Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԿԻՆ ԶԱՐԿՈՎ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ



ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՐևԱՆԻ Յ.ԼԵՓՍԻՈՒՍԻ ԱՆՎԱՆ N 88 ԴՊՐՈՑՈՒՄ

Հզոր, ուժեղ եւ ամուր պետություն ունենալու համար անչափ կարեւոր է նաեւ վաղվա մեր քաղաքացիներին ճիշտ կրթելն ու դաստիարակելը: Այս առումով մեծ պատասխանատվություն են կրում հատկապես կրթարանները: Պետք է արձանագրել, որ վերջին շրջանում դպրոցներում է՛լ ավելի մեծ ուշադրություն են հատկացնում ռազմահայրենասիրական դաստիարակությանը:

Մեր հերթական այցը Երեւանի Յ. Լեփսիուսի անվան N 88 դպրոցն էր, որտեղ պետք է կայանար «Հող իմ կիսված, սիրտ չկիսվող» խորագրով միջոցառումը:

Դպրոց նախատեսված ժամից շուտ հասա եւ ժամանակը զուր չկորցնելու նպատակով նախ որոշեցի շրջել կրթօջախում: Բազմազան ու բազմաբովանդակ դիտարժան նյութերով հագեցած էր դպրոցի ամեն մի անկյունը, դրանցից ամեն մեկն ասես խոսուն դաս էր, բաց դաս աշակերտի համար. ահա անկախության համար մղված մարտերում ընկած դպրոցի հերոս քաջորդիների մասին պատմող անկյունը, այս մյուս կողմում հայկական բանակի անցած հերոսական ուղին էր ներկայացված… Որոշում եմ մտնել նաեւ ռազմագիտության դասասենյակ. այն լավ ձեւավորված է, կահավորված` առարկայի պահանջներին համապատասխան: Թեեւ դասամիջոց է, բայց մի խումբ աշակերտներ զենք են քանդում-հավաքում: Զինղեկ, փոխգնդապետ Ռոբերտ Ավետիսյանը նշում է, որ դպրոցը կցված է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին, որի հետ սերտորեն համագործակցում են, բազմաթիվ համատեղ միջոցառումներ կազմակերպում:

Սկսվում է միջոցառումը: Նախքան դահլիճ մտնելը ներկաները նախ ծանոթանում են «Հայաստանի համերին». դպրոցը հրավիրել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանին, որը ներկայացնում է Մուշ, Կարին, Տարոն աշխարհների հարուստ ու բազմազան խոհանոցից որոշ կերակրատեսակներ: «Մեր ազգային խոհանոցը եւս մեր մշակույթի պահպանությունն է»,-նշում է Ս. Մամուլյանը:

Գեղեցիկ ձեւավորված դահլիճում աշակերտների բեմականացումը ներկաներին տանում է կորցրած բնօրրան, որը ե՛ւ մերն է, ե՛ւ մերը չէ, կիսված հող է, բայց չկիսված սիրտ… Էկրանին հայտնվում են մեր կորուսյալ հողի չքնաղ պատառիկները` Վանա ծով, Նարեկավանք ու Վարագավանք, Սուրբ Կարապետ վանք, ահա Չարենցի տունը, Անին շքեղաշուք, Արաքսը վշտոտ… Ու կորցրած հայրենիքին ձոնված ցավի եւ մորմոքի վշտաբեկ տողերը հաջորդում են միմյանց, սակայն տխուր թեմաները ավարտվում են լավատեսական շեշտադրմամբ, հաղթական ոգին եւ շունչն է թեւածում:

Դուրս արի, Մհե՛ր,

Աշխարհի զարկին զարկով է, որ պիտի հաղթենք,

Ուժ տուր մեր բազկին:

Երեխաների անափ լավատեսությամբ հագեցած տողերը մեծ հույս են ներշնչում, եւ հավատում ես, որ մի օր պապերի կորցրած հողում հայը նորեն կքայլի տիրոջ իրավունքով, կղողանջեն մեր եկեղեցու զանգերն, ու մեր պատմական հայրենիքի դպրոցներում վերստին կհնչի մեր ոսկեղենիկ հայերենը` աղոթքի պես մեղմ, զենքի պես հատու: Միջոցառումն ուղեկցվում է դպրոցի երգ ու պարի խմբերի անզուգական կատարումներով: Ներկա գտնվող հյուրերից մեկը` մահապարտ-ազատամարտիկ Սպարտակ Մաթեւոսյանը, միջոցառումից ոգեւորված, Չարենց է արտասանում.

Քո խատուտիկ աչիկներով պիտի նայես մի օր հեռուն,

Դրոշ պիտի պահես մի օր քո ամրացած ձեռիկներում:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ամբիոնի պետ, գնդապետ Գագիկ Կարապետյանն էլ լրացնում է. «Այո՛, ես հավատում եմ, մեր եռագույն դրոշը մի օր կծածանվի Արարատի գագաթին, ու եթե ես էլ չէ, որդիս դա հաստատ կտեսնի… Մեր զենքը մեր ուժն է, մեր միասնությունը»:

Նոր Նորք վարչական շրջանի կրթության բաժնի պետ Արմեն Ալավերդյանն էլ նշում է, որ նմանաբնույթ միջոցառումները նպաստում են, որ հայրենասիրական ոգին եւ կորովը մշտարթուն լինեն աշակերտների մեջ: «Մեր դպրոցի ամբողջ աշխատակազմն անում է հնարավորը, որ բոլոր միջոցառումներն էլ բարձր մակարդակով կազմակերպվեն, նպաստեն աշակերտների ե՛ւ հայրենասիրական, ե՛ւ գեղագիտական, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ֆիզիկական դաստիարակությանը: Մենք կրթում եւ դաստիարակում ենք հայրենասեր եւ հայրենատեր քաղաքացիներ: Վստահ եմ, որ մեր հողը ամուր եւ հուսալի ձեռքերում է»: -Նշում է դպրոցի տնօրեն Գայանե Հարությունյանը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները`
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Բանակ և հասարակություն


23/05/2013