ կեսը խեցուց էիր տեսնում դու, ապա այդ թագավորությունը պիտի բաժանվի, բայց եւ նրա մէջ երկաթյա ուժ պիտի լինի, ինչպես որ երկաթը խեցու հետ խառնված էիր տեսնում։ Ոտքերի մատների մի մասը երկաթ էր եւ մի մասը՝ խեցի. ուրեմն թագավորության մի մասը հզոր պիտի լինի, իսկ մյուս մասը՝ դյուրաբեկ։ Իսկ այն, որ դու երկաթը խեցուն խառնված էիր տեսնում, ապա այդպես էլ խառն են լինելու մարդկային սերունդները, բայց չեն միաձուլվելու իրար, ինչպես երկաթը չի զոդվում խեցուն։

Այդ թագավորների ժամանակ երկնքի Աստվածը պիտի բարձրացնի մի թագավորություն, որ հավիտյանս չի կործանվելու, եւ այդ թագավորությունը ուրիշ ազգի չի մնալու։ Այն պիտի փոշիացնի ու վերացնի բոլոր թագավորությունները եւ ինքը պիտի մնա հավիտյան։ Իսկ այն, որ դու տեսնում էիր, թե լեռից առանց ձեռք դիպչելու քար պոկվեց եւ մանրեց խեցին, երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին, ապա այդպես էլ մեծն Աստված ցույց տվեց արքային, թե ինչ պիտի լինի հետո։ Ճշմարիտ է երազը եւ ճշգրիտ՝ նրա մեկնությունը»։

Այն ժամանակ Նաբուքոդոնոսոր արքան երեսի վրա ընկավ եւ երկրպագեց Դանիելին, հրամայեց զոհեր ու անուշահոտ խնկեր մատուցել նրան։ Թագավորն ասաց Դանիելին. «Արդարեւ, ձեր Աստվածը աստվածների Աստվածն է, տերերի Տերը եւ թագավորների Թագավորը, որ բացահայտում է գաղտնիքները, քանի որ դու կարողացար հայտնել այդ գաղտնիքը»։ Եւ թագավորը մեծարեց Դանիելին, մեծամեծ ու բազում պարգեւներ տվեց նրան, Բաբելոնի վրա կառավարիչ նշանակեց նրան եւ նախարարների իշխան՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրա»։

Տեսիլքի մեկնությունը` հաջորդ համարում

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ