Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԳՏԻՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՋԴ»
«ԳՏԻՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՋԴ»

Հեռուստակամուրջը միավորեց Երեւանի, Մինսկի եւ Սեւաստոպոլի վետերաններին

Հայրենական մեծ պատերազմի 40 վետերաններ մայիսի 6-ին մասնակցեցին Երևանի Մոսկվայի տանը կազմակերպված հեռուստակամուրջին, որը նվիրված էր Մեծ հաղթանակի 68-րդ տարեդարձին: Հազարավոր կիլոմետրեր հեռվից Հայրենական մեծ պատերազմի վետերանները կարողացան ազատ շփվել և տեսնել միմյանց: Երևանի տան նախաձեռնությանը միացան Մինսկի և Սևաստոպոլի Մոսկվայի տները:

Վետերանները երկուսուկես ժամ պատմում, խոսում էին այն մասին, թե ինչպես են ժամանակակիցներն այսօր` ավելի քան կես դար անց ընկալում սարսափելի պատերազմի դեպքերն ու իրադարձությունները: Առցանց ռեժիմում շփման ընթացքում վետերանները ռազմաճակատային ընկերների հետ հիշեցին պատերազմի դաժան տարիները և պատերազմի ավարտին նվիրված Հաղթանակի շքերթի երջանիկ ակնթարթները:

«Մենք բոլորս ծնվել, մեծացել ու գնացել ենք ռազմաճակատ, որպեսզի պաշտպանենք միևնույն Հայրենիքը` Խորհրդային Միությունը: Իսկ այսօր մեր ծերությունն անցկացնում ենք տարբեր երկրներում և տարբեր կերպ: Ես կուզենայի իմանալ, թե ինչպե՞ս են ձեր երկրներում վերաբերվում վետերաններին, ի՞նչ արտոնություններից եք օգտվում, ի՞նչ արտոնություններ կան մարտական գործողություններին մասնակցած և թիկունքի վետերանների համար»,- հետաքրքրվեց պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը:

«Ես փնտրում եմ իմ հոր մարտական ընկերներին, ծառայակիցներին և ուզում եմ իմ հարգանքն ու խոնարհումը հայտնել նրանց: Ես պատրաստ եմ աջակցելու իմ հոր (որն արդեն մեզ հետ չէ) մարտական ընկերներին»,- ասաց Մինսկի վետերանների կազմակերպության անդամը` պատերազմի մասնակցի որդին:

«Մենք միշտ ուրախ ենք տեսնելու նրանց, ովքեր մեզ նման անցել են Հայրենական մեծ պատերազմը, մասնակցել նույն ռազմագործողություններին,- ասաց Հայաստանի պատերազմի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Պետրոսյանը:- Այս տարի մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմի 68-րդ տարեդարձը: Այն իրադարձությունները, որոնց մեզ բախտ է վիճակվել մասնակցելու երիտասարդ տարիքում, փոխեցին մեր ջահել կյանքը և մինչ օրս ամուր մխրճվել են մեր հիշողության մեջ, մեր հուշերում: Բայց մի բան է հուշը, այլ բան` ծառայակիցներին աչքով տեսնելը, լսելը: Ուստի մեծապես շնորհակալ ենք մեր և մյուս բոլոր Մոսկվայի տներին այս բացառիկ և ուրախալի հնարավորության համար»:

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Երևանի «Մոսկվայի տուն»
մոսկովյան մշակութագործնական կենտրոնի
PR ծառայության ղեկավար