Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՍՕՐՎԱ ԶԻՆՎՈՐԸ ԵՐԵԿՎԱ ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆ Է



Անհերքելի է, որ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում մեր սպաները դպրոցների ուսուցիչներից և բուհերի դասախոսներից ոչ պակաս մանկավարժներ են, որոնք երկու տարի անընդմեջ մեր երկրի սահմանների պաշտպաններին, մեր զինվորներին կրթում ու դաստիարակում են եւ ճանապարհում դեպի ինքնուրույն կյանք: Այդպիսի մի սպա-մանկավարժ էլ ուսումնական զորամասի հրամանատար Ալեքսանդր Պետրոսյանն է, որն իրեն չի պատկերացնում առանց զորամասի, առանց իր զինվորների եւ իր հայրենասիրական ու մասնագիտական դասերի: Օրերս էլ հենց զորամասում տեղի ունեցավ նրա` «Պատիվ ունեմ ներկայանալու» շնորհանդես-ցերեկույթը: Միջոցառմանը ներկա էին պատվարժան հյուրեր` ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ գեներալ-մայոր Ա.Մարդոյանը, հրամանատարական կազմը, հ.43 դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, զինվորներ, ծնողներ, բարձր դասարանների աշակերտներ:

Շնորհանդեսի բացումը հայտարարեց հրամանատարը. ներս բերեցին զորամասի մարտական դրոշը և «Լավագույն ուսումնական զորամաս» պատվո դրոշը: Հրամանատար Պետրոսյանը ներկայացրեց զինվորականի իր անցած ուղին, զորամասի առօրյան: Այնուհետև մենք ականատեսը եղանք այն հրաշալի համերգային ծրագրին, որը կազմակերպել էին զինվորները: Ամենահուզիչը «Բերդ» պարի ներկայացումն էր. կայուն ու անսասան էին զինվորների հպարտ քայլերը, խրոխտ շարժումները, կայուն ու անսասան էր այն բերդը, որ ներկայացրին մեզ, այնքան անսասան, որքան հայրենիքն է մեր:

Ցերեկույթը եզրափակվեց հայրենասիրական երգերի ընտրանիով, Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» ոգեկոչող բանաստեղծությամբ, և մենք հավատացինք, որ մեր զինվորները այդ պարը եւ նման երգեր մի օր անպայման կհնչեցնեն Սասնա լեռան լանջին: Իսկ այդ ամբողջ ընթացքում տեսաֆիլմով ցուցադրվում էին Արցախյան հերոսամարտի, մեր հերոսների մարտական ուղու դրվագներ: Մնում է շնորհակալություն հայտնել գնդապետ պարոն Մկրտչյանին` այս միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Լիահույս ենք, որ դեռ բազում հայորդիներ են կրթվելու ու դաստիարակվելու նրա նման բարեխիղճ ու պարտաճանաչ զինվորականների ձեռքերում:

ԼԻԼԻԹ ՄԻՐԶԱՋԱՆՅԱՆ
հ. 43 ավագ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի

Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Բանակ և հասարակություն


13/05/2013