Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության զարգացումը գերակա խնդիր է: ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ Ռազմական կրթության հայեցակարգի համաձայն` «Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը»: Ստորև ներկայացվող հոդվածում արծարծվում են այդ նպատակի իրականացմանն առնչվող խնդիրներ:

Սկիզբը՝ նախորդ համարներում

4. ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱ

ՀՀ ռազմական բուհերի ուսումնական նյութատեխնիկական բազան հագեցված է մասնագիտական և հատուկ լսարաններով, լաբորատորիաներով, գրադարաններով, կրակադաշտերով, վարժասարքերով և սարքավորումներով, ուսումնամարզական, մարզական տեխնիկայով, ինչպես նաև սպառազինությամբ և մարտական տեխնիկայով, որոնց ուսումնական նպատակներով պարտադիր կիրառումը ռազմական բուհի առանձնահատկություններից է:

Ռազմական բուհերի ուսումնական նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջներից է համապատասխանությունը գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին:

Ռազմական բուհերում մշակվել են մասնագիտական առարկաների ուսուցման համար նախատեսված ուսումնական նյութատեխնիկական բազայի օգտագործման առանձնահատուկ տարբերակներ: Օրինակ՝ «Կրակային պատրաստություն» առարկայից տեսական պարապմունքները՝ դասախոսությունները, սեմինարներն ու խմբային քննարկումներն անցկացվում են մասնագիտական լսարաններում, իսկ գործնական պարապմունքները՝ համակարգչի, վարժասարքի, ուսումնական տեխնիկայի, ուսուցման վերջնական փուլում՝ նաև մարտական տեխնիկայի օգտագործմամբ, կրակադաշտերում և զորավարժարաններում:

Ռազմական բուհերին նոր նմուշի տեխնիկայով, սարքավորումներով և վարժասարքերով ապահովելը ծախսատար է թե՛ ժամանակի, և թե՛ ֆինանսական առումով սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բարձրակարգ ռազմական մասնագետներ պատրաստելը երկրի պաշտպանական ռազմավարության գործընթացի կարևոր խնդիրներից է:

5. ԴԻՄՈՐԴՆԵՐ

Եթե բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով դիմորդ սպաների գիտելիքների և մասնագիտական ունակությունների մակարդակը կանխատեսելի է, ապա ռազմամասնագիտական բուհերի հարցում ի հայտ են գալիս մի շարք բարդություններ, որոնք վերաբերում են ոչ միայն պաշտպանական գերատեսչությանը, այլ նաև պետությանը և նրա ընդհանուր կրթական համակարգին:

Որպես կանոն, ապագա կուրսանտների ընտրությունը կատարվում է գործող օրենքների համաձայն, սակայն հանրակրթական դպրոցներում ստացած գիտելիքների ցածր մակարդակը, զորակոչային տարիքից շուտ ծառայության մեջ ընդգրկվելը, առողջության հետ կապված պրոբլեմները և այլ խնդիրներ բացասական ազդեցություն են գործում ռազմական բուհի ուսումնական գործընթացի վրա: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, կուրսանտների10-15%-ը ուսումնառության առաջին ամիսներին, հանդիպելով զինվորական ծառայության հետ կապված դժվարությունների, օրեցօր ավելացող կրթական պահանջների, հրաժարվում է շարունակել հետագա ուսումը: Կուրսանտների ընտելացման ժամանակահատվածում առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով ռազմամասնագիտական բուհերում հրամանատարների ու դասախոսների համար մշակվում են մեթոդական ցուցումներ, կուրսանտի հոգեբանական անկայուն վիճակը հաղթահարելու թեստեր և այլ ուղեցույց փաստաթղթեր:

Բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն ընդունվող սպան, որպես կանոն, պետք է ունենա բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն, մասնակցած լինի հրամանատարական (մասնագիտական) դասընթացների, զբաղեցրած լինի իր կրթությանը համապատասխան հրամանատարական պաշտոն, երաշխավորված լինի հրամկազմից: Ներկայացվող պահանջները հնարավորություն են տալիս ճիշտ ընտրություն կատարելու և ունենալու բանիմաց ունկնդիրներ:

Ունկնդրի (կուրսանտի) գիտելիքների գնահատման որակյալ համակարգի մշակումը ռազմական բուհի հիմնական գործառույթներից է: Ոչինչ չի քայքայում կրթության որակն այնպես, ինչպես գնահատման և գնահատականների վատ համակարգը: Որակավորման պետական կրթական չափորոշիչներում ունկնդրի (կուրսանտի) գիտելիքների ստուգման և գնահատման համար ռազմական բուհերին տրվել է գնահատման համակարգի տեսակը, գնահատման սանդղակը ու կարգը ինքնուրույն ընտրելու և սահմանելու հնարավորություն: Այսպես՝ հրամանատարաշտաբային դասընթացներում պլանավորվում է սահմանել գիտելիքների գնահատման «ստուգված», «չստուգված» և գնահատականի քսան բալային համակարգը:

Շարունակելի

ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Ռազմական


27/06/2013