Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՆՉՈ՞Ւ ՇՎԵԴՆԵՐԸ
ԻՆՉՈ՞Ւ ՇՎԵԴՆԵՐԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է 5-ՐԴ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԾԱՆԻՉ ԱՐՏԱԴՐԵԼ

Որոշ փորձագետների համար անսպասելի էր, երբ Թուրքիան անցյալ տարվա փետրվարին 5-րդ սերնդի կործանիչ արտադրելու համար որպես գործընկեր ընտրեց շվեդական «Saab» աերոտիեզերական (չշփոթել ավտոմեքենա արտադրող համանուն ընկերության հետ) ընկերությանը: Մինչ այդ Թուրքիային իրենց ծառայությունն էին առաջարկում Իտալիայի ավիաշինարարները: Բացի դրանից, հավանական գործընկերների ցանկում էին նաև Հարավային Կորեան և Բրազիլիան, որոնք նույնպես շահագրգռված են սեփական արտադրության 5-րդ սերնդի կործանիչ ունենալու հեռանկարով: Բայցեւայնպես, Թուրքիան ընտրեց «Saab»-ը:

Երկարատև բանակցություններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պայմանավորվել է «TF-X» կործանիչի ստեղծման հարցում համագործակցել շվեդական ընկերության հետ: «Saab»-ն արդեն իսկ խորհրդատվական աջակցություն է ցույց տվել թուրք մասնագետներին, եւ մոտ ժամանակներս արդեն Թուրքիայի ռազմաօդային ուժերին և ռազմական արդյունաբերության քարտուղարությանը կներկայացվեն մարտական ինքնաթիռի երեք նախագծեր, որպեսզի զինվորականներն ընտրեն դրանցից որեւէ մեկը:

Ակնկալվում է, որ նախագծերը զինվորականներին կցուցադրվեն 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբերին: Գիտահետազոտական փուլի աշխատանքներից փորձակառուցողական փուլին անցնելու թույլտվություն պետք է տա Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը:

Նկատենք, որ Թուրքիան առանց օգնության չի կարող «զրոյից» ստեղծել այնպիսի ժամանակակից մեքենա, ինչպիսին 5-րդ սերնդի կործանիչն է: Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի գիտաշխատող Գուննար Էլիասոնի խոսքով, արդյունաբերության ցանկացած ճյուղում երկարաժամկետ մրցունակություն ապահովելու համար անհրաժեշտ է, որ տվյալ երկրում լինեն մեկ կամ մի քանի տեխնոլոգիապես զարգացած ընկերություններ, որոնցից կարող են սովորել մյուսները: Թուրքիայում այդպիսիք չկան. «Turkish Aerospace Industries» (TAI) ընկերությունը կործանիչ արտադրելու փորձ չունի, և ուրեմն` ստիպված է ապավինել ուրիշների օգնությանը:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է թուրքերի ընտրությունը կանգ առել հենց շվեդական «Saab»-ի վրա: Այս դեպքում, թերեւս, վճռորոշ դեր են խաղացել երկու գործոններ, որոնցից հիմնականը գինն է: «Saab»-ի ներկայացուցիչները պնդում են, որ իրենց արտադրանքի առավելություններից մեկը ինքնաթիռի և դրա սպասարկման ծախսերի համեմատական էժանությունն է, որին արտադրողները հասնում են աշխատանքի հատուկ կազմակերպման շնորհիվ: «Saab»-ի արտադրած 4-րդ սերնդի «Saab JAS 39 Gripen» բազմանպատակային կործանիչ-գրոհիչ-հետախույզի ցուցադրական նմուշը, օրինակ, հաշվարկային ինքնարժեքից 40%-ով էժան է ստացվել, ինչով և հպարտանում են ընկերության ներկայացուցիչները: Այն, որ Թուրքիան կարևորություն է տալիս նախագծի էժանությանը, ակնհայտ է դառնում թուրքական TAI ընկերության ներկայացուցչի խոսքից. «…Եթե հաշվարկների արդյունքում պարզվի, որ կործանիչի վերջնական գինը 40-50%-ով բարձր է համաշխարհային շուկայում մատչելի համարվող մարտական ինքնաթիռների գնից, ապա Էրդողանը նախագծից կհրաժարվի»:

Երկրորդ գործոնը, որը շահեկան է դարձնում շվեդական ընկերության հետ գործարքի կնքումը, հետեւյալն է. «Saab»-ը ոչ թե պարզապես կործանիչ է արտադրում, այլ «կործանիչ՝ տվյալ երկրի համար»` հաշվի առնելով պատվիրատուի յուրահատուկ պահանջները:

Իհարկե, գաղտնիք չէ, որ «Saab»-ը աշխարհի լավագույն ինքնաթիռաշինական ընկերությունը չէ: Երեք տարի առաջ նա դուրս մնաց Հնդկաստանի համար 126 կործանիչ արտադրելու` 11 մլրդ դոլար արժողությամբ պատվերի հավակնորդ ընկերությունների ցուցակից: Իսկ շվեդական «Գրիփեն» կործանիչի գնորդներն էլ աշխարհի հզորագույն պետությունները չեն (Չեխիա, Հունգարիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն և Թայլանդ): Բրիտանացիներն այդ մեքենաներն օգտագործում են որպես ուսումնական` իրենց օդաչուներին մարզելու նպատակով:

«Saab»-ի նման ընկերությունների «հույսը» որոշ զարգացող երկրներն են (Թուրքիան այդ թվում), որոնք ուզում են հզորացնել իրենց ռազմաօդային ուժերը և միևնույն ժամանակ ձերբազատվել այդ ոլորտում զարգացած երկրների կախվածությունից: Ըստ որոշ գնահատականների` Թուրքիայի պահանջարկը կազմում է 250 կործանիչ, ինչը շվեդական ընկերության համար իսկական «ոսկու հանք» է:

Անշուշտ, թուրք ճարտարագետների առջև ծառացած է շատ բարդ խնդիր. նրանք պետք է հաշվարկեն կործանիչների շահագործման ժամկետները, ինչպես նաեւ տվյալ ժամանակահատվածի համար կործանիչաշինության ոլորտի հնարավոր զարգացման միտումները, որպեսզի իրենց արտադրանքը ստեղծման պահին իսկ արդեն հնացած չլինի: Ըստ թուրքերի նախնական գրաֆիկի` «TF-X»-ի առաջին թռիչքը ծրագրվում է 2023թ.` Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակի տարում: Ընդ որում, ինքնաթիռների արտադրությունը պետք է սկսվի 2022թ., իսկ առաջին կործանիչները Թուրքիայի ՌՕՈՒ-ին պետք է տրվեն 2025թ.: Այդ տեսակի վերջին ինքնաթիռը ՌՕՈՒ-ը պետք է ստանա 2035թ.: Ակնկալվում է, որ թուրքական ՌՕՈՒ կազմում դրանք կծառայեն առնվազն մինչև 2060թ.: Բնականաբար, նման երկարաժամկետ նախագծի իրականացումը ցանկացած պահի կարող է խափանվել բազմաթիվ պատճառներով:

Թուրքական TAI ընկերության ներկայացուցչի խոսքով, նախքան կործանիչի նախատիպերի կառուցումը, իրենց ընկերությունը շվեդական «Saab»-ի հետ միասին պետք է մի քանի կարևոր որոշում ընդունի: Դրանցից գլխավորը համաշխարհային շուկայում շարժիչներ արտադրող ընկերության ընտրությունն է` վերջինիս հետ երկարաժամկետ համագործակցության պայմանագիր կնքելու նպատակով: Այսուհանդերձ, եթե Թուրքիան որոշի արտադրել նաև կործանիչի շարժիչը, ապա նախագծի իրականացումը մոտ 10 տարով կուշանա, քանի որ, թուրք կոնստրուկտորների կարծիքով, առաջին ժամանակակից տուրբոռեակտիվ շարժիչը Թուրքիան կկարողանա արտադրել 2025-30թթ. ոչ շուտ: Ըստ որոշ տեղեկությունների` Թուրքիան արդեն իսկ սկսել է բանակցությունները շարժիչ արտադրող ռուսական, եվրոպական և ամերիկյան ընկերությունների հետ:

ԱՏՈՄ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ