Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԳՈՒՄԱՐՎԵԼԻՍ ԲԱԶՄԱՊԱՏԿՎՈՒՄ ԵՆՔ



Հայ ժողովրդի եւ ոչ մի սերունդ, ամենաօրհասական պահին անգամ, գեթ մի վայրկյան չի համակերպվել իր պատմական հողերը անվերադարձ կորցնելու մտքի հետ, չի ասել՝ եղածը եղած է, չի հրաժարվել երբեմն անհավանական թվացող երազներից։ Ու եթե զենք չի առել, եթե անգամ ուժ չի ունեցել բարձրաձայնելու, միեւնույն է, բռնադատված հայրենիքի յուրաքանչյուր թիզը իրենն է համարել, փայփայել է հոգում գերեվար հողի ազատագրության տեսիլքը ու□ սպասել է իր ժամին։

Հայրենասիրությունը հանրահաշիվ չէ, որ բացատրես դաս առ դաս, հայրենասիրությունը չեն սովորեցնում։ Փորձառությունն ու կյանքն են ապացուցել՝ շինծու, հորինված պատմությունը կենսագրություն չի դառնում ժողովրդի համար, չի դառնում հոգու մասնիկ ու առնում արյան գույն։ Իզուր ջանքեր են, անպտուղ, անարդյունք. Արցախը հայրենիք չդարձավ թուրքի համար ու չի դառնա, թրքացված տեղանունները չեն կարող սեր արթնացնել թուրքի հոգում, մանավանդ՝ ի զորու չեն ինքնազոհության մղելու, քանի որ արյունն օտար է, սիրտը չի զգում, ու դատապարտված են ինքնահնար պատմությունը սեփական ժողովրդի վզին փաթաթելու՝ թուրք պատմաբանների բոլոր ջանքերը։ Որքան ուզում ես սերտիր պատմությունը, ինչպես կյուրացնես երկրաչափությունը, եթե քոնը չի, սիրտդ անհաղորդ է մնալու, ու ճակատագրական պահին, երբ գալու է հողի հանդեպ սերն ու նվիրվածությունը կյանքով հավաստելու ժամանակը, խորթությունն զգալ է տալու, արյունը դիմադրելու է։ Ոչ մի առեղծված չկա, ու հայի ֆենոմենը հասկանալու համար հոգեբանական վերլուծություններ պետք չեն, բավական է կարդալ նրա պատմությունն ու համոզվել, որ հայի համար կորցրած հայրենիքը չի դադարում հայրենիք լինելուց նույնիսկ հազարամյակներ հետո, սերնդեսերունդ փոխանցված կարոտը ոչ թե նվազում, այլ բազմապատկվում□ ահագնանում է տարիների հետ, ու հայի զավակները աշխարհի որ ծայրում էլ լինեն, մնում են արցախցի, մշեցի, սասունցի, վանեցի, էրզրումցի, կարոտում են իրենց չտեսած հեռավոր հայրենիքը։ Երկիրը, որտեղ ծնվել են, օտար հող են համարում, իրենց՝ տարագիր ու պանդուխտ եւ ապրում են տուն դառնալու երազով։ Իսկ այդ երազը այնքան ուժեղ է ու կենսունակ, այնքան վեհաշունչ է ու հերոսական, որ, ինչ էլ լինի, գտնելու է ճամփան ու տուն է բերելու հայոց աշխարհասփյուռ քարավանները։ Հենց այդ երազն էր, որ մեզ Արցախ տարավ։ Մեծ ու փոքր, ահել ու ջահել, տղամարդ ու կին, դպրոցական ու ուսանող, ոտքի կանգնեցին Արցախի համար։ Նրանցից շատերը Արցախը չէին տեսել, ոմանք նույնիսկ անունը չէին լսել, բայց սիրտն ու արյունը պահել էին կարոտը, սերը։

Իսկ սրտի ու արյան դեմ անզոր են անգամ ժամանակն ու տարածությունը, հանգամանքներն ու պայմանականությունները։ Հիմա շատերն են ասում՝ ես համոզված էի, որ հաղթելու ենք, նույնն է, թե ասեն՝ ես համոզված էի, որ ապրելու եմ։

Սխալ դուրս եկան թուրքերը 20□րդ դարավերջին, երբ, խորհրդային զորքի հետ դաշնակցած, որոշեցին եզրափակել Արցախը հայաթափելու վերջին արարը, քողարկված հայահալածությունը փոխարինելով զինված հարձակմամբ։ Տարրական տրամաբանության տեսանկյունից ամեն ինչ ճիշտ էր։ Ճիշտ էր ընտրված պահը։ 88□ի երկրաշարժը զորեղ հարված էր, երկիրը լցվել էր անտուն, անօթեւան աղետյալներով, մարդկային զոհերը, նյութական կորուստները կաթվածահար էին արել բնականոն կյանքը։ Եղածին գումարվել էին կարիքն ու գործազրկությունը, սովն ու խավարը։ Իսկ սահմանները բաց էին։ Խորհրդային ինտերնացիոնալիզմի սնամեջ փուչիկը պայթել էր, ուզբեկը, էստոնացին, ռուսն ու վրացին վերադարձել էին իրենց տները՝ սեփական հողն ու հայրենիքը պաշտպանելու, իսկ Հայաստանը՝ աղետյալ ու անբանակ, մնացել էր անպաշտպան։

Սակայն թուրքերը մոռացել էին մի կարեւոր բան՝ մեր հավաքական ուժը, սերը, քաջությունը, եւ այն հրաշքը, որ ծնվում է մեր միաբանությունից։ Նրանք չգիտեին այն անօրինաչափ թվաբանությունը, որ զուտ հայկական է. մենք գումարվելիս բազմապատկվում ենք։ Նրանց հասու չէին մեր միաբանության ֆենոմենը, հայրենասիրության ուժը, ժառանգական արիությունը։ Արցախյան պատերազմը, որպես հպարտության, հերոսության ու քաջության ակունք, ավելի հորդառատ ու վարար է բխելու ապագայում՝ գալիք սերունդների կենսագրությունը սրբագործելով նախնիների արիության ու փառքի ասքերով, ժողովրդի պատմությունը դարձնելով հերոսապատում։ Ու ինչպես մեզ համար են թանկ Ավարայրն ու Սարդարապատը, Վարդանն ու Անդրանիկը, այնպես էլ գալիք սերունդների հոգում անջինջ են մնալու Մարտակերտն ու Շուշին, Մոնթեն, Վազգենը, Լեոնիդը□ Մենք ըմբռնումով լսեցինք ու երբեք չենք մոռանա թուրք պաշտոնյայի խորհուրդը. «Քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, հայերը իրավունք չունեն քնելու»։ Որովհետեւ մեզ քնած տեսնելիս թուրքը անմիջապես հանում է թաքցրած կացինը։ Մենք դա գիտենք, միշտ էլ իմացել ենք։ Պարզապես մի էական ճշտում. Արցախի հարցը լուծվել է, Արցախը ազատագրվել է թշնամուց։ Բայց, միեւնույն է, մենք իրավունք չունենք քնելու, քանի դեռ չեն լուծվել մեր բոլոր պատմական խնդիրները։ Ու չենք քնելու, հզորանալու□բարգավաճելու ենք, կառուցելու ենք մեր հայրենիքը։ Քանի որ ուժեղ ու բարեկեցիկ Հայաստանն է մեր դարավոր իղձերի իրականացման միակ երաշխիքը։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Բանակ և հասարակություն


13/05/2013