Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ
19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ

ԿԱՅԾԱԿ ՎԱՂԱՐՇԱԿԻ «ԴԺՈԽՔ» ԶԻՆԱՏԱՐ ՀԵԾԵԼԱԽՈՒՄԲԸ

Սկիզբը՝ նախորդ համարներում

ՀՅԴ 3-րդ Ընդհանուր Ժողովի ավարտից հետո Կայծակ Վաղարշակն անմիջապես գալիս է Կարս: Թեև Սասունում մարտական հիմնական գործողությունները դեռևս չէին ծավալվել, սակայն նա շատ լավ գիտեր իր հայրենի Տարոնում, ինչպես նաև Սասունում տիրող իրավիճակը և ձգտում էր օր առաջ մեկնել ու անհրաժեշտ օգնություն հասցնել զինակիցներին: Կարսի ՀՅԴ Ջրաբերդի կենտր. կոմիտեի համաձայնությամբ Վաղարշակը կազմակերպում է հեծյալ մարտական խումբ, որը ստանում է «Դժոխք» անվանումը: Մինչ Կարսի ընկերների համագործակցությամբ նա կհասցներ վերջնականապես կազմավորել հեծելախումբը, արդեն Սասուն մեկնելիս անհաջողության էին մատնվել Խանի, Օնիկ Նևրուզի, Աշոտ Երկաթի գլխավորած մարտախմբերը: Մարտական խմբերի անհաջողությունները, ինչ խոսք, հստակ մատնանշում էին Երկիր մեկնելու հետ կապված մեծագույն դժվարություններն ու վտանգավորությունը, բայց Վաղարշակը այլընտրանք չուներ:

Մայիսի 31-ին հեծելախումբը դուրս է գալիս Դոլպանտլու գյուղից և ուղևորվում Սասուն: Հեծելախումբը զինատար էր, հայդուկները, բացի իրենց պատկանող զենքերից, Սասուն էին տանում զգալի քանակությամբ փամփուշտ, դինամիտ և ռումբեր: Հունիսի 6-ի գիշերը «Դժոխք» մարտախումբը աննկատ անցնում է ռուս սահմանապահների կողքով, սակայն, երբ անցնում է նաև թուրքական պահականոցների մոտակայքով, նրան նկատում են ժամապահները: Թուրք զինվորները «ո՞վ էք» գոռալով կրակում են հայ զինվորների վրա, որոնք պատասխանում են մաուզեր ատրճանակների կրակոցներով և առանց կանգ առնելու՝ շարժվում առաջ: Հայդուկները շտապում են հասնել այն լեռանը, որը նախապես որոշված էր որպես դադարի կայան: Քանի որ այդ չնախատեսված միջադեպը պատահում է կեսգիշերին, երբ լույսը բացվելուն դեռևս մնում էր 3-4 ժամ, հեծելախումբը, ինչքան էլ փորձեր արագ շարժվել, չէր կարող մինչև լուսաբաց հասնել նախատեսված կայանը: Նկատի ունենալով այդ իրողությունը, հեծելախմբի հրամանատարությունը հարկադրված որոշում է լուսաբացին բարձրանալ և դիրքեր գրավել Խորում և Զիվին գյուղերի միջնամասում գտնվող ավերակ բերդի փլատակներում: Հայդուկները հույս ունեին ցերեկն անցկացնել բերդի ավերակներում և մութն ընկնելուն պես առաջ շարժվել ու հասնել նախատեսված վայրը: «Դժոխք» հեծելախմբի մասին պատմող հուշագրության հեղինակ Վարդանը, ներկայացնելով այդ պահը, գրում է. «Ես գագաթի դիրքում էի 12 ընկերներով, իսկ մեր ներքեւի դիրքերում տեղաւորուած էին մեր 16 ընկերները, որոնց պաշտպանութեան էր թողնուած ձիանները իրենց վրայի բոլոր ռազմամթերքով: Այդ ռազմամթերքից մեզ հետ վերեւում ունեինք միայն 6 հատ ռումբ եւ մեր վրայի փամփուշտներն ու հրացան ատրճանակներով»:

Հայդուկները որքան էլ փորձում էին աննկատ մնալ, այնուամենայնիվ, լուսաբացին քուրդ հովիվները նկատում են նրանց և բերդում նրանց գտնվելու մասին լուրը անմիջապես հասցնում մերձակա քրդական գյուղերին: Կեսօրվա ժամը 12-ին 2000 թուրք զինվորներ և քուրդ զինյալներ պաշարում են հայդուկների դիրքերը, բայց չեն համարձակվում մոտենալ: Նախորդ կռիվներից արդեն ծանոթ լինելով հայդուկների վարպետությանն ու հեռահար զենքերին, թշնամու զինվորները միայն հեռվից են կրակում բերդում պատսպարվածների վրա:

Հակառակորդի առաջին գրոհը հայդուկները կարողանում են հաջողությամբ և առանց զոհերի հետ մղել: Ընդամենը կես ժամ դադար առնելուց հետո թուրքերն ու քրդերը ավելի մեծ բազմությամբ վերսկսում են գրոհը, սակայն այս անգամ ևս հանդիպելով ուժեղ դիմադրության և տասնյակ կորուստներ տալով, դադարեցնում են հարձակումը: Հարձակվողներին մեծ կորուստներ են պատճառում հատկապես հայդուկների նետած ռումբերը, որոնց պայթյունների հզոր դղրդյունը սարսափ է առաջացնում հարձակվողների շարքերում: Համալրելով մարտաշարքերը՝ թշնամին նոր գրոհ է ձեռնարկում: Հայդուկները գրոհը կասեցնելու համար 4 ռումբ են նետում գրոհողների վրա: Թուրք զինվորները և քրդերը, ռումբերի պայթյուններից զգալի կորուստներ տալով, խուճապի են մատնվում և դիմում փախուստի: Թշնամու փախուստից ոգևորված՝ հայդուկները դուրս են գալիս դիրքերից, որը մարտավարական առումով սխալ և անզգույշ քայլ էր:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր