Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱԿՈՉԸ ԱՐԹԻԿՈՒՄ
ԶՈՐԱԿՈՉԸ ԱՐԹԻԿՈՒՄ

Արթիկի տարածաշրջանի համար այդ օրը խիստ տոնական էր` բանակ էին գնում երկու տասնյակից ավելի պատանիներ` Արթիկից, Պեմզաշենից, Փանիկից, Հառիճից, Սպանդարյանից, Լեռնակերտից, Նահապետավանից ու Լուսակերտից։

Զինակոչիկները զինկոմիսարիատի շենքում վերջին բուժզննումն էին անցնում, իսկ դրսում հարազատներն իրենց համար անսովոր շոգին համբերատար սպասում էին։ Զինվորական կոմիսար մայոր Տիգրան Նիկողոսյանը վերջին հրահանգներն էր տալիս իր ենթականերին` հընթացս ընդունելով զորակոչի օրվա կապակցությամբ իրենց շնորհավորելու եկած հյուրերին՝ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին (նա, ի դեպ, դատարկաձեռն չէր եկել և որպես խորհրդանշական նվեր` զինակոչիկներին էր բերել ձեռքի ժամացույցներ, ինչպես նաև «Հիշիր` Քեզ սպասում են», «Ոչինչ չունենք բանակից թանկ» գրքույկները), Գյումրիի տարածաշրջանի «Զորավար Անդրանիկ» հասարակական միության նախագահ և միջոցառման գլխավոր ոգեշնչողներից, ազատամարտիկ, պահեստազորի ավագ լեյտենանտ, Արթիկի կամավորական ջոկատի հրամանատար Գառնիկ Կակոյանին, ոստիկանության ՆԳ Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանին, քաղաքապետարանի ներկայացուցիչներին, լրագրողներին։

Միջոցառման հանդիսավոր մասն սկսվեց ժամը տասին։ Նախ՝ զորակոչիկները ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված հերոս արթիկցիների խաչքար-հուշակոթողին, ապա հանդիսավոր շարվեցին։ Հավաքվածներին դիմեց Արթիկի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Սողոմոն քահանա Մինասյանը։

Այնուհետև զորակոչիկներին դիմեց Մարգարիտա Խաչատրյանը.

-Սիրելինե՛րս, այսօր ձեր կենսագրության մի նոր, գեղեցիկ ու փառահեղ էջ է գրվում, քանի որ հենց այսօր տրվում է մեծ կյանք մտնելու ձեր մեկնարկը, և ես ցանկանում եմ, որ ինչքան գեղեցիկ ու հիշարժան լինի սկիզբը, նույնքան էլ ձեր ծառայության ընթացքն ու ավարտը։ Այդ փոքրիկ պատգամ գրքույկը, որ բաժանեցին ձեզ, ուշադիր կարդացեք և հիշեք, որ ձեզ սպասում են։ Հարգեք մեկմեկու, եղեք հանդուրժող և լավ իմացեք՝ ձեզնից յուրաքանչյուրի շնորհիվ է մեր Հայրենիքի ամեն լուսաբացը խաղաղ բացվելու։ Միշտ ձեր՝ Մարգարիտա Խաչատրյան։

Միջոցառման ավարտին զորակոչիկները շարժվեցին դեպի ավտոբուսը, ես էլ մինչ այդ զինվորական կոմիսարին խնդրեցի պատասխանել մի քանի հարցերի։

-Գարնանային զորակոչը Ձեզ համար առաջինն է զինվորական կոմիսարի պաշտոնում։ Շնորհավորում ենք նման պատասխանատու աշխատանքի նշանակվելու կապակցությամբ։

-Շնորհակալություն։ Այսօր զորակոչային չորրորդ օրն ենք ավարտում, և պետք է ասեմ, որ ընթացքը հուսադրող է։ Կարող եմ վստահորեն ասել, որ Արթիկի տարածքային զինկոմիսարիատը զորակոչային պլանը կկատարի։

-Գեղեցիկ և անչափ տպավորիչ միջոցառում էիք կազմակերպել։ Համոզված եմ` տղաները երբեք չեն մոռանա այս օրը։ Մի՞շտ եք այսպես զինակոչիկներին ճանապարհելու։

– Այստեղ մինչև իմ զինվորական կոմիսար նշանակվելն էլ նման ավանդույթ եղել է, և ես մտադիր եմ այն ավելի խորացնելու։ Այս մի քանի ամիսն էլ բավական էր, որ համոզվեի` արթիկցին պետություն հարգող ու բանակ սիրող է։

-Ինչ է, զորակոչից խուսափողներ չկա՞ն։

-Չներկայացողներ կան` չորս հոգի, խուսափողներ` ոչ։ Մշտապես տանում ենք բացատրական աշխատանքներ, որ ոչ մի հայ պատանի բանակից խուսափողի, հետախուզվողի խարանը չկրի։ Մեկը ունենք` ՌԴ-ից վերադարձած, որին էլ ուղեգրել ենք մայրաքաղաք` կրկնակի բուժհետազոտություն անցնելու։

-Բժշկական հանձնաժողովը համալրվա՞ծ է։

-Այո՛։ Մեր բժշկական հանձնաժողովը համալրված է բազմափորձ մասնագետներով, ինչպիսիք են վիրաբույժ Կոնստանտին Մուսինյանը, հանձնաժողովի ավագ բժիշկ Գնել Ասլանյանը, սրտաբան Մարո Յուզբաշյանը, թերապևտ Լուսինե Սարգսյանը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ