Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ ՆԱԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՆԵՐՈՎ

Հայկական բանակի զորամասերից մեկում արձանագրված ողբերգական դեպքն ու դրան հետեւած իրադարձությունները ցնցեցին հասարակությունը:

Հիշեցնենք, ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության, մայիսի 15-ին, ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում։ Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք։

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանություն` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն։ Դ. Խաչատրյանը ձերբակալվել է։

Զոհված զինվորի ծնողներն ու հարազատները արդարության փնտրտուքով որոշել էին իրենց որդու դին հասցնել Երեւան եւ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից ուղեւորվել էին մայրաքաղաք։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով` ճանապարհին նախարարության աշխատակիցները փորձել էին ծնողների հետ բանակցել, որպեսզի նման քայլի չդիմեն։ Առաջացել էր լարված իրավիճակ, զոհված զինվորի հարազատների հետ անձամբ հանդիպելու համար Երեւանից նրանց ընդառաջ էին գնացել ՀՀ պաշտպանության նախարարն ու ոստիկանապետը։ Սեյրան Օհանյանն ու Վլադիմիր Գասպարյանը զրուցել էին որդեկորույս ծնողների ու նրանց հարազատների հետ` կիսելով նրանց վիշտը, ցավն ու մտահոգությունները, այնուհետեւ գյուղում մասնակցել հուղարկավորությանը` նրա հարազատների ու համագյուղացիների հետ վերջին հրաժեշտը տալով հայոց բանակի զինվորին։

Ցավալի միջադեպը հարուցել էր հասարակության մտահոգությունը. «արդյոք կբացահայտվի՞, չի՞ կոծկվի հանցագործությունը», «արդյոք մեղավորները կպատժվե՞ն», «արդյոք բանակում ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ չէ՞»: Անշուշտ, հասարակությունն իրավունք ունի այս հարցերի պատասխանն ստանալու, սակայն մտահոգիչ էր այն, որ ոմանք, տեղի տալով զգացմունքներին, այս հարցերին տալիս էին իրականությունից բացահայտորեն հեռացող պատասխաններ:

Իսկապես. ինչո՞ւ պետք է հանցագործությունը չբացահայտվի, ո՞վ է շահագրգռված դրանով: Հանցագործը հայտնի է և ձերբակալված, կան վկաներ: Եկեք չմոռանանք նաև, որ այս դեպքում (եթե ճիշտ են նախնական այն տվյալները, որոնց համաձայն կատարվածի պատճառը տեղում ծագած լեզվակռիվն է եղել) հանցագործություն կատարողն ինքն էլ է զոհ, և հանցագործությունից հետո հայտնվել է ծանր հոգեվիճակում (այդ մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից` շարքային Դավիթ Խաչատրյանի հետ հանդիպելուց հետո):

Ինչ վերաբերում է հրամանատարության մեղքի բաժնին, ապա, անշուշտ, այն կա, թեկուզ այն բանի համար, որ չի կարողացել ժամանակին բացահայտել Դավիթ Խաչատրյանի` նման քայլին ունակ լինելը: Բայց համաձայնեք, որ նախ` շատ դժվար է պարզելը, թե հարյուրավոր զինվորներից յուրաքանչյուրն ինչի է ունակ, և միանգամայն հնարավոր էր այդ հարցում թերանալ: Երկրորդ` թերացումը չի կարող հիմք լինել ժխտելու համար հրամանատարության բարեխիղճ աշխատանքի արդյունքը` ձեռքբերումները մարտական պատրաստության, մարտական հերթապահության, ստորաբաժանումներում կարգապահության ամրապնդման գործում: Եվ ուրեմն` ոչ մի հիմք չկա հայտարարելու, թե «բանակում ամենաթողության մթնոլորտ է»:

Խորապես ցավակցելով մահացած զինծառայողների ծնողներին, հարազատներին ու բարեկամներին` միաժամանակ արձանագրենք. այն, որ սևազգեստ ծնողներն այսօր 38 տոկոսով ավելի քիչ են, նույն այդ հրամանատարների քրտնաջան ու անձնվեր ծառայության արդյունքն է: Պարզապես, խնայված կյանքերի համար ոչ ոք նրանց շնորհակալություն չի հայտնում: Ճիշտն ասած` նրանք շնորհակալության չեն էլ սպասում` անմռունչ կատարելով հայրենիքի հանդեպ իրենց պարտքը: Եվ շարունակելու են կատարել` անկախ այն բանից` նկատվո՞ւմ է իրենց կատարած վիթխարի գործը, թե ոչ:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»