Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ



Գորիսում նշվեց մայիսյան եռատոնը

Մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոները նշվեցին նաև Գորիսում, զոհվածների հուշարձանի մոտ:

Վաղ առավոտից արդեն դեպի հուշարձան մարդկանց հոսքը սկսվել էր. անմար կրակի շուրջ լռությամբ և ծաղիկներով իրենց հարգանքի տուրքն էին մատուցում պատերազմի վետերանները, զորամիավորման հրամանատարական և սպայական կազմը, քաղաքի իշխանությունները, բազմաթիվ քաղաքացիներ:

Տոնական արարողությունը բացվելուց առաջ քաղաքի մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադի Մարդյանն ընթերցեց Սյունիքի մարզպետ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, կամավորական գումարտակի նախկին հրամանատար Սուրեն Խաչատրյանի շնորհավորական ուղերձը` ուղղված Մեծ Հայրենականի և Շուշիի ազատագրման մասնակից- վետերաններին, քաղաքացիական և զինվորական հասարակայնությանը: Ուղերձում մասնավորապես ասվում էր.

«Մեր հայրերին և մեզ անասելի ծանր փորձություն էր վիճակվել. երկու դեպքերում էլ պարտությունը կարող էր ճակատագրական լինել մեր ժողովրդի համար` վտանգելով նրա ֆիզիկական գոյությունը: Մեր հայրերն ու մենք այդ դաժան փորձությունից դուրս եկանք պատվով` հաղթանակած, հաստատելով այն իրողությունը, որ վտանգի պահին հայ ժողովուրդն ի զորու է համախմբելու իր ուժերը և թեկուզ ծանր զոհողությունների, թեկուզ անդառնալի կորուստների գնով` հասնելու հաղթանակի: Մեր ավագները հաղթեցին` մեզ փոխանցելով հաղթանակի բերկրանքը, ազգի հարատևությունը հաղթանակներով ամրագրելու կամքն ու զորությունը: Նրանք հաղթեցին` իրենց փառահեղ հաղթանակով դաստիարակելով նոր հաղթանակող սերունդ… Փառք ու պատիվ մեր ընկած նահատակներին, մարտական բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով արժանիորեն պարգևատրված մեր վետերաններին, որոնք փառքով սուրը դրեցին պատյան և խաղաղությամբ ու հպարտությամբ լծվեցին երկրի շինարարության, բանակաշինության սուրբ գործին: Նրանց բոլորի գործն անմահ է` գեներալներ, թե շարքայիններ:

Այսօր էլ երիտասարդ սերունդն է դասեր քաղում մեր հաղթանակներից, և վաղը, Աստված մի արասցե, եթե նորից հարկ լինի պատերազմելու, վստահ եմ, նրանք էլ մեզ պես դուրս կգան հաղթանակած»:

Պատերազմի վետերաններին, մեր ժողովրդին ուղղված շնորհավորանքի և երախտիքի ջերմ խոսքեր ասացին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանը, զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը:

Վերջում, չնայած հորդառատ անձրևին, հուշարձանի մոտ զորամասի զինվորները հմտորեն ցուցադրեցին մարտական հնարքներ և վարժություններ:

Այդ օրը պատերազմում զոհվածների հուշարձանի շրջակա տարածքում դեռ երկար հնչում էին հաղթական երգեր ու երաժշտություն:

Տոնական արարողությունը կազմակերպել էր Գորիսի քաղաքապետարանի մշակույթի բաժինը: Այն վարեց քաղաքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի մեթոդիստ Նելլի Արզումանյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Բանակ և հասարակություն


16/05/2013