Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԱՐԵՐԻ ՄԵՋ ԾՎԱՐԱԾ ՓՈՔՐԻԿ ԳՅՈՒՂ Է ՎԱԿՈՒՆԻՍԸ...
ՍԱՐԵՐԻ ՄԵՋ ԾՎԱՐԱԾ ՓՈՔՐԻԿ ԳՅՈՒՂ Է ՎԱԿՈՒՆԻՍԸ…

Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղը գտնվում է շրջկենտրոն Բերձորից մոտ 40 կմ հյուսիս, ունի պատմական հարուստ անցյալ, ինչի մասին այսօր վկայում է կիսաքանդ միջնադարյան եկեղեցին: Այստեղից դեռևս միջնադարում ճանապարհ է ձգվել դեպի պատմական Չորմանք գյուղ, ապա՝ Գանձասար: Ազատագրումն էլ եղավ պատմական. 1993 թվականի մարտի 31-ին Լաչինում տեղակայված Սիսիանի ջոկատներից մեկին` Վուրգ Ոսկանյանի հրամանատարությամբ, հանձնարարվում է շարժվել դեպի հյուսիս և ամրանալ, իբր, արդեն ազատագրված Վակունիսում (Բիչանիս): Այդ օրերին Լաչինից հյուսիս ընկած տարածքները գրեթե մաքրվել էին թշնամիներից, որոնք ձգտում էին ժամ առաջ հեռանալ այստեղից, քանի որ գիտեին՝ շատ շուտով վրա է հասնելու նաև Քարվաճառից քոչվորների արտաքսումը:

Տղաները տեղ են հասնում կեսօրին՝ հուսալով, որ մտնելու են ազատագրված բնակավայր: Դեռ գյուղ չմտած՝ հարթ ու բաց տարածքում հանկարծակի ենթարկվում են հարձակման: Պարզվում է` գյուղում թշնամին էր ամրացել և տարբեր զինատեսակներից կրակ էր թափում պաշտպանվելու ոչ մի հնար չունեցող մեր ջոկատի վրա: Հրթիռակոծումից բոցավառվում է զինվորական «ՈՒՐԱԼ» մեքենան, զոհվում ու վիրավորվում են անակնկալի եկած մեր զինվորները, նրանք, ովքեր մինչ այդ բազում կատաղի մարտերի միջով էին անցել: Մինչև մութն ընկնելը` ողջ մնացած ու վիրավոր տղաները միայն ինքնաձիգ հրացաններով դիմակայեցին թվաքանակով բազում անգամ ավելի ու հարմար դիրքավորված, տանկ ու այլ հզոր զինատեսակներ ունեցող թշնամուն: Մթության քողի տակ սկսում են նահանջել դեպի մոտակա ձորը: Անհավասար մարտում նահատակվում են 11 հայորդիներ` իրենց հերոս հրամանատար Վուրգ Ոսկանյանի հետ:

♦♦♦

1994 թվականին վերաբնակեցվեց գյուղը` ստանալով իր պատմական Վակունիս անունը: Երեք տարի անց սկսեց գործել նաև դպրոցը, որը 2002 թ. մարտի 31-ին մեծ հանդիսությամբ կոչվեց Վուրգ Ոսկանյանի անունով: Դրանից հետո ամեն տարի նույն օրը Վակունիս են գալիս նահատակ-հերոսների մարտական ընկերները, հարազատները, հայտնի երգիչներ Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), ուրիշներ: Այս անգամ էլ հերոսների նահատակության օրը նրանց արյամբ սրբացած տարածքը մարդաշատ էր:

Դպրոցի ուսուցիչները՝ տնօրեն Վարդան Հարությունյանի գլխավորությամբ և աշակերտների մասնակցությամբ, կազմակերպել էին բեմադրություններով և երգերով հարուստ միջոցառում: Երեխաներն իրենց խաղով, երգով ու ասմունքով անչափ հուզեցին ներկաներին՝ վստահեցնելով, որ իրենք են հերոս նահատակների անմահ գործը շարունակողները: Նրանց, ովքեր այդպես էլ չհասցրին մտնել պատմական Վակունիս:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ