Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՅՈԴԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՅՈԴԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՎԱՐԴ ԱՐԱԲՅԱՆ
«Արաբկիր» բժշկական կենտրոնի
էնդոկրինոլոգ

Վերջին տարիներին բավականին շատացել են վահանաձև գեղձի ախտաբանական վիճակներով դեպքերը: Դա հիմնականում կապված է շրջապատում յոդի անբավարարության հետ: Վահանաձև գեղձը ներզատական գեղձ է` տեղակայված պարանոցի առաջնային մակերեսին, և նրա անատոմիական փոփոխությունները` հանգույցը, կիստան, ադենոման, չափսերի մեծացումը, կարող են նկատելի լինել անգամ անզեն աչքով:

Օրգանիզմում վահանաձև գեղձի դերը շատ մեծ է: Վահանագեղձի հորմոնագոյացման համար անհրաժեշտ է թիրոզին, սպիտակուց և յոդ: Օրգանիզմում թիրոզի անբավարարություն չի լինում, հարցը միայն յոդն է, որի պահանջը 150-200 մկգ է` օրվա ընթացքում: Հայաստանը, լինելով լեռնային գոտում, զուրկ է յոդի պաշարներից, քանի որ յոդի բնական աղբյուրը օվկիանոսներն են, ծովերը և ծովամթերքն ու ծովային օդը: Յոդն ստանում են արտաքին միջավայրից` օդի, ջրի և սննդի միջոցով: Մարդը յոդի օրվա պահանջի մոտ 58%-ը ստանում է բանջարեղենի միջոցով, 33%-ը` մսի, 4%-ը` ջրի և օդի:

Յոդի անբավարար քանակը շրջապատում բերում է մի շարք ախտաբանական վիճակների (յոդի անբավարարության), որը տարիքային տարբեր հասակներում տարբեր ձևերով է արտահայտվում: Կարող է նկատվել մտավոր և ֆիզիկական զարգացման հապաղում, ցրվածություն, ուշադրության թուլացում, սիրտ- անոթային համակարգի ախտահարում, խոլեստերինի բարձր մակարդակ, մազաթափություն, մաշկի չորություն, քաշի անհիմն ավելացում, փորկապության հակում, մրսկանություն, հաճախակի հիվանդացություն: Նման ախտանիշների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Այժմ կան ախտորոշման հնարավորություններ` գեղձի ուլտրաձայնային քննություն, ստուգվում է հորմոնների քանակը արյան մեջ: Վաղ ախտորոշումը և ժամանակին բուժումը կարող է վերականգնել առողջությունը:

Յոդի անբավարարությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ծովամթերք, յոդով հարուստ սնունդ(լոբի, ոլոռ, տավարի միս, կաղամբ, ձու, բազուկ, կարտոֆիլ…): Հետևել սննդակարգին, չչարաշահել ճարպերը, խուսափել վարակներից, օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ, ինչպես նաև պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները, որոնց խախտման դեպքում յոդի կլանումը վատ է կատարվում, կամ էլ ավելանում է յոդի պահանջը: