Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆՈՐՕՐՅԱ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ
ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆՈՐՕՐՅԱ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Հուլիսի 1-ին Բերձորի զինկոմիսարիատի բակում դարձյալ մարդաշատ էր: Արդեն երկրորդ անգամ շրջանի տարբեր համայնքներից՝ հարավային արաքսամերձ Միջնավանից մինչև հյուսիսային Շալուա, մի խումբ երիտասարդներ ժամեր անց պետք է համալրեն պաշտպանության բանակի շարքերը: Զորակոչային բաժնում զինկոմիսարի տեղակալ, կապիտան Ստեփան Օհանջանյանն ու բաժնի պետ, կապիտան Կամո Ալավերդյանը վերջին ճշտումներն են կատարում, լրացումներ անում զորակոչիկների՝ «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկում»:

-Այս գրքույկը տեղեկություն է պարունակում նորակոչիկի մասին, որը հիմնված է դպրոցի տված բնութագրի և այլ փաստաթղթերի վրա: Լրացումներ կկատարվեն նաև զորամասերում, այնուհետև կպահվեն զինկոմիսարիատում, մինչև անձի ծառայության ժամկետի ավարտը, -ասաց կապիտան Ալավերդյանը:

Միջնավանցի զորակոչիկ Արամազդ Կարապետյանի մասին գրքույկում գրված է. «Կրթությունը՝ 12-ամյա, բնավորությունը՝ մեծահոգի, տրամադրությունը՝ փոփոխական, սոցիալական վարքը՝ ընկերասեր, վնասակար սովորություններ՝ չունի և այլ տեղեկություններ»:

Զինկոմիսարիատի հարևանությամբ գտնվող հիվանդանոցում զինվորացու բոլոր տղաները վերջնական բժշկական զննման են ենթարկվում: Աղավնոյից զորակոչիկ Արմեն Պետրոսյանի եղբայրը՝ Վահեն, արդեն զինվոր է և ծառայում է Արցախի զորամասերից մեկում: Զորակոչիկը ցանկանում է նույն զորամասում ծառայել եղբոր հետ: Զորակոչիկները հիմնականում այս տարի են ավարտել միջնակարգը, և այդ պատճառով զորակոչը կատարվում է հուլիսին՝ ընդունելության քննություններից հետո: Բուհեր ընդունվածները առաջին կուրսն ավարտելուց հետո պետք է անցնեն ծառայության, իսկ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողները՝ մինչև ուսման ավարտը, եթե չի լրացել 20 տարին:

Գետափ գյուղի ծնունդ են երկվորյակ եղբայրներ Վահան և Վարդան Վարդանյանները: Միասին պետք է ծառայեն և պաշտպանեն հայոց սահմանը: Եկել էին լավ տրամադրությամբ և հաստատակամ, որ լինելու են հայոց բանակին արժանի զինվորներ: Իսկ Գարեգին Խաչատրյանը Շալուա համայնքից է, ապրում է տատի հետ:

-Պարտքս է, որ դառնամ հայրենիքիս, այսինքն՝ տատիս պաշտպանը, -ասում է նա և ավելացնում՝ կփորձի լավ զինվոր լինել:

Վերջապես տեղ են հասնում բոլոր զորակոչիկները և շարք կանգնում զինկոմիսարիատի միջանցքում՝ այն պատի տակ, որին փակցված են Մեծ Հայրենականի և Արցախյան գոյամարտի հերոսների լուսանկարները: Զորակոչային բաժնի պետը և զինկոմի տեղակալը մեկ անգամ ևս խորհուրդներ են տալիս զինվորացու տղաներին, բացատրում, թե ուր են գնալու, որն է նրանց առաքելությունը:

Քաշաթաղում մի բարի սովորություն կա՝ մինչև Բերձորից մեկնելը՝ զորակոչիկներն այցելում են տեղի Սուրբ Համբարձման եկեղեցի՝ ստանալու շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս Վարդապետի օրհնանքը: Հոգևոր հայրը բոլորին մաղթում է արիություն, առողջություն, անփորձանք ծառայություն՝ աղոթք հղելով առ Աստված, որպեսզի Արարիչը պահապան լինի մեր բոլոր զինվորներին:

Մեր օջախի երեկվա երեխաները մեկնեցին ծառայության՝ հրաժեշտ տալով ծնողներին, բարեկամներին, սիրած աղջիկներին: Գնացին երկու տարի պահպանելու մեր երկրի անդորրն ու անվտանգությունը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր