Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԻՇԽԱՆԱՁՈՐՈՒՄ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԻՇԽԱՆԱՁՈՐՈՒՄ

Քաշաթաղի շրջանն ունի բուժմիավորում, իսկ Բերձորում գործում է հիվանդանոց, Կովսականում նույնպես կա նման մի հիմնարկություն, Իշխանաձորում՝ բժշկական ամբուլատորիա, սակայն նշված բուժհաստատություններում տարբեր նեղ-մասնագիտական բժշկական հետազոտություններ հնարավոր չէ իրականացնել, քանի որ չկան համապատասխան սարքավորումներ, ամենակարևորը՝ մասնագետներ: ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ հունիսի 22-ին Իշխանաձորում կազմակերպվել էր խորացված բժշկական հետազոտությունների համար բաց դռների օր՝ շարժական լաբորատորիայով:

Հանրապետական հիվանդանոցից տարբեր մասնագետներ էին եկել: Տարածքի շուրջ 30 համայնքներից՝ Միջնավանից սկսած մինչև Տիգրանավան, 220-ից ավելի այցելուներ տեղում ե՛ւ բուժզննում անցան, ե՛ւ ստացան համապատասխան նշանակումներ ու խորհուրդներ մասնագետ-բժիշկներից: Քաշաթաղի բուժմիավորման գործադիր տնօրեն Կառլեն Բալայանն ասաց, որ գոհ է հանրապետական հիվանդանոցի բժիշկների կատարած աշխատանքից: Իրոք, նրանց այցը նպատակային էր, և շատ այցելուներ, որոնք զուրկ էին որակյալ բժշկական օգնությունից, հետազոտվեցին եւ ստացան ստացիոնար բուժման հնարավորություն: Նա ասաց, որ այս միջոցառումը լինելու է շարունակական, և նույն բժիշկները մոտակա օրերին հետազոտություն կանցկացնեն Բերձորի հիվանդանոցում՝ քաղաքի և հյուսիսային թևի համայնքների բնակչության համար:

Նյարդաբան Ռոբերտ Ղազարյանը գտնում է, որ իրենց այցերը շրջաններ պարտադիր են, քանի որ տեղերում կա մասնագետների պակաս: Սոնոլոգ Լիլիա Բաբայանի վերջին այցելուն 53-րդն էր: Բարեբախտաբար, այցելուների մեջ առողջական լուրջ խնդիրներ ունեցողներ չեն հայտնաբերվել: Ակնաբույժ Նարեկ Միքայելյանը, որ աշխատում է նաև Շուշիի հիվանդանոցում, 30 հետազոտում է անցկացրել, որից 10-ը՝ հետագա բուժման համար ուղեգրմամբ:

Կովսականի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լուսինե Սարգսյանն ուրախությամբ ասաց, որ տարածքի շատ բնակիչներ հետազոտվեցին հանրապետության լավագույն բժիշկների մոտ, քանի որ իրենց մոտ հնարավոր չէ որոշ նեղ-մասնագիտական բժշկական և լաբորատոր հետազոտություններ իրականացնել: Կովսականի հիվանդանոցի շենքում դեռևս շինարարական աշխատանքներ են ընթանում: Բուժհիմնարկն առայժմ գործում է հարմարեցված շենքում:

Ինչ խոսք, շատ կարևոր են նման միջոցառումները, անցած տարիներին նույնպես բժիշկներ են եկել Երևանից, Կապանից, Գորիսից, Վայոց ձորի մարզից: Շատ բնակիչներ են հետազոտվել, սակայն կա մեկ խնդիր՝ բարելավել նաև Բերձորի հիվանդանոցը: Հիվանդանոցի համար այժմ նոր շենք է կառուցվում, բայց ամենակարևորը բուժհաստատությունը բազմապրոֆիլ որակյալ մասնագետներով և ժամանակակից սարքավորումներով ապահովելու խնդիրն է:

Զ. ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր