ՈՆՑ ՈՐ ԼԱՎ ՉԵՆ ԿՌՎՈՒՄ…
-1992 թե՞ 93 թվականն էր՝ լավ չեմ հիշում։ Վիրավոր տղերքը պառկած էին Ավանի հիվանդանոցում։ Արայիկ Վարդանյանի հետ գնացել էինք տղաներին բերելու։ Մենք էլ լրիվ զինվորական շորերով, չսափրված, բեղ-մորուքներով, մի խոսքով՝ տեղով վայրենի… Հիվանդանոցից դուրս գալիս որոշեցինք մի կտոր հաց ուտել ու նոր շարժվել Սիսիան։ Էն վատ տարիներն էին՝ ցրտի, մութի, սովի տարիները։ Բոլորիս մոտի եղած փողերը հավաքեցինք, մտանք ռեստորան ու մի քանի սեղան իրար միացնելով՝ նստեցինք։ 10-12 հոգի էինք,- պատմում է Աշոտ Մինասյանը։
Խառը ժամանակներ էին. մեքենա, զենք էին գողանում, և ապահովության համար զենքներս վերցրինք հետներս ու դրեցինք սեղանի տակ։ Մեր կողքի սեղանին էլ նստած էին համարյա նույնքան տղաներ։ Երևում էր՝ «անունով, ճանաչված» տղաներ էին։ Քեֆ էին անում։ Երբ տեսան մեզ, մեր մորուքները, տղաների վիրակապերը՝ միանգամից գլխի ընկան, որ ազատամարտիկ-ֆիդայիներ ենք։ Սկսեցին հերթով բարձրանալ ու խմել հայրենիքի, մեր կենացը։ Կենացներ-կենացներ, խոսքեր-խոսքեր ու մորուքավոր-փրչոտ, հոգնած տղաներ, որոնք կշտացել են մեծ-մեծ խոսքերից, ճառերից, լռություն են ուզում, մի կտոր հաց են ուզում ուտել ու շարժվել-գնալ այնտեղ, որտեղ իրենց ընկերներն են ու իրենց տխուր լռությունը։
Տղաները խոսում են, խմում մեր կենացը, ու մենք էլ համեստորեն ոտքի էինք կանգնում, գլխի խոնարհումով հայտնում մեր շնորհակալությունը ու համեստորեն նստում…
Առանց այդ էլ, երբ ներս մտանք, նրանց քեֆն արդեն «հազար էր», ու երբ մեզ տեսնելով ոգևորված շարունակեցին՝ մեկ, երկու, երեք, չորս՝ արդեն ամեն ինչ պարզ էր։ Զգում էի, որ ինչ-որ մի բան լինելու է, սակայն ինչ՝ չէի կարող գուշակել։
…Չգիտեմ՝ որերորդ բաժակից հետո նրանցից մեկը բաժակը ձեռքին մնաց կանգնած, չնստեց։ Ընկերները փորձեցին նստեցնել, սա թե՝ չէ, տղաներին բան ունեմ ասելու։ Զգացվում էր, որ արդեն հարբած էր… Ու ասաց.
-Արա, ոնց որ էդ …-ի տղերքը էս վերջերս լավ չեն կռվում,- ասաց ու նայեց սահմանների ուղղությամբ։
Դե, ինչ պիտի լիներ, Արայիկը, տղերքը, միանգամից ոտքի կանգնեցին, մի քանիսն էլ ձեռքերը տարան զենքերին։ Բայց դե սաստեցի, իհարկե, մի կերպ, նաև հումորի ուժով, ու արագ դուրս եկանք, որը, կարծում եմ, այդ պահին ճիշտ որոշում էր…
Ռազմի դաշտում հաճախ էինք հիշում էդ խոսքերը ու ծիծաղից ուշաթափվում։ Ասես թևավոր խոսք էր դարձել։ Իրար հանդիպելիս, երբ զգում էինք, որ մեկնումեկի տրամադրությունն այն չէ՝ ասում էինք…
-Արա, ոնց որ վերջերս լավ չեն կռվում էդ…
Էլ շարունակություն չկար՝ ծիծաղ էր, հռհռոց…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Հոգևոր-մշակութային