Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՊԱՅԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ` ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՆ ՄԻՋՈՑ
ՍՊԱՅԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ` ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՆ ՄԻՋՈՑ

Դեռևս կազմավորման առաջին շրջանից պաշտպանության նախարարությունում, բնականաբար նաև ենթակա զորամասերում, գործում են սպայական, ենթասպայական ու սերժանտական ժողովներ, որոնց նպատակը զինծառայողների միջև կանոնադրական փոխհարաբերությունների ու բարոյական նորմերի քննարկումն ու հաստատումն է, որը նպաստում է կարգապահության ու օրինականության ամրապնդմանը, զինծառայողների սոցիալ-իրավական խնդիրների բարելավմանը։ Փաստորեն, սպայական ժողովներ (անձնակազմի ժողովներ) գործում են բոլոր այն տեղերում, որտեղ կան զինվորական ստորաբաժանումներ՝ զորամիավորումներում, զորամասերում, գումարտակներում (դիվիզիոններում, ավիաէսկադրիլիաներում), առանձին վաշտերում (մարտկոցներում), ռազմաուսումնական հաստատություններում։ Սովորաբար ավագ սպայակազմի համար հրավիրվում է առանձին ժողով, որի նախագահը լինում է տվյալ կառույցի հրամանատարը, իսկ կրտսեր սպայական ժողովի նախագահը կարող է լինել համապատասխան մարմնի հրամանատարի (պետի) տեղակալներից մեկը։

Սպայական ժողովները գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, ժողովի նախագահի հաստատած օրակարգով։ Ժողովին մասնակցելու համար ժողովի նախագահի որոշմամբ կարող են հրավիրվել այլ անձինք։ Եթե զորամասի (ստորաբաժանման) տեղակայման վայրը կամ պայմաններն այնպիսին են, որ հնարավոր չէ գումարել համապատասխան ժողովների նիստեր, ապա նախագահի որոշմամբ նիստերն անցկացվում են ստորաբաժանումների ներկայացուցիչների միջոցով։ Ժողովների ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ընդունված որոշումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք հաշվառվում և պահվում են հինգ տարի ժամկետով։

Ժողովների նիստում նախագահները, բացի քննարկվող հարցերից, ներկայացնում են նաև նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքը։

FFF

Մեր զորամասում գրեթե ամեն շաբաթ անցկացվում են սպայական, ենթասպայական և սերժանտական ժողովներ։ Հարցին շատ մեծ կարևորություն է տալիս զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա. Մելքոնյանը։ Ժողովների ընթացքում քննարկում ենք ծառայությանը վերաբերող ընթացիկ հարցեր, ծանոթանում ենք պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններին։ Ժամանակ առ ժամանակ քննարկումներ ենք կազմակերպում նաև նախարարի ուղերձներում, գրքույկներում բարձրացված հարցերի շուրջ, կատարում անհրաժեշտ աշխատանքներ՝ դրանցում արծարծվող պահանջների և ուղղորդումների բովանդակությունը անձնակազմին ընկալելի դարձնելու համար։ Սպայական ժողովների ժամանակ քննարկում ենք նաև տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը։

Սպայական ժողովներում մշտապես անդրադառնում ենք զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած այն դեպքերին, միջադեպերին (վթարներ, սպանություն, ինքնասպանություն, ինքնախեղում և այլն), որոնք նախարարի հրամանով ենթակա են քննարկման։ Բացահայտելով այդ դեպքերի պատճառահետևանքային կապերը՝ ժողովի նախագահը՝ հրամանատարը, ծառայությունների պետերից ու ստորաբաժանումների հրամանատարներից պահանջում են, որ իրենց պատասխանատվության մասով աշխատանքային գրքույկում գրանցումներ անեն, որպեսզի մշտապես աչալուրջ և զգոն լինեն և խուսափեն նման դեպքերի հնարավոր կրկնությունից։ Այսինքն՝ արատավոր դեպքերը ուսումնասիրության ու քննարկման նյութ դարձնելը ինքնանպատակ չէ։

Մեր զորամասում ամեն ինչ տեսանելի, վերահսկելի է։ Այն ժամանակ, երբ ես գումարտակի հրամանատարի տեղակալ էի, ու սպայական ժողովում քննարկվում էր ենթակա ստորաբաժանումներից մեկի երիտասարդ հրամանատարի հարցը, ես այդ սպային պարզաբանեցի, որ իր գլխավոր բացթողումը զեկուցումից խուսափելն է։ Զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցող բոլոր դեպքերի, իրադարձությունների, միջադեպերի մասին ստորաբաժանման հրամանատարը պետք է զեկուցի վերադաս հրամանատարությանը, այլապես դրանք կուտակվում, մեծանում ու լուրջ խնդիր են դառնում։ Ժողովի ընթացքում ես պարտավորվեցի անհատական աշխատանք տանել երիտասարդ սպայի հետ, կատարեցի խոստումս, և կարճ ժամանակ անց նա սկսեց լիովին տիրապետել իրավիճակին։

FFF

Ներկայացնեմ մեկ այլ դեպք, որը իմ ճանաչած սպաներից մեկի հետ էր տեղի ունեցել։ Ցանկանալով պաշտպանել զորամասն ինքնակամ լքած համագյուղացի զինվորին՝ զորամասի հրամանատարին զեկուցել էր, թե վերջինս իր թույլտվությամբ է տուն գնացել։ Ճշմարտությունը բացահայտվեց բավական ուշ։ Սպան լուրջ տույժի ենթարկվեց. զրկվեց հերթական կոչումը ժամանակին ստանալու իրավունքից։

Սպայական ժողովների ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում սպաների պատիվն ու արժանապատվությունն արատավորող հարցերին ու երևույթներին։ Սպաների պահվածքը, վերադասի և ենթակաների հետ հարաբերվելու ձևերը, ծառայական պարտականությունների կատարումը, արտաքին տեսքն ու հագուկապը դառնում են լուրջ քննարկման առարկա։ Իսկ առանձին, ավելի կոպիտ խախտումների համար կազմակերպվում են սպայական (ընկերային) դատեր։ Զինվորների խախտումները, մանավանդ, եթե դրանք տեղի են ունեցել զորամասի տարածքից դուրս՝ ազատ արձակումների ժամանակ, քննարկվում են սերժանտական ժողովներում։

Շատ կարևոր է, որ ժողովների մասնակիցները քննարկումներին մասնակցեն ակտիվորեն ու լինեն անկեղծ, ճիշտ բնորոշեն ծառայակից ընկերների թույլ տված պախարակելի արարքներն ու քննադատեն, որպեսզի դրանք հետագայում ևս չկրկնվեն։

Ժողովներում քննարկման առարկա են դառնում նաև զինծառայողների սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերը։ Եղել են դեպքեր, երբ սպայական ժողովի ընթացքում որոշել և օգնություն ենք ցուցաբերել սոցիալական ծանր իրավիճակում հայտնված մեր գործընկերներին։

ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ
զորամասի հրամանատարի տեղակալ
մայոր