ԿԻՆԸ
Արշակ Զաքարյանի հետ այս զրույցի առիթը նրա «Կինը» 12 րոպեանոց կարճամետրաժ կինոնկարն է: Ֆիլմի սյուժեն պարզ է ու միագիծ, ժամանակի ընդգրկումով` սեղմ, կերպարների քանակով` սահմանափակ: Ընդամենը մեկ գիշեր և մեկ լուսաբաց` Արցախյան պատերազմում ամուսնուն ու եղբորը կորցրած կինը բանակ է ճանապարհում միակ որդուն:
Զարուհի Հակոբյանի կերտած «Կինը» պաթետիկ լոզունգային կերպար չէ, նա հայ կին է, որը գիտի` ինչ ասել է պատերազմ, վիշտ ու կորուստ: Նա «նժարել է» հայրենիքը սեփական ցավով ու մինչև հատակն է ըմպել տառապանքի գավաթը: Եվ այսօր կանգնած է նոր «փորձության» առջև` հայրենիքի հանդեպ պարտքի և մայրական սիրո ճամփաբաժանին:
– Պարոն Զաքարյան, մինչև ֆիլմին անդրադառնալը ինձ մի հարց է հետաքրքրում, ինչպե՞ս ծնվեց այս ֆիլմը նկարահանելու մտահղացումը: Դուք, որքան ինձ հայտնի է, չունեք համապատասխան կրթություն, բայց վերջերս սոցիալական բնույթի տեսահոլովակներ եք նկարահանում` բոլորն էլ ազգային- հայրենասիրական բովանդակությամբ:
– Մանկուց եմ երազել դերասան դառնալ: Բայց հայրս դեմ էր, ասում էր` «Դերասանի վաստակով տուն չես պահի»: Հայրս թույլ էր տալիս հաճախել Հենրիկ Իգիթյանի արվեստի կենտրոն` պայմանով, որ դպրոցն ավարտելուց հետո որևէ «ծանրակշիռ» մասնագիտություն ընտրեմ: Արվեստի կենտրոնում իմ ուսուցիչն էր Գրիգոր Տալյանը (այժմ հոգևորական է` Տեր Կյուրեղ անունով): Նա ահռելի ազդեցություն է ունեցել իմ ներաշխարհի, գեղարվեստական ճաշակի ձևավորման վրա, նա է հղկել իմ բարոյական կերպարն ու մտածելակերպը: Գրիգոր Տալյանը ժամերով խոսում էր մարդկային հարաբերությունների, բարու և չարի, առաքինությունների և մոլորությունների մասին: Երբ նրան մեղադրեցին թատրոնի համար նախատեսված ժամերը բարոյախոսական զրույցներին տրամադրելու համար, Գրիգոր Տալյանը պատասխանեց. «Եթե իմ երեխաները գնան բիզոն փրկելու, ես կհամարեմ, որ կատարել եմ իմ առաքելությունը (ժամանակին հայտնի ֆիլմ կար կենդանի թիրախ օգտագործվող բիզոններին փրկող երեխաների մասին)»:
Տարիներ անց, երբ վերհիշում էի այս ամենը, հասկացա, թե որքան ճիշտ էր բնորոշում ուսուցիչս արվեստի դերակատարումը մեր կյանքում: Առանց ճշմարիտ արվեստի մենք չենք ունենա «բիզոն փրկողների» հասարակություն` զգայուն, գթասիրտ, համարձակ, ըմբոստ անհատներով:
…Հայրս պարզապես արգելեց թատերական ինստիտուտ դիմել, և ես դարձա պոլիտեխնիկի ուսանող, բայց ուսումնառության տարիներին բուհի թատերական խմբակով ավելի շատ էի զբաղվում, քան դասերով… Հետո խաղացի տարբեր բազմասերիանոց ֆիլմերում:
– Ինչպես՞ ծնվեց «Կինը» ֆիլմը:
– ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանում Ռուբեն Քոչարի ֆիլմի նկարահանումների ժամանակ մեզ մոտեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հարցրեց` էս ի՞նչ եք անում: Ասացինք` ֆիլմ ենք նկարում: Մտահոգ նայեց, հետո ասաց` մի ֆիլմ էլ բանակի մասին նկարեք. բանակին շատ է պետք…: Ասաց ու գնաց: Ես ծանոթ էի Սեյրան Օհանյանի կենսագրությանը, անցած ճանապարհին: Ու չէի կարող չարձագանքել:
– Ֆիլմը շատ խիտ է, տարողունակ: Յուրաքանչյուր երկխոսություն, յուրաքանչյուր դրվագ իր ենթատեքստն ունի: Նախ` ինչու՞ «Կինը» և ոչ «Մայրը»…
– Որովհետև խոսքը միայն հայ կնոջ մայրական զգացմունքների մասին չէ: Ես ցանկացել եմ ներկայացնել հայ կնոջն իր ամբողջ դերակատարումով ու առաքելությամբ` որպես ընտանիքի բարոյականության կերտող, օջախի ամրության գրավական, ու զերծ մնալ արհեստականությունից: Հայ կինը հայրենիքի հիմքն է և իր փխրուն ուսերին շատ մեծ բեռ է տանում:
– Շատ հետաքրքիր լուծում է կնոջ երկու հարազատների` Արցախյան պատերազմում զոհված ամուսնու և եղբոր ներկայությունը ֆիլմում: Նրանք ներկայանում են որպես իրական կերպարներ, քայլում են, խոսում, ծիծաղում…
– Ամուսնուն տեսնելով՝ կինը հարցնում է` եկա՞ր: Ամուսինը պատասխանում է` ես չէի էլ գնացել: … Հերոսները չեն հեռացել ու երբեք չեն հեռանալու: Նրանց ոգեղեն ներկայությունը գոտեպնդելու է մեզ ամեն օր, ամեն ժամ, բազմապատկելու է մեր ուժը, նրանց սխրանքը բարոյական չափանիշներ է հուշելու, դառնալու է խղճի հավատաքննիչ: Նրանք շարունակվելու են գալիք սերունդների մեջ, վեհացնելու են ամենագորշ ժամանակներն անգամ ու անպարտելի են դարձնելու հայոց ոգին:
-Հատկանշական է, որ հենց նրանք են ապագա զինվորին բանակ ուղեկցում` Արցախյան պատերազմում զոհված հայրն ու քեռին:
– Երկու պապերը` երկուսն էլ Արցախյան պատերազմում որդի կորցրած, գալիս են բանակ ճանապարհելու իրենց թոռանը:
Նրանք չեն կոտրվել, պինդ են և դեռ ունեն հայրենիքին տալու իրենց բաժինը: Որդիներն են լրացնում զոհված հայրերի տեղը շարքում:
– «Կամավորականից կամավորական է ծնվում, դասալիքից` դասալիք»` հերոս քեռին է ասում:
– Սա ֆիլմի գլխավոր հղումներից մեկն է… հաղթողից հաղթող է ծնվում, պարտվողից` պարտվող:
– Պիտի հիշեմ նաև մի շատ ուժեղ, դիպուկ ու խորախորհուրդ դրվագ… մայրը հրամայում է զոհված ամուսնուն ու եղբորը. «Օր ու գիշեր կհսկե՛ք որդուս, չթողնեք, որ քնի դիրքերում»: Մայրը չի ասում` չթողնեք, որ որդուս գնդակ դիպչի, ասում է` չթողնեք, որ քնի: Այսինքն` որդու ֆիզիկական պաշտպանվածությունը չի առանձնացնում հայրենիքի պաշտպանվածությունից, մանավանդ` չի գերադասում:
– Զոհված ազատամարտիկները զինվորի կողքին են լինելու նաև հայրենիքի սահմանը պաշտպանելիս, կռվելու են նրա հետ իրենց ոգեղեն ներկայությամբ: Այսինքն` մենք բազմապատկված ուժ ենք հանելու հակառակորդի դեմ, եթե անհրաժեշտ լինի:
– «Ողջ – առողջ տուն կբերեք որդուս»` հրամայում է մայրը: Ո՞ւմ է ուղղված այս «պահանջատիրությունը»:
– Պաշտպանության նախարարից մինչև յուրաքանչյուր լեյտենանտի, գեներալից մինչև յուրաքանչյուր ենթասպայի, մայրը իրավունք ունի պահանջատեր լինելու:
– Ֆիլմը նկարահանված է շքեղ առանձնատանը: Փաստորեն, սա հարուստ, ապահով ընտանիքի պատմություն է, թվում է` այդպես չպիտի լիներ:
– Ինչու՞… Ես ցանկանում եմ, որ վերանա այն կարծրատիպը, թե Արցախյան պատերազմում կռվել է միայն ընչազուրկ խավը, և հայրենասիրությունը սոցիալապես անապահով խավի մենաշնորհն է: Այս մտայնությունը պառակտում է ազգը, թուլացնում է մեր հավաքական ուժը:
– Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ ինչպես համացանցում, այնպես էլ արտերկրում ցուցադրվելիս:
– Ես ուզում եմ մեջբերել մի մեկնաբանություն, որը տեղադրվել էր համացանցում. «Ես 28 տարեկան եմ, ամուսինս` 32: Երկու փոքրիկ տղա ունենք: Ամեն անգամ բանակից մի վատ լուր լսելիս ամուսնուս ասում էի` մի բան մտածիր, որ տղաներս բանակ չգնան:
Ամուսինս բարկանում էր` ես Արցախում եմ ծառայել, տղաներս էլ պիտի ծառայեն: Ֆիլմը դիտելուց հետո ես փոխեցի կարծիքս: Հիմա ինքս ինձ զգում եմ երկու հայ տղաների հպարտ մայրիկ, որը պիտի չոր աչքերով բանակ ճանապարհի իր որդիներին և մեծ հպարտությամբ ու ուրախ սրտով դիմավորի: Դուք հասաք ձեր նպատակին»…
– Թույլ տվեք մի կարծիք էլ ես մեջբերեմ: Գրում է Ռուբենը. «Հրաշալի ֆիլմ է: Հայոց բանակի կայացման, ներքին կարգուկանոնի հաստատման մեջ անչափ կարևոր է ընտանիքի, մասնավորապես` հայ կնոջ դերը: Քանի որ հենց հայ կինը` մայրն է ձևավորում ապագա զինվորի ու սպայի բարոյական նկարագիրն ու արժեհամակարգը»:
-Իսկ Վարդան Օնանյանը գրում է. «Հուզմունքից արտասվեցի – փա՛ռք մեր զինվորին, փա՛ռք մեր բանակին` երեկվա, այսօրվա, վաղվա»:
– Ի՞նչ անելիքներ, ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Վերջերս սոցիալական տեսահոլովակ եմ նկարել` թուրքական ապրանքները բոյկոտելու կոչով: Հոլովակում թուրքական ապրանք գնած հայի փողը հասնում է Թուրքիա, հետո` Ադրբեջան, դառնում է փամփուշտ, ուղղվում է այն նույն հայի զինվոր որդու վրա, որը գնել էր թուրքական ապրանքը:
– Կարելի՞ է հարցնել, թե ի՞նչ միջոցներով և ու՞մ պատվերով եք նկարահանել «Կինը» ֆիլմը և մյուս սոցիալական տեսահոլովակները:
– Սեփական միջոցներով և իմ նախաձեռնությամբ: Սա հայի իմ պարտքն է երկրիս բանակի հանդեպ: Բայց այս թուրքական ապրանքները բոյկոտելու հոլովակին մասնակցել են նաեւ բազմաթիվ հայրենասեր քաղաքացիներ իրենց օգնությամբ, և հատկապես կուզենայի նշել Արման Գրիգորյանին ԱՄՆ-ից…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում