Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՆԱԿԸ ԿՀԱՄԱԼՐԵՆ ԱՄՈՒՐ ՏՂԱՆԵՐԸ
ԲԱՆԱԿԸ ԿՀԱՄԱԼՐԵՆ ԱՄՈՒՐ ՏՂԱՆԵՐԸ

Զորակոչն ընթանում է բնականոն հունով

Հանրապետությունում ընթանում է հերթական գարնանային զորակոչը։ Մեկը մյուսի հետևից կենտրոնական հավաքակայան են մուտք գործում զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսները Սիսիանից, Ախուրյանից, Արմավիրից, Հրազդանից, Արտաշատից, մայրաքաղաքի Արաբկիրի, Շենգավիթի շրջաններից։ Զինակոչիկները, մեծ ու փոքր ուղեպարկերը ուսած, կանգնում են եռաշարք, ապա զորակոչային բաժնի տեսուչների ուղեկցությամբ շարժվում դեպի սպասասրահ, որտեղից էլ ըստ հաջորդականության նրանց ընդունում է հավաքակայանի մանդատային հանձնաժողովը` փոխգնդապետ Ա Ավանեսյանի գլխավորությամբ։

-Մարմնի վրա դաջվածքներ ունեցողներ, օտար լեզուներին տիրապետողներ, զինակոչիկ, որի հայրը, մայրը կամ էլ եղբայրը զոհվել կամ հաշմանդամ է դարձել Արցախյան պատերազմի ժամանակ, կա՞ շարքում,- դիմելով երիտասարդներին՝ ընդգծված առոգանությամբ հետաքրքրվում է փոխգնդապետը և դրական պատասխան ստանալու դեպքում համապատասխան նշումներ կատարում գրանցամատյանում։

Կենտրոնական հավաքակայանում մեր առաջին ծանոթությունը կայացավ սիսիանցի զինակոչիկների` ծնունդով բռնակոթցի եղբայրներ Մելիք-Թանգյան Մովսեսի և Ներսես Թանգյանի, անգեղակոթցի Ռոբերտ Գևորգյանի, աշոտավանցի ՈՒրարտու Ղուկասյանի, ուրծեցի Համբարձումյան Հմայակի, վաղուդցի Գոռ Աթայանի և սիսիանցի Վահե Սաֆրազյանի հետ։

Մովսեսն ու Ներսեսը, պարզվեց, քաջածանոթ են բանակային անցուդարձին, ժամկետային ծառայության նրբություններին։

-Ամեն ինչ լավ կլինի, երկու տարի է` կծառայենք պատվով ու կվերադառնանք տուն։ Առհասարակ, սահմանամերձ բնակավայրի բնակիչները լավ գիտեն բանակի նշանակությունը, թե որքան կարևոր է ծառայությունը զինված ուժերում,- նկատեց Մելիք -Թանգյան Մովսեսը։

Սիսիանցի Վահե Սաֆրազյանը ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի բաժինը` բարձր առաջադիմությամբ։

-Ընկերներ ունեմ, որոնք ծառայել-վերադարձել են, մի քանիսն էլ շարունակում են ծառայությունը սահմանամերձ զորամասերում։ Պարբերաբար մեր ընկերախմբով այցելել ենք այս կամ այն ծառայող ընկերոջը, և հենց այդ շփումների շնորհիվ էլ շատ լավ պատկերացում ենք կազմել բանակային առօրյայի մասին,- մեր զրույցին է միանում Վահեն։

Ինձ հաճելիորեն զարմացրեց զինակոչիկների բարձր և ուրախ տրամադրությունը, ինչը վարակիչ էր նաեւ մյուսների համար։

-Պարո՛ն մայոր, մարդ բանակ պետք է գնա բարձր տրամադրությամբ։ Ինչպես գնաս, այդպես էլ կվերադառնաս,- վստահ է ծնունդով վաղուդեցի Գոռ Աթայանը։

Հրազդանի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Հովհաննիսյանի տրամադրությունը նույնպես բարձր է։

– Մեր զինկոմիսարիատն իր առջև դրված առաջադրանքը շարունակում է լավ կատարել։ Խուսափողներ չունենք, իսկ արտերկրից կամովին վերադարձողներ այս զորակոչին եւս կան, ինչը վկայում է, որ մեր երիտասարդների մտածելակերպում այս առումով նկատելի առաջընթաց կա,- ասաց զորակոչային բաժանմունքի պետը։

Ախուրյանցիներ` հացիկցի Աշոտյան Աշոտը և Վահրամաբերդցի Խաչատրյան Սեդրակը պրոֆեսիոնալ մարզիկներ են, առաջինը ազատ ոճի ըմբիշ է, երկրորդը` ծանրամարտիկ։ Սեդրակը 2012 թ. 85 կգ քաշային կարգում դարձել է Հայաստանի երիտասարդների հաղթող։ Նույն թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, գրավել 8-րդ տեղը, իսկ 2013 թ. Հայաստանի մեծահասակների առաջնությանը գրավել է երրորդ պատվավոր տեղը։ Սպորտի վարպետ է։

-Պարտքս կատարեմ, զորացրվեմ՝ կշարունակեմ մարզումներս, սպորտն իմ տարերքն է, կյանքս չեմ պատկերացնում առանց սպորտի,- անկեղծանում է ախուրյանցի հսկան։

Ի դեպ` Սեդրակի եղբայրը «լեյտենանտ» զինվորական կոչումով ծառայում է ազգային բանակի սահմանամերձ զորամասերից մեկում։

-Ես հպարտ եմ իմ զինվորական եղբորով,- ասաց Սեդրակը և վազեց հեռացող շարքի հետևից։

Ախուրյանցի Վոլոդյա Պողոսյանը, ինչպես հանրահայտ կինոնկարի Աշխարհաբեկը, հպարտ-հպարտ քայլում էր շարքի առջեւից։ Տեսնելով զարմացած հայացքս՝ կանխեց հարցս.

-Հասակս 1 մ 98 սմ է։

-Ի՞նչ զորամասում կցանկանայիր ծառայել,- հարցնում եմ նրան։

– Սահմանամերձ զորամասում, ինչպես ավագ եղբայրս,-Հրաչը պատասխանեց առանց երկմտելու։

– Մեր Վոլոդյան անհանգստանում է` տեսնես իր հագով շոր կճարվի՞,- կատակեց ընկերներից մեկը։

– Բանակում ամեն ինչ էլ ճարվում է, առաջվանը չի- ասաց Ախուրյանի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի ավագ տեսուչ, ենթասպա Արտյոմ Ռաֆայելյանը` ենթականերին տալով երկշարք շարվելու հրամանը։

Մեր այցի պահին ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի բժիշկ-ռենտգենոլոգ, բ/ծ կապիտան Անահիտ Գևորգյանը և Երևանի կայազորային հոսպիտալի բժիշկ-ռենտգենոլոգ բ/ծ կապիտան Կառլեն Ավագյանը կարդում էին զինակոչիկների ֆլյուրոգրաֆիկ նկարները։

-Այսօր դեռ ոչ մի զինակոչիկի չենք ուղարկել կրկնակի հետազոտության։ Որևէ ախտաբանական փոփոխություն հայտնաբերելու դեպքում անպայման ուղարկում ենք մասնագիտացված բժշկական հիմնարկներ` լրացուցիչ հետազոտության,- ասաց կապիտան Կ.Ավագյանը։

Կենտրոնական զինկոմիսարիատից են զորակոչվել Ռոբերտ Կարապողոսյանը, Ջանիկ Առաքելյանը, Նարեկ Գրիգորյանը, Հայկ Բարսեղյանը։ Հայկը ավարտել է ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը, «դուքենդո» մարտարվեստից սև գոտի առաջին դան է։

Ֆիզիկապես առողջ, ամուր կազմվածքով այս տղաները վաղը ևեթ կհամալրեն ազգային բանակի շարքերը` իրենց ազնիվ ու նվիրված ծառայությամբ պահպանելու բաղձալի խաղաղությունը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ