Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ



Սկիզբը՝ նախորդ համարներում

ՀՀ զինված ուժերի բարեփոխումների, զարգացման ծրագրերի շրջանակներում 2008թ. հաստատվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերում պայմանագրային (արհեստավարժ) սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը: Այն սահմանում է տվյալ ծառայության կազմակերպման և անցկացման կարգը: Դրա համաձայն՝ այս հինգ տարիների ընթացքում հարյուրավոր պայմանագրային սերժանտներ են պատրաստվել և նշանակվել զորքերում, զգալի աշխատանք է կատարվել նրանց դերն ու նշանակությունը բարձրացնելու համար: Սակայն, ինչպես և ցանկացած նոր նախաձեռնություն, այս համակարգը դեռ զարգացման երկար ճանապարհ ունի անցնելու: Ինչպիսի՞ն է իրավիճակը ոլորտում այսօր, ի՞նչ ձեռքբերումներ և լուծման կարոտ խնդիրներ կան: Ներկայացնում են ոլորտի պատասխանատուները:

Փոխգնդապետ Ա.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
համազորային ցիկլի պետ

ՍԵՐԺԱՆՏԻՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ԼԻՆԵԼ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Մեր դպրոցի անվանումից արդեն պարզ է, որ այստեղ սովորում են ենթասպա դառնալ ցանկացողները: 2012թ. այստեղ իրենց ուսումնական գործընթացն են անցկացնում նաև պայմանագրային սերժանտները: Սովորում են 16-շաբաթյա ծրագրով: Կան նաև վերապատրաստման դասընթացներ ավելի բարձր սերժանտական պաշտոնների համար: Տարբերությունը ուսման կազմակերպման մեջ է. ենթասպաների հիմնական մասն արդեն որոշակի պատկերացում ունի հրամանատարական ծառայության մասին, իսկ պայմանագրային սերժանտների դեպքում պետք է զրոյից սկսել: Ոմանք կարող են ասել, թե սերժանտն էլ բանակում ծառայած է, բայց նա որպես զինվոր ընդամենը կատարող է, պատասխանատվությունից, կազմակերպչական հարցերից հեռու, իսկ ենթասպան որոշակի հրամանատարական գործառույթ է իրականացնում, եթե ոչ գործնական, գոնե տեսականորեն տիրապետում է որոշակի հմտությունների: Այժմ արդեն սերժանտը պետք է լինի ուսուցանողը, դաստիարակը մի խումբ զինվորների, կարողանա իր գիտելիքները փոխանցել իր ենթականերին: Մեր աշխատանքն էլ առավելապես նպատակաուղղված է հենց դրան, որպեսզի արդեն զորամասերում մեր դպրոցն ավարտած սերժանտները ունակ լինեն սովորեցնելու մյուսներին` լինելով բանիմաց, իրենց գործի գիտակ մասնագետներ, կրտսեր օղակի հրամանատարներ:

ՄԵՐ ՍԵՐԺԱՆՏԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԶԻՆՎՈՐ Է

Սերժանտների և մյուս մասնագետների, ասենք` ենթասպաների պատրաստության ծրագրերի միջև էական տարբերություններ չկան, ուսուցանվում է զինված ուժերում գործող նույն ուսումնական ծրագիրը: Ընդհանուր առմամբ, այն նման է նաև այլ պետությունների զինված ուժերում ընդունված ուսումնական ծրագրերին` շարային, ֆիզիկական, կրակային պատրաստություն, մարտավարություն և այլն: Մեր առավելությունն այն է, որ պատերազմ ենք անցել, այժմ էլ հարաբերական զինադադարի պայմաններում ենք և գիտենք, թե հայրենասեր և մարտունակ մասնագետ պատրաստելու համար ինչ է հարկավոր: Հնարավոր է` արտասահմանում ամեն ինչ ավելի հագեցած լինի տեխնիկապես, ասենք` ուղղաթիռով մի քանի հարյուր կիլոմետր տեղափոխեն անձնակազմը, մի քանի ժամ մարզեն և նորից ետ բերեն տեղակայման վայր, կամ պարապմունքները ամբողջությամբ համակարգիչներով անցկացնեն: Բայց մեր պայմաններում էլ մենք կարողանում ենք լիարժեք մասնագետ պատրաստել, ինչ-որ տեղ ավելի բարձր մակարդակի: Դատեք ինքներդ, ամերիկյան բանակում յուրաքանչյուր սերժանտ սովորեցնում է մեկ առարկա` մեկը հրաձգային զենքի օգտագործում, մյուսը կրակային պատրաստություն, մեկ ուրիշը` տեխնիկական և այլն: Եթե իր առարկայից դուրս որևէ բան հարցնես, նա չի կարողանա պատասխանել: Իսկ մեր սերժանտն ունիվերսալ է, տիրապետում է այդ ամենին և՛ տեսականորեն, և՛ գործնականում:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՂՅԱԿ ՉԻ

Բնականաբար, մենք էլ մեր ցավոտ հարցն ունենք` մասնագետների հավաքագրումը: Եթե նույնիսկ որևէ դժգոհություն կա այս համակարգից, ապա այն գալիս է ժողովրդի անտեղյակությունից տվյալ գործընթացի մասին: Իրազեկել, գովազդել է պետք այս համակարգը, և ընտրությունը ավելի հեշտ կլինի: Արտասահմանում սերժանտների մասին տեղեկատվությունը ամեն տեղ է: Օրինակ` մեզ պատմում էին, որ համակարգչային խաղեր ներբեռնելիս երեխաները տեսնում են սերժանտական համակարգի մասին գովազդ, մինչև այն չդիտես, խաղը հնարավոր չի լինի ներբեռնել: Փաստորեն, մանուկ հասակից տեղի հասարակությունը դաստիարակվում է զինծառայության և, մասնավորապես, սերժանտական համակարգի առավելությունների մասին նյութերով:

♦♦♦

Հայկական և պայմանագրային սերժանտական համակարգի անցած այլ բանակների միջև շատ ընդհանրություններ և տարբերություններ կան: Արտասահմանում զինվորը հրաման չկատարելու մասին չի էլ մտածում առաջին հերթին բարձր աշխատավարձը կորցնելու վախից, նույնը և սերժանտը` իր վերադասի հետ հարաբերություններում:

…Մենք գալիս ենք մեր հայրենիքը պաշտպանելու: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ եթե սերժանտը բարձր վարձատրվի, ապա կստացվի վարձու բանակ: Սերժանտը առաջին հերթին զինվորին սովորեցնողն է, նրան կրթողը, առաջին զինվորական գիտելիքներ տվողը: Եթե մենք այդ ստորին օղակում չունենանք զինծառայող, որը տիրապետում է իր աշխատանքին, մենք մեր զինվորին չենք կարողանա զրոյից դարձնել զինվորական: Ինչ է կատարվում իրականում: Ժամկետային զինվորը ծառայեց, փորձ ձեռք բերեց, դարձավ սերժանտ, որով հպարտանում ես, ու մեկ էլ մի գեղեցիկ օր ուրախությունն ավարտվում է՝ զինվորը զորացրվում, գնում է տուն: Մենք նորից սերժանտ պատրաստելու խնդիր ենք ունենում: Այս դեպքում մեկ տարի, տարիուկես փորձառություն ձեռք բերելուց, զորամասին ընտելանալուց և որպես մասնագետ կայանալուց հետո պայմանագրային սերժանտը կմնա իր տեղում և ժամկետային զինվորների նորանոր խմբերի կսովորեցնի: Այսինքն` ուսումնական գործընթացի անընդհատությունը պահպանվում է, ժամանակ չենք կորցնում զորացրված սերժանտին մեկ ուրիշով փոխարինելու համար: Եթե նույնիսկ պայմանագրային սերժանտը տեղափոխվում է այլ զորամաս, նրան փոխարինում է մեկ այլ արհեստավարժ սերժանտ:

Ընդամենը մի քանի տարի է, ինչ գործում է պայմանագրային սերժանտական համակարգը: Հետագա ընթացքը թերեւս ավելի դժվար է լինելու, քանի որ տարեցտարի ավելանում են մասնագիտական պահանջները, եւ արդյունքը մի քանի տարի հետո ամբողջովին տեսանելի կլինի: Ուրեմն, պետք է ժամանակ չկորցնենք և համախմբված աշխատենք:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/05/2013