Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖԵՅՍԲՈՒԿՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ. ԵՐԱՆԻ ԲՈԼՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐՆ ԻՄ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՆՄԱՆ ԲԱՐԻ ԼԻՆԵԻՆ



Հայոց բանակում սպա-զինվոր, զինվոր-զինվոր հարաբերությունները կլինեն կանոնադրային կամ նույնիսկ ավելի քան կանոնադրային, եթե բոլոր հրամանատարները լինեն իմ հրամանատարների նման:

Ծառայել եմ սահմանային զորամասում, որտեղ ծառայելը, առանց չափազանցության, համարում եմ հերոսություն թե՛ սպաների, թե՛ զինվորների համար: Երբ ծառայում ես մի զորամասում, որը գտնվում է հակառակորդի հետ շփման առաջնային գծում, մոտակա քաղաքը գտնվում է 40-50 կմ հեռավորության վրա, իսկ եղանակային պայմանները խստաշունչ են, չընկճվելու միակ հնարավորությունդ մնում է մարդկային, ընկերական հարաբերությունները: Երբ -200C սառնամանիքին, ոտքով դիրքեր բարձրանալիս ընկերդ կամ առավել ևս քեզնից ավելի ֆիզիկապես ուժեղ հրամանատարդ ձեռքիցդ բռնած օգնում է, նոր ես հասկանում, թե ինչ է ընկերությունը, մտերմությունը: Երբ հերթափոխի ավարտին դեռ մեկ շաբաթ կա, իսկ քո ծխախոտը վերջացել է, ու հրամանատարդ քեզնից չի խնայում իրենը, հասկանում ես, որ հրամանատարին պետք է հարգել, ոչ թե վախենալ նրանից ու դրանից ելնելով՝ կատարել նրա ասածները: Երբ ընկերոջդ հետ կատակելիս կամ վիճելիս վիրավորում ես, ու հրամանատարդ դրա մասին լսելով ամեն անգամ ձեզ միասին տեսնելիս ստիպում է գրկախառնվել՝ ապացուցելու համար, քեն չեք պահում իրար նկատմամբ, իրար ծեծելու կամ առավել ևս՝ կյանքից զրկելու մասին խոսելը պարզապես անհեթեթություն է դառնում:

Չգիտեմ, թե որտեղ ինչպես է, բայց ես տեսել ու զգացել եմ հրամանատարի եղբայրական, ընկերական հոգատարությունը, ես միշտ իմ հրամանատարից լսել եմ, որ նույնիսկ եթե իրար կատակով խփում ենք կամ վիրավորում, արձակուրդ գնալիս, երբ ձեռքիս գումար է նույնիսկ եղել, հրամանատարներս ինձ գումար են տվել, ճանապարհին նեղություն չկրելու համար: Երբ ինչ-որ բանի համար ընկճված եմ եղել, մինչև չեն իմացել՝ ինչ է պատահել, ինձ մենակ չեն թողել: Ու այդպիսի վերաբերմունք ստացել ենք բացառապես բոլորս` մեր ստորաբաժանման բոլոր զինվորները:

Ես միշտ զանգահարում, հնարավորության դեպքում՝ հանդիպում եմ իմ հրամանատարներին, միշտ երախտագիտությունս եմ հայտնում, որ ողջ, առողջ, ավելի շատ գիտելիքներով վերադարձել եմ Հայոց բանակից:

Փառք ու պատիվ իմ բոլոր հրամանատարներին:

Առանձնապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր զորամասի ծառայության ավագ սպա, մայոր Ա. Մխիթարյանին, իմ վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Բ. Բաղդասարյանին և դասակիս հրամանատարներին՝ լեյտենանտ Ա. Մելիքսեթյանին և լեյտենանտ Գ. Գյուլազյանին:

ԳԱԳԻԿ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Բանակ և հասարակություն


30/05/2013