Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ. ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ. ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՅ ԴԱՏ

«Հոլոքոստի ժամանակ մեծ տերությունները լվացել են ձեռքերը, քանի որ ավելին են իմացել, քան խոսել են. նրանք չեն նշել, թե ինչպես են Հայոց ցեղասպանության ժամանակ ևս լվացել ձեռքերը»:

Հռոմի պապ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ

♦♦♦

«Թուրքիայում այսօրվա սերնդի մեջ մոտ 100 հազար մարդիկ կան, որոնց հայրն ու մայրը հայեր են, իսկ իրենք` մահմեդական: Նրանք խոսում են հայերեն եւ գաղտնի խաչ են կրում: Դա ես պարզել եմ իմ անձնական կապերի շնորհիվ: Նրանք չեն ցանկանում եկեղեցի հաճախել, քանի որ այդպես կարող է բացահայտվել նրանց ինքնությունը: Չէ՞ որ այդ մարդկանց մեծ մասը պետական ոլորտի աշխատողներ են»:

ԱՐԱՄ արքեպիսկոպոս ԱԹԵՇՅԱՆ,
Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ

ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՐԱՆ

«Արեւմուտքը փորձել է մի քանի գունավոր հեղափոխություններ իրագործել Ադրբեջանում, որոնք տապալվել են»:

ՌԱՄԻԶ ՄԵՀՏԻԵՎ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար

♦♦♦

«Իրանը վաղուց է դադարել հավատալ նման հայտարարություններին, որովհետեւ Ադրբեջանի պաշտոնատար անձինք Իսրայելում այլ կերպ են խոսում: Այդ պատճառով Մեհտիեւի հայտարարությունները, Իրանի առաջ արդարանալու փորձ լինելուց բացի, այլ բան չեմ կարող անվանել»:

ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵ, քաղաքագետ

♦♦♦

«Թեհրանում Մեհտիեւը ելույթ է ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի անունից: Արեւմուտքը մեկ անգամ եւս համոզվեց, որ ադրբեջանական իշխանություններն անվստահելի եւ անկայուն գործընկեր են, որոնց հետ լավ կլինի ոչ մի հարաբերություն չունենալ»:

ՄԵՀՄԱՆ ԱԼԻԵՎ, «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն

♦♦♦

«Արեւմուտքը Բաքվի մասին երբեք չի դատի այդ հայտարարություններով: Եթե դա ասեին Իլհամ Ալիեւը կամ Էլմար Մամեդյարովը, կարելի էր հետեւանքներ ակնկալել, իսկ Մեհտիեւի հայտարարություններին Արեւմուտքը ուշադրություն չի դարձնի: Նավթն ու Արեւմուտքի աշխահաքաղաքական շահերը կստիպեն ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ Եվրամիությանը անտեսել Մեհտիեւի հակաարեւմտյան հայտարարությունները: Նավթը, գազը, բամբակը եւ մնացածը Բաքուն վաճառում է ոչ թե Իրանին, այլ Արեւմուտքին: Ուղղակի իշխանությունները փորձում են մեղմացնել Իրանի դիրքը, որպեսզի նրանց մեջ ավելորդ գլխացավանք չառաջանա Թեհրանի հետ եւս»:

ԶԱՐԴՈՒՇՏ ԱԼԻԶԱԴԵ, քաղաքագետ

♦♦♦

«Իրանա-ադրբեջանական հարաբերությունները բնութագրվում են լարվածության աճով: Վերջին տարիներին Թեհրանը ադրբեջանական աշխարհիկությունն ու մշակույթը որպես սպառնալիք է ընկալում»:

ՖԱՐՀԱԴ ՄԱՄԵԴՈՎ, Ադրբեջանի նախագահին կից
ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

♦♦♦

«Ադրբեջանը հայտնվել է հակաիրանական եւ հակաիսլամական ուժերի թակարդում: Ադրբեջանի ընտրած ուղին հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերին»:

ՄՈՍՏԱՖԱ ՓՈՒՐ ՄՈՀԱՄԱԴԻ, ԻԻՀ վերահսկողական ծառայության ղեկավար, նախագահի թեկնածու

ՎՐԱՍՏԱՆ

«Ցավոք, մեր տարածաշրջանում դեռեւս իրական է հակամարտությունների վերսկսման վտանգը: Այսօր Հարավային Կովկասը, ինչպես երբեք, միջազգային հանրակցության առավելագույն ներգրավվածության եւ աջակցության կարիքն ունի»:

ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻ, Վրաստանի վարչապետ

♦♦♦

«Վրաստանը ծրագրում է Թբիլիսիի ավիացիոն գործարանում արդիականացված «Սու-25» օդանավեր արտադրել: Նախագծի ֆինանսավորման եւ արտադրության համատեղ կազմակերպման հարցերով պաշտոնական Թբիլիսին դիմել է Ադրբեջանին: Առաջարկի ընդունման դեպքում օդանավերի որոշակի մասեր կարող են արտադրվել Ադրբեջանի ռազմական գործարաններում»:

Ադրբեջանական
ԱՊԱ լրատվական
գործակալություն

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

«Ռուսաստանն ու Իրանը չեն կարողանա երկար ժամանակ օգնել Ասադին: Եթե նա մինչ օրս Դամասկոսում պահում է իշխանությունը, ապա միայն այն պատճառով, որ ներքին և արտաքին ընդդիմության մեջ պակասում են փոխըմբռնումն ու փոխհամաձայնեցումը: Ներքին ընդդիմության մեջ գլխավոր դերը կատարում են իսլամիստները, որոնք արդեն հավատարմության երդում են տվել «Ալ-Քաիդայի» պարագլուխներին: Նրանց կազմակերպությունը կոչվում է «Նուսրա», որի ղեկավար Մոհամեդ Ալ-Ջելանին հայտարարել է Իրաքում և Սիրիայում մահմեդական պետության ստեղծման մասին: «Ալ-Քաիդան» գործնականում վերահսկում է հազարկիլոմետրանոց շատ վտանգավոր գոտի` Բաղդադից մինչև Դամասկոս: Ընդդիմության մյուս մասը` «Ալ Թաուհիդ» բրիգադը, Սիրիայի «Մահմեդական եղբայրների» զինյալ թևն է:

ՎԼԱԴԻՄԻՐ ՉՈՒԿՈՎ, բուլղարացի հայտնի քաղաքագետ,
արաբագետ, տնտեսական գիտությունների դոկտոր

♦♦♦

«Սիրիայում կատարվող ահաբեկչական գործողությունները ավազակային կազմավորումների եւ նրանց աջակցող ուժերի ձախողման վկայությունն են»:

ՎԱՅԻԼ ՆԱԴԵՐ ալ ՀԱԼԿԻ, Սիրիայի վարչապետ

♦♦♦

«Հայերը երկար ժամանակ հանգիստ ապրել են Սիրիայում, որտեղ կարողացել էին ապաստան գտնել Թուրքիայում հայերի ցեղասպանությունից հետո: Մինչդեռ այսօր նրանց գոյությունը հայտնվել է վտանգի տակ իսլամիստ ապստամբների պատճառով, որոնք պնդում են, թե հայերը խանգարում են «հեղափոխությանը» և «աջակցում են Ասադին»: Սիրիայի հայ համայնքում կան հարյուրավոր սպանվածներ, անհետ կորածներ և գերի ընկածներ: Թուրք-սիրիական սահմանին բնակվում են ոչ քիչ թվով թուրքմեններ: Վերջիններս զենք են ստանում Թուրքիայից և այժմ խոսում են հայերի ցեղասպանության նախապատրաստության մասին այն պարագայում, եթե հայերը շարունակեն հակառակել Սիրիայի անկախ բանակին: Այնինչ Արևմտյան մամուլը, որը սովորաբար մեծ տեղ է հատկացնում փոքրամասնությունների պաշտպանությանը, չգիտես ինչու, լռում է… Եվ ո՞ւմ է արդյոք հետաքրքրում Թուրքիայի քրիստոնյաների ճակատագիրը»:

ԱԼԵՔՍԱՆԴՐ դե ՎԱԼ, քաղաքագետ, Մեցի համալսարանի (Ֆրանսիա)
միջազգային հարաբերությունների պրոֆեսոր

ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

«Աֆղանստանի և հարակից տարածքների նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս ռազմավարությունն ընդհանուր առմամբ հայտնվել է փակուղում: Անկախ վիթխարի ծախսերից (մի քանի հարյուր միլիարդ դոլար), ԱՄՆ-ը չհասավ ռազմավարական ոչ մի նպատակի, որոնցից ամենակարևորները հետևյալներն էին.
– վարչակարգերի փոփոխությունը Պակիստանում և Իրանում,
– Քաբուլում խամաճիկային վարչակարգի ամրապնդումը,
– Թույլ չտալ, որ Չինաստանը Պակիստանի միջոցով դուրս գա Պարսից ծոց,
– Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացումը,
– տրանսպորտային և կոմունիկացիոն հավակնոտ այնպիսի ծրագրերի իրականացում, ինչպիսիք են Նաբուկոն, Տրասեկան, Գվադար-Կուշկա երկաթուղու կառուցումը:
Երբ Աֆղանստանի հարավն ու արևելքը հայտնվեն թալիբների և Պակիստանի ազդեցության ներքո, թմրանյութերի համաշխարհային առևտուրն ու ահաբեկչությունը կհայտնվեն Պակիստանի բացառիկ, մենաշնորհային հսկողության տակ, ինչը լրջագույն սպառնալիք է միջազգային անվտանգության համար»:

ԱԶԻԶ ԱՐԻԱՆՖԱՐ, Աֆղանստանի ուսումնասիրման կենտրոնի (Գերմանիա) տնօրեն

♦♦♦

«Ավելի քան տասը տարի շարունակ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ֆինանսավորել է Աֆղանստանի նախագահի գրասենյակը: Ամերիկյան դոլարները ճամպրուկներով, ուսապարկերով եւ տոպրակներով ուղարկվել են Աֆղանստան, որոնք էլ, ի վերջո, դարձել են Աֆղանստանում կոռուպցիայի խոշորագույն աղբյուր»:

«The New York Times» թերթ

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ

«Այն ժամանակ օսմանները չէին վախենում տարածաշրջանը Քուրդիստան անվանելուց, ինչո՞ւ պետք է այսօր մենք վախենանք: Ինչ է, մենք այսօր ավելի թո՞ւյլ ենք այն ժամանակվա օսմանցիներից: Քուրդիստան անունն առաջինը տվել են ոչ թե քրդերը, այլ օսմանները: Քուրդիստանի մայրաքաղաքն օսմանցիները համարել են Վան-Էրճիշը»:

ԴԵՆԳԻՐ ՄԻՐ ՄԵՀՄԵԴ ՖԸՐԱԹ, քուրդ քաղաքական գործիչ, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիրներից

Պատրաստեց Ա. ՅԱՎՐՈՒՄՅԱՆԸ