Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԵՂԵՑԻԿ Է ՍԹՈՒՆԻՍԸ
ԳԵՂԵՑԻԿ Է ՍԹՈՒՆԻՍԸ

Բավականին թեք սարալանջին է գտնվում գյուղը, և մի տան կտուրը մյուսի համար գրեթե բակ է դառնում: Առաջին հայացքից թվում է՝ երկհարկանի է եկեղեցին: Մուտքը հարավ-արևելքից է՝ պայտաձև կամարով, սրբատաշ անկյունաքարերով: Վերևում՝ դեպի աջ, կա փոքր պատուհան, իսկ երկրորդը, որն ավելի մեծ է, բացվել է նույնանման փոքրի տեղում ադրբեջանցիների կողմից, երբ եկեղեցին օգտագործել են հավանաբար որպես պահեստ… Արեւմտյան պատի մեծ պատուհանի վերևի մասում տանիքը քանդված է: Ներսի կողմից թաղակապ տանիքը պահում են կամարներն ու սյուները: Սուրբ խորանի 2 կողմերում կան խորշեր, որոնցից մեկը ուղղանկյուն է, իսկ մյուսի վերևը կամարաձև է: Խորանի և ձախ կողմի ավանդատան մեջտեղի սյունի ներքևի մասում խաչ է քանդակված, որի մի մասը թաղված է հողի մեջ: Մուտքի մոտի սյունը եռաթև է. մեկի վրա արձանագրություն կա, որը ծածկված է կրասվաղով: Մյուսների վրա հետաքրքիր ոճի 2 խաչեր են քանդակված: Արձանագրության որոշ տառեր բացվել են, սակայն կարելի է ամբողջը բացել ընթերցելու համար: Անհրաժեշտ է զգուշությամբ կատարել այդ աշխատանքը, դրա համար պետք է մասնագետներն աշխատեն: Այնուամենայնիվ, սրբատունը բավականին լավ վիճակում է մեզ հասել, կարևորը արձանագրությունները, քանդակները վնասված չեն: Արևմտյան պատի հարևանությամբ կան քարանձավներ, որոնք ժամանակին բնակելի են եղել և հավանաբար եղել են եկեղեցուն կից օժանդակ կացարաններ: Եկեղեցուց ցած փոքր գետակ է հոսում, որի աջակողմյան ափը խիստ զառիվեր է: Գետակի ափին վաղնջական ժամանակների քարանձավներ կան, ընդհանրապես շատ գեղեցիկ դիրք ունի գյուղը՝ շրջապատված անտառներով:

Զ. ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր