Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ՄԱՐԴԱՍԵ՛Ր ԵՂԵՔ…



Դավիթ Մկրտչյանը շուտով կզորացրվի: Բանակային կյանքի երկու տարիների ընթացքում Դավիթի հարազատները ե՛ւ մտահոգվել են, ե՛ւ կարոտել, ե՛ւ մինչեւ հերթական արձակուրդը օրեր հաշվել, ե՛ւ հպարտանալու առիթներ ունեցել:

Դավիթի հոր` Խաժակն Մկրտչյանի հետ հանդիպման առիթը որդու` զորամասի հրամանատարության կողմից ստացած պատվոգիրն է: Նա ծառայում է մոտոհրաձգային զորամասում: Ուսումնական տարվա ընթացքում զինվորը ցուցաբերեց մարտական պատրաստականության եւ պատրաստության բարձր ցուցանիշներ եւ օրինակելի զինվորական կարգապահություն: «Ինչպե՞ս դաստիարակել օրինակելի զավակ, որ ծառայության ընթացքում լինի առաջավոր, պատրաստակամ, պատասխանատու»,-հարցնում եմ:

«Հայրս` Անուշավան Մկրտչյանը, յոթ երեխա է դաստիարակել: Ես եւ չորս եղբայրներս ծառայել ենք խորհրդային բանակում: Ծնողներս շնորհակալական նամակներ էին ստանում, որովհետեւ պատվով էինք կատարում զինվորական պարտքը: Մեզ որեւէ խրատ կամ խորհուրդ տալիս հայրս կամ մայրս գուցե չեն էլ մտածել որդիներին զինվորական ծառայության պատրաստելու մասին, սակայն քաջ գիտակցել են, որ երեխայի ճիշտ դաստիարակությունը հենց նրա ճիշտ նախապատրաստությունն է կյանքին: Մեր դաստիարակության առանցքը մարդասիրությունն էր: 90-ն անց հայրս այսօր էլ ասում է` բնավորության այդ գիծն է որոշում մարդու գործողություններն ու հասարակական վարքը: Այն ժամանակ երկրի կարգը ուրիշ էր, հիմա` ուրիշ, բայց մարդկային հարաբերությունները թե՛ հասարակության մեջ, թե՛ ընտանիքում, թե՛ բանակում ենթադրում են այդ չափանիշը: Մարդասիրությունը կողքինիդ հանդեպ արդար եւ առաքինի լինելն է, օգնության հասնելու շնորհը: Այն, ինչ խորհուրդ է տվել մեզ հայրս, փոխանցել ենք մեր որդիներին»:

Խաժակն Մկրտչյանը նշում է, որ զորամասի հրամանատարի` գնդապետ Ա. Օհանյանի ստորագրությամբ պատվոգրի ենթատեքստն իր համար խոսուն է. «Նշանակում է` որդիս սրբությամբ է կատարում զինվորական պարտքը, զինվորական երդման պահանջները եւ ծնողական պատվիրանները, նշանակում է` հասկանում է անկախության կարեւորությունը, հասկանում է, որ հայրենիքի պաշտպանությունը օրվա հրամայականն է: Ես միշտ կրկնել եմ` որդի՛ս, ծառայիր հայրենիքին եւ մարդկանց, քանի որ նա, ում նպատակը այլոց իրեն ծառա դարձնելն է, հնարավոր չէ, որ պիտանի մարդ դառնա հասարակության համար»:

Ես փորձում եմ պարզել, թե ի՞նչ սպասումներով, մտահոգություններով է հայրը որդուն ճանապարհել բանակ. չէ՞ որ բոլոր ծնողներն էլ մտավախություններ են ունենում.

«Այո՛, մտավախություն բոլոր ծնողներն էլ ունենում են, եւ այդպես՝ մինչեւ ծառայության ավարտը: Միշտ «փշերի» վրա են` հանկարծ կռիվ չանե՞ն, առողջական խնդիր չունենա՞ն, կողքինի հետ լեզու կգտնե՞ն: Բայց կյանքի դրվածքն է այդպիսին: Բանակում պետք է ծառայեն բոլորը: Ցավոք, ոմանք իրենց որդիներին փորձում են «փախցնել» ծառայությունից: Ինձ համար դա անընդունելի է. երկրի պաշտպանության մասին մտածելը առաջնահերթ խնդիր է: Դավիթս ծնվել է 1990 թ.: Նա ընդամենը երեք տարեկան էր եւ հազիվ էր ոտքի վրա կանգնում: Հիշում եմ` զինվորական համազգեստ էինք հագցրել եւ հարցնում էինք` պատրա՞ստ ես ծառայության, նա էլ իր մանկական թոթովախոս ձայնով ասում էր` այո՛: Երբ Դավիթին բանակ էինք ճանապարհում, նա այդ դրվագը հիշեց եւ ասաց, որ շնորհակալ է մեզնից, քանի որ վախը սրտում չի մեկնում ծառայության: Որդիս մասնագիտությամբ իրավաբան է, ընդունվել է մագիստրատուրա եւ զորակոչվել բանակ: Կրթություն ստանալը երբեք չի դիտարկվել որպես ծառայությունից խուսափելու միջոց: Եթե երիտասարդը առողջ է, ապա երկու տարին ի՞նչ է, որ չծառայի, փախչի բանակից: Ծնողները պետք է հասկանան, որ ծառայության ընթացքում չպետք է «երես տան» երեխային, օր ու մեջ կապոց չուղարկեն: Պատահել է` որդիս գնացել է կրակային պարապմունքի, դժվարացել է, բայց ես ոգեւորել եմ, ուրախացել, որ նա կոփվում է, հասկանում էի` եթե դժվար է, ուրեմն ուսումնական փուլը լիարժեք է անցնում: «Ապտակով սնված տղան առանց աստիճան չի մնա», այս խոսքը չպետք է ուղղակի իմաստով հասկանանք. սա նշանակում է, որ դժվարություն հաղթահարած երիտասարդը կաճի որպես մարդ: Ես վստահ եմ, որ որդիս վերադառնալու է թրծված ու առնականացած, եւ թե՛ աշխատանքում, թե՛ ուսման մեջ շարունակելու է լինել օրինակելի»:

Շուտով կմեկնարկի զորակոչը, եւ Խաժակն Մկրտչյանը ավելացնում է. «Այն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են բանակ, ուզում եմ ասել` եթե լինեք նպատակասլաց, պարկեշտ, անձնուրաց, բարի, ծառայության ընթացքում խնդիրներ չեն առաջանա»:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Բանակ և հասարակություն


06/06/2013