Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔԻ ՆՈՐ ՇՈՒՆՉԸ



«Սա Հայաստան է, և վերջ»…

Լեոնիդ Ազգալդյան

Այսօրվա Քաշաթաղի շրջանում, հատկապես հյուսիսային մասում, որտեղ Մեծ Հայքի նահանգներ Սյունիքի Աղահեճք-Քաշաթաղ և Արցախի Վայկունիք, Մաղավուզ և այլ պատմական գավառներն են, կան մի քանի տասնյակ հնադարյան վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, հարյուրավոր խաչքարեր, տապանաքարեր եւ այլ հուշարձաններ: Ցավով պետք է նշել, որ գրեթե բոլոր սրբատեղիների վիճակը տագնապ է հնչեցնում, որ վաղը կարող են քանդվել: Վերջիններիս շարքում քիչ թե շատ բարվոք վիճակում է Ծիծեռնավանքը, որը տարածքի ազատագրումից հետո նորոգվել է:

Վերջերս ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության Քաշաթաղի տարածքային ծառայությունը կազմակերպել էր Ծիծեռնավանքի (4-րդ դար) տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքները: Տեղի համայնքը հիմնադրվել է 1994 թվականին, որը բաղկացած է 3 բնակավայրերից՝ Ծիծեռնավանք, որը գտնվում է Աղավնո գետի երկու ափերին, Տանձուտ, որն ընկած է Ծիծեռնավանքից մոտ 5 կմ հյուսիս՝ գետի ձախ ափին, և Մելիքաշեն: Վերջինս եղել է Աղահեճք-Քաշաթաղ գավառի մելիքանիստը: Այստեղ պահպանվել է մելիք Հայկազի՝ 14-րդ դարի ապարանքը, որն այժմ ծառայում է որպես հյուրատուն: Վանական համալիրի տարածքի բարեկարգման կարևոր գործում մասնակից եղան համայնքում գործող դպրոցների՝ Ծիծեռնավանքի Վարագ Առաքելյանի անվան, որտեղ սովորում են նաև Մելիքաշեն գյուղի դպրոցականները և Տանձուտի ուսուցիչներն ու աշակերտները:

Ուրախալի է, որ լավ աշխատեցին աշակերտներն ու նաև նախադպրոցական երեխաները: Զրուցում եմ նրանց հետ. Նարինե Զախարյանը որոշել է լավ սովորել և դառնալ բժշկուհի, Գառնիկ Գուլանյանը՝ երգիչ, Ալիսա Առաքելյանը՝ պարուհի, իսկ Հովհաննես Սրապիոնյանը ցանկանում է քահանա դառնալ և պետք է լավ սովորի, որպեսզի ընդունվի հոգևոր ճեմարան: Տանձուտի դպրոցի 3-րդ դասարանցի Հերմինե Գալստյանը և 9-րդցի Լուսինե Մազմանյանը ցանկանում են պարուհի դառնալ և երազում են, որ պարի ուսուցիչ ունենան: 5-րդ դասարանցի Հասմիկ Մուսայելյանը հաստատ է որոշել՝ կդառնա կարատեիստ, իսկ Դավիթը՝ մեխանիզատոր:

FFF

Կատարված աշխատանքներից հետո Ծիծեռնավանք և Տանձուտ գյուղերի միջև անցկացվեց մարզական մրցույթ: Մեծահասակներն առանձին մրցեցին, իսկ աշակերտները՝ առանձին: Նման օրերին միշտ էլ հաղթում է բարեկամությունը. տարբեր դպրոցների աշակերտները ծանոթացան եւ հասցրին նույնիսկ ընկերանալ միմյանց հետ: Օրն ավարտվեց բարի և աստվածահաճո աշխատանքով, որին, բացի համայնքի բնակիչներից, մասնակից եղան պատմական միջավայրի պահպանության շրջանային ծառայության և «Մերան» թերթի աշխատակիցները: Ծառայության պետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նման միջոցառումներ կիրականացվեն նաեւ այլ սրբավայրերում:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Բանակ և հասարակություն


03/05/2013