Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Խմբերից մեկը Որսորդ Գևորգի գլխավորությամբ զատվելով հիմնական մարտախմբից «… Աւելի առաջ գնաց ու դիրք բռնեց Ղալա-Բօղազի քարում, իսկ Թորգոմը՝ իր զինւորները երեք մասի բաժանեց եւ յարմարաւոր դիրքեր բռնեց ռուսական սահմանագծից մօտ 2,5 վերստ հեռաւորութեան վրայ գտնւող Լիրք բլրի գագաթներին: Ռուս զինւորները մեզ վրա կրակում էին բարձրից, բայց մենք չէինք պատասխանում, որովհետեւ խմբապետները արգելել էին, եւ շարունակ ձայն էինք տալիս նրանց, թէ «մենք ձեզ հետ գործ չունենք»…»: Ուշադրություն չդարձնելով հայ մարտիկների կոչերին՝ ռուս զինվորները, որոնց շարքերը գնալով ավելի ու ավելի էին համալրվում և ստվարանում, շարժվում են դեպի Թորգոմի դիրքը ու փորձում պաշարման մեջ վերցնել նրա գլխավորած մարտախումբը: Այն պահին, երբ ռուս սահմանապահները, շրջափակելով Թորգոմի հայդուկներին, կրակ էին տեղում նրանց վրա, հանկարծ անսպասելիորեն մարտադաշտում է հայտնվում թուրքական մի ստվար զորամաս և շարժվում դեպի Որսորդ Գևորգի դիրքը: Ռուս սահմանապահների հրամանատարը իր սև գործը կատարել էր: Նա, տեղեկանալով հայ մարտիկների ներկայության մասին և կարծես չվստահելով միայն իրենց ուժերին, «… անմիջապէս մի զինւոր է ուղարկում եւ տաճիկ հրամանատարին իմաց տալիս, թէ ֆետայիները եկել են, դուք շտապեցէք ամենաբարձր դիրքերը բռնել եւ որի համար Որսորդին չի հաջողվում աւելի յարմար դիրքեր բռնել»: Հայ մարտիկները հայտնվում են չափազանց ծանր կացությունում:

Առավոտյան ժամը 7-ին, թուրք զինվորները գրոհում են Որսորդ Գևորգի գլխավորած հայդուկների վրա: Հայդուկներն անվարան ընդունում են մարտահրավերը, պարզում են մարտախմբի «ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՄԱՀ» կարգախոսով զարդարված դրոշը՝ միահամուռ համազարկերով գնդակահարում են տասնյակ թուրք զինվորների: Իսկ այդ նույն ժամանակ, երբ Որսորդ Գևորգի առաջնորդած հայդուկները հաջողությամբ կռվում էին ընդդեմ թուրքերի, իրավիճակը ծանրանում է Թորգոմի դիրքում: Ռուս սահմանապահները, իրենց շարքերը համալրելով մարտադաշտում հայտնված կազակական ջոկատներով և օգտվելով այն հանգամանքից, որ հայ մարտիկներն իրենց վրա չեն կրակում, առանց որևէ խոչընդոտի մոտենում են Թորգոմի մարտախմբի դիրքերին և կրակ բացում:

«…Թորգոմը նկատելով, որ ռուս կօզակների ահագին խումբ է եկել եւ իրենց շրջապատել, ուղարկում է երկրորդ տասնեակի տասնապետ Անուշաւանին զօրքի հրամանատարի մօտ, ասելու, որ՝ մենք ձեզ հետ գործ չունինք, ձեր սահմանից դուրս ենք եւ գնալու ենք տաճիկի հողը, աւելի խորը եւ կռւելու ենք նրանց հետ, ուստի խնդրում ենք ետ քաշէք ձէր զօրքը եւ չխանգարէք մեզ…»:

Պատասխան չստանալով՝ Թորգոմը ռուսների մոտ ուղարկում է երկրորդ զինվորին: Ռուս սպաները փոխանակ պատասխան տալու, ձերբակալում են նրանց և ուղարկում պահականոց: Հայ զինվորներին ձերբակալելու պահից հաշված րոպեներ անց ռուս զինվորները հնչեցնում են պատերազմական փողերն ու առավել մեծ ուժերով հարձակվում Թորգոմի մարտախմբի վրա: Մարտախմբի տասնյակները հայտնվելով շրջափակման մեջ, կտրվում են միմյանցից և կորցնում պաշտպանվելու վերջին հնարավորությունները: Համանման իրավիճակում, երբ խափանվում ու վտանգվում են մարտախմբի տասնյակների դիրքերը, «Խելառ տասնապետ Հայրիկը (նկատի ունի առաջին տասնյակի տասնապետ հայդուկ քահանային, որին զինակիցները զուտ հարգանքի նկատառումով կոչել են Խելառ Հայրիկ- Հ.Գ.) կարգադրեց, որ դուրս գանք դիրքերից եւ մոտենանք խմբապետի դիրքին, որն աւելի ամուր էր: Դիրքից դուրս գալիս տէրտէրը խաչը ձեռքին գնդակահարւելով ընկաւ, նրա հետ ընկան եւս մի քանի զինւորներ…»: Հայդուկ քահանայի գլխավորած տասնյակի տասնապետի օգնական Պադվալի Վաղոն կարողանում է մի քանի զինակիցներով դուրս գալ շրջափակումից, հուսալի դիրք է գրավում և մինչև վերջին հնարավորությունն աննահանջ մարտնչելով՝ զոհվում: Նույն ժամին Թորգոմը ևս իր խմբի ողջ մնացած մարտիկների հետ շարունակում է կռվել մինչև վերջին հնարավորությունը: Թորգոմը համոզվելով, որ պաշտպանվելու որևէ հնարավորություն այլևս չկա, հրամայում է հնչեցնել անձնատուր լինելու փողը և հանձնվել: Սակայն ռուս և թուրք զորքերը, կատարելով իրենց հրամանատարության կարգադրությունը, բնավ ուշադրության չեն արժանացնում հայ մարտիկների առաջարկությունը և շարունակում գնդակներ տեղալ նրանց վրա: Թորգոմը ժամը 5-ի (17-ին) մոտերքում փորձում է իրականացնել վերջին հնարավորությունը. «Խմբապետը դրօշակը առնելով 10-12 ընկերներով, գնդակների տարափի տակ գնաց դէպի ռուսաց զօրքերը՝ անձնատուր լինելու նպատակով. ռուսները՝ բաւական մօտ թողնելով, միանգամից կրակեցին եւ 10 հոգի գետին գլորեցին, որոնց մէջ եւ թանկագին Թորգոմին…»:

Ռուս սահմանապահները, իրենց դաշնակից թուրքերին աջակցելու վճռականությամբ, գրոհում են դեռևս աննահանջ մարտնչող հայդուկների դիրքերը: Թուրք զինվորները, որոնք բազմիցս ապարդյուն հարձակումներ գործելով ու զոհեր տալով, արդեն հարկադրված դադարեցրել էին գրոհները, դարձյալ հարձակվում են հայդուկների պաշտպանական դիրքի վրա: Որսորդ Գևորգի մարտախումբը հայտնվում է ռուս և թուրք զինվորների հարվածների արանքում, կրկնակի շրջափակված օղակում: Որսորդ Գևորգն այլևս փրկության որևէ ելք չտեսնելով «… կը հրամայէ դուրս գալ դիրքերէ եւ փախչելով ազատուիլ կամ գոնէ իյնալ ռուսներու ձեռքը, կարծելով, թէ անոնք կը խնայեն իրենց: Այդ միջոցին ընկերներէն շատերը կը զոհուին, իսկ ինքը՝ Որսորդը, երկու վէրք ստացած էր՝ դեռ կը շարունակէ կռիւը…»: Որսորդ Գևորգը, վիրավոր վիճակում անկարող լինելով պաշտպանվել, դժվարությամբ շարունակում է մոտենալ ռուսներին, և նրանց մեջ նկատելով մի ծանոթ զինվորի՝ ուզում է անձնատուր լինել նրան: Ռուս զինվորը հրացանազարկ է անում նրան, և «…կուրծքէն կը վիրաւորէ ու կը գլորէ քաջ Ֆէդայիին…»:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Պատմության էջերից


06/06/2013