Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՋԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՀԱՑՐԵՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ
ԻՋԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՀԱՑՐԵՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Շարունակվում է զորակոչիկների ու նրանց ծնողների համար ՀՀ ՊՆ և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի կազմակերպած և իրականացվող իրավախորհրդատվական միջոցառումների շարքը։ Հերթական հանդիպման վայրը Իջևան քաղաքն էր, որտեղ հանդիպումը անցավ լեփ-լեցուն դահլիճում, ինչը վկայում էր, որ շրջանի զորակոչի պատասխանատու կառույցները, ի դեմս շրջանի զինկոմիսարիատի, բնակչության հետ բացատրական աշխատանք էին կատարել միջոցառման դերն ու նշանակությունը կարևորելու համար։ Իրավախորհրդատվական այս միջոցառմանը, ՊՆ և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի աշխատակիցներից բացի, մասնակցում էին նաև ազգաբնակչության վստահությունը վայելող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, շրջանի զինվորական կոմիսար գնդապետ Ա.Հովակիմյանը, հասարակայնության ներկայացուցիչներ, զորակոչային տարիքի տասնյակ պատանիներ ու նրանց հարազատները։

Նախազորակոչային տարիքի երիտասարդներին ու նրանց հարազատներին, իրավախորհրդատվական միջոցառման բոլոր մասնակիցներին միջոցառման բուն նպատակը հանգամանալից ներկայացրին ՊՆ Տ և ՀԿ վարչության աշխատակից Հայկ Մարկոսյանը, հանրապետական զինկոմիսարիատի ավագ սպա-իրավաբան, մայոր Արեն Սարգսյանը, Հասարակություն-բանակ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

-Միջոցառման նպատակը զորակոչիկներին ու նրանց հարազատներին զորակոչի կազմակերպման և անցկացման, զորակոչիկների հետագա ծառայության վերաբերյալ իրավական և հավաստի տեղեկատվություն տրամադրելն է, ինչը կազմակերպել և համատեղ իրականացնում են ՀՀ ՊՆ և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը,- դիմելով միջոցառման մասնակիցներին` ասաց Հայկ Մարկոսյանը։

Անդրադառնալով զորակոչի ընթացքին վերաբերող մի քանի առանցքային հարցերի, մայոր Արեն Սարգսյանը մասնավորապես ասաց.

-Այսօր բոլորիս, առաջին հերթին Ձեզ համար, հարգելի՛ ծնողներ, ամենից ցավոտ խնդիրներից մեկը զորակոչիկների առողջական վիճակի փորձաքննության հարցն է։ Ասեմ, որ համաձայն զինապարտության մասին օրենքի և մի շարք ենթաօրենսդրական ակտերի և կառավարության որոշումների` զորակոչիկի հետազոտությունը և բժշկական փորձաքննությունը իրականացվում է անվճար և առաջնահերթ, ինչի համար զինվորական կոմիսարը զորակոչիկին ուղեգրում է համապատասխան ստացիոնար բժշկական հաստատություն, որտեղ իրականացվում է անվճար բժշկական հետազոտություն, ինչի ակտը համապատասխան կարգով տվյալ բուժհիմնարկը փոխանցում է զինկոմիսարիատ։

Հարգելի՛ ծնողներ, զորակոչիկներ, ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը հետազոտություն իրականացնող մարմին չէ. ինքը որոշում է միայն զորակոչիկի պիտանիությունը։ Օրենքով սահմանված է, որ պիտանիությունը տեղում որոշելու անհնարինության դեպքում զորակոչիկը ուղեգրվում է ստացիոնար հետազոտության։ Ամենևին էլ պարտադիր չէ քաղաքացիներին ուղարկել ստացիոնար հետազոտության, երբ հնարավոր է տեղում որոշում կայացնել։

Ասեմ, որ ուղեգրման գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2008թ. 748 Ն որոշման կարգով. զինկոմը տալիս է ուղեգիր, զորակոչիկը այդ ուղեգրով ներկայանում է համապատասխան տարածքային բուժհիմնարկ` պոլիկլինիկա, որտեղից ստանում է պետության` ի դեմս առողջապահության նախարարության սահմանած հատուցման ենթակա ճանապարհածախսը և մեկնում է Երևան` հետազոտման։ Այս ամենը իրականացվում է անվճար,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։

– Բոլորս էլ տեղյակ ենք,- մանրամասնելով խնդրի էությունը՝ ասաց մայոր Արեն Սարգսյանը,- որ լինում են դեպքեր, երբ առաջանում են ինչ-ինչ խնդիրներ, մասնավորապես` ճանապարհածախսը հաշվարկվում է իրականացված մրցույթներով շահած կազմակերպությունների գնացուցակով, բայց իրականում այլ տրանսպորտից ենք օգտվում, ինչի արդյունքում՝ գնային տատանումներ են տեղի ունենում: Այս հարցի կարգավորումը զինվորական կոմիսարիատի իրավասությունների տիրույթից դուրս է։ Ձեր հետազոտության ընթացքում որևէ մեկը որևէ բան ձեզնից պահանջելու կամ լրացուցիչ ինչ-որ վճարումների հարց բարձրացնելու իրավունք չունի,-վստահեցրեց մայոր Ա Սարգսյանը։- Այս տարվանից պաշտպանության նախարարը համապատասխան հրամանով հաստատել է փորձաքննության նոր կարգ, ինչի շնորհիվ ձեր իմացած «ոչ շարային», «շարային ծառայություն» և «շարային ծառայություն սահմանափակումով» ծառայություն հասկացություններն այլեւս չկան, և քաղաքացին կամ պիտանի է ճանաչվում զինվորական ծառայության համար կամ պիտանի՝ սահմանափակումով։ Դիցուք՝ զորակոչիկը հենաշարժական համակարգի խնդիրներ ունի, նրան արգելվում է վազել ոչ թե 5 կմ, այլ թույլատրվում է 1 կիլոմետր, արգելվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը 30 կգ, թույլատրվում է` 10 կգ։

Անդրադառնամ նաեւ մեկ այլ մտահոգիչ հարցի եւ միանգամից ասեմ, որ բնակության վայրին մոտ զորամաս զորակոչվում է միայնակ տարիքային կենսաթոշակառուի կամ երրորդ կարգի հաշմանդամի միակ զավակը, որի հայրը, մայրը, քույրը կամ եղբայրը զոհվել են մարտական գործողությունների ժամանակ, ՀՀ սահմանները պաշտպանելիս կամ ծառայական պարտականությունները կատարելիս, և նրանք այդ ընտանիքի միակ զավակը չեն, հակառակ դեպքում՝ միակ զավակը ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, զորակոչվում են նրանք, ովքեր ամուսնացած են, ունեն մեկ երեխա, երկկողմանի ծնողազուրկները և միակողմանի այն ծնողազուրկները, որոնք ունեն չափահաս քույր կամ եղբայր, իսկ մոտ զորամաս է համարվում բնակավայրից մինչև 150 կմ շառավղով տեղակայված զորամասը։

Անդրադառնալով տարկետման հարցին՝ ինչը հիմնականում մտահոգում է ուսանող զորակոչիկներին ու նրանց հարազատներին, մայոր Սարգսյանը ասաց.

-Տարկետում տրվում է ընտանեկան դրության բերումով՝ ուսումը շարունակելու համար, առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է մինչև մեկ տարի ժամկետով` երեք անգամ, և երրորդ տարկետման ժամկետի ավարտից հետո, անկախ այն հանգամանքից՝ վեց ամիս է, թե մեկ տարի, զորակոչիկը զորակոչվում է կա՛մ զինված ուժեր, կա՛մ էլ ճանաչվում է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվում է պահեստազորում։ Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքում անձին տրվում է տարկետում երեք տարի ժամկետով. փորձաքննության արդյունքում ճանաչվում է ոչ պիտանի, հաշվառվում է պահեստազորում կամ ճանաչվում է ոչ պիտանի և հանվում է զինվորական հաշվառումից։ Այստեղ կա մի բացառություն, որը նախատեսված է պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով. եթե երեք տարի ժամկետը լրանալուց հետո քաղաքացին իր նախնական հիվանդությամբ ճանաչվում է պիտանի, և նրա մեջ այլ պաթոլոգիա է ի հայտ գալիս, ապա նրան կարող է տրվել տարկետում մեկ տարի ժամկետով ընդամենը մեկ անգամ։ Դիցուք՝ ունեցել է տեսողության խնդիր, հետագայում ճանաչվել է պիտանի, սակայն տվյալ պահին տանում է թոքաբորբ, նրան տրվում է տարկետում մինչև մեկ տարի ժամկետով, փորձաքննությունը վերջնական է լինում։ Տարկետում առողջական վիճակի պատճառով տալիս է միայն հանրապետական զորակոչային հանձնաժողովը, որի նախագահը պաշտպանության նախարարն է։ Տեղական և կենտրոնական բժշկական հանձնաժողովները միայն եզրակացություն տվող մարմիններ են,- իր խոսքը ավարտեց հանրապետական զինկոմիսարիատի ավագ սպա-իրավաբան, մայոր Արեն Սարգսյանը։

Այնուհետև միջոցառման մասնակիցները՝ զորակոչիկ, թե ծնող, երեք ժամ շարունակ իրենց հուզող ամենատարբեր հարցերով դիմեցին միջոցառման կազմակերպիչներին։

Զորակոչիկ Սամվել Ղազարյանի և՛ հայրը, և՛ մայրը երկրորդ կարգի հաշմանդամներ են, քույրը, որ ուսանող է, այս տարվա ապրիլին է դարձել չափահաս, և տանն էլ կա ևս մեկ անչափահաս` տասներկու տարեկան տղա երեխա։

– Հավատացեք՝ ես դեմ չեմ, որ իմ որդին ծառայի, բայց նա է մեր տան միակ աշխատողն ու կերակրողը, եթե նրան զորակոչեն, ի՞նչ է լինելու մեր վիճակը,- իրենց ընտանեկան դրությամբ խիստ մտահոգ հետաքրքրվեց զորակոչիկի ծնողը։

Հարցին պատասխանեց ավագ սպա-իրավաբան, մայոր Ա.Սարգսյանը.

-Զինվորական կոմիսարը ձեր հարցը արդեն ներկայացրել է մարզային զորակոչային հանձնաժողովին, որի նախագահը մարզպետն է, օրենքով չնախատեսված դեպքում տարկետում տալու համար։ Եթե հանձնաժողովը տարկետման եզրակացություն տալու համար ձեր ընտանեկան դրությունը բավարար համարի, ապա դրական եզրակացությամբ կմիջնորդի պաշտպանության նախարարին, նա էլ համապատասխան հիմքերի առկայության դեպքում կբավարարի միջնորդությունը, և ձեր որդին կազատվի զինվորական ծառայությունից։

Զորակոչիկ – Ինձ տվել են տարկետում մինչև երեք տարի ժամկետով, և այն արդեն ավարտվել է։ Ունեմ առողջական մի քանի խնդիր, կրկին դիմել եմ, ասել են՝ ուղեգրերի քանակը սահմանափակ է։ Ընտանիքս էլ սոցիալական ծանր պայմաններում է։

Իրավական տեսանկյունից հետազոտության ուղարկելու որևէ սահմանափակում չկա։ Աստված մի արասցե, եթե դու ունես քսան առողջական խնդիր, ուրեմն քսանի դեպքում էլ հետազոտություն պիտի անցնես։

Զորակոչիկի ծնող- Տղաս փոխադրվում է 12-րդ դասարան, և լրացել է նրա 19 տարին։ ՈՒզում եմ իմանալ` նա կարո՞ղ է օգտվել տարկետումից։

Ա.Ս.- Զինապարտության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը նախատեսում է տարկետում միայն մինչև 19 տարին լրանալը։ Հանրակրթական ծրագրերով, ինչպես նաև միջին մասնագիտական ծրագրերով առանց ընդհատման սովորողներին տրվում է տարկետում մինչև նրանց տասնինը լրանալը։ Տասնինը տարին լրանալուց հետո, տեսականորեն, օրենսդրական առումով, կա միայն մի հնարավորություն, որ կառավարությունը, օգտվելով իր իրավասությունից, զինապարտության մասին օրենքի 16-րդ հոդվածով անձին տարկետում տա։ Բայց այս պահին ձեր որդին ենթակա է զորակոչի ԶՈՒ և չի օգտվում տարկետման իրավունքից։

Ռոբերտ Փիրումյան, ժամկետային զինծառայող Սերգո Մելիքբեկյանի պապիկը- Թոռնիկս ծառայության ընթացքում դատապարտվել է և արդարացվել։ Նույն հոդվածի համար երկու անգամ նախ 15-օրյա կալանք է կրել զորամասում, որպես զինվորական ղեկավարության կողմից տրված պատիժ, և դրանից հետո քրեակատարողական հիմնարկում` մեկ տարի։ Նստելուց հետո արդարացվել է։ Ի՞նչ կարգավիճակ ունի նման զինվորը։

Զինվորական կոմիսար, գնդապետ Ա Հովակիմյան -Զինծառայողը դատապարտվել է մեկ տարի ժամկետով և դեռևս ունի ծառայելու յոթ ամիս։ Հարազատներն ուզում են իմանալ` հետագա յոթ ամիսը իրենց երեխան ծառայելո՞ւ է, թե ոչ, և երկրորդ` նրանց հետաքրքրում է` եթե տվյալ զինվորը արդեն իսկ կարգապահական տույժի է ենթարկվել մեկուսարանում, էլ ինչո՞ւ է մեկ հանցանքի համար երկու անգամ դատապարտվել։

Ա.Ս.-Զինապարտության օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսում է, որ զինվորական ծառայության զորակոչի ենթակա չեն այն անձինք, որոնք կրել են պատիժ երեք տարի ազատազրկման ձևով, և ավելին, կամ կատարել են պաշտպանության նախարարի և գլխավոր դատախազի համատեղ հրամանով սահմանված հանցագործությունների ցանկում ընդգրկված արարքներից որևէ մեկը։ Խոսքը 7-8 հանցակազմի մասին է։ Այլ բան օրենքը չի նախատեսում։ Կարգապահական տույժ կրել է, որովհետև այդ պահին, ամենայն հավանականությամբ, համարվել է որպես կարգապահական խախտում, զանցանք, զինծառայողին տվել են կարգապահական տույժ, սակայն գործի նյութերի քննությամբ կամ արդեն իսկ քրեական գործի քննության շրջանակներում հիմնավորվել է, որ նրա արարքում կան հանցագործության հատկանիշներ, և դա ոչ թե կարգապահական, այլ արդեն իսկ քրեական պատասխանատվություն նախատեսող արարք է՝ կարգապահականից վերաորակվելով որպես քրեական հանցագործություն։ Հետագայում արդարացվելու դեպքում նրան իրավունք է վերապահվում պետությունից հօգուտ իրեն ստանալու բոլոր հատուցումները։

Իջևանյան քննարկումները անցան բացառիկ անկեղծ և անմիջական մթնոլորտում։ Զինակոչիկների ու նրանց ծնողների հնչեցրած բոլոր հարցերին տրվեցին բավարար և հիմնավոր պատասխաններ, ինչը մեծ գոհունակությամբ ընդունվեց վերջիններիս կողմից։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր