Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ. ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ. ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՅ ԴԱՏ

«2015-ը մեր ուժերը կրկին վերախմբավորելու, վերադասավորելու, ինչու չէ, նաեւ համազգային հաշվառում անելու կարեւոր հանգրվան է»:

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն

♦♦♦

«2005-ի փետրվարին Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուց հետո ես վերադարձա Հայաստան՝ որպես դեսպան, սակայն ինձնից պահանջել էին հայտարարություն անել, որ տպավորություն կստեղծվեր, թե այն, ինչ ես ասել էի, տեղին չէր: Թեմայի մասին բարձրաձայնելը տաբու էր, այն անգամ քննարկման ենթակա չէր: Դա պետք էր փոխել, նույնիսկ եթե ես զրկվեի իմ աշխատանքից: Կարծում եմ՝ քանի դեռ աշխարհը չի լուծել այս խնդիրը, այն կշարունակի իր վնասարար հետեւանքներն ունենալ»:

ՋՈՆ ԷՎԱՆՍ
Հայաստանում ԱՄՆ-ի նախկին արտակարգ և լիազոր դեսպան

♦♦♦

«Այդ ինչպե՞ս է, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը դատարանների միջոցով աշխատում է ճնշել սուննի իսլամի նկատմամբ քննադատական խոսք արտահայտողներին, իսկ երբ խոսքը վերաբերում է հայերին եւ հրեաներին վիրավորանքներ հասցնելուն, դատախազները հրաժարվում են կյանքի կոչել ատելության հանցագործության օրենքները»:

Անգլիական «The Economist» հանդես

♦♦♦

«Մենք պետք է մեր բողոքի ձայնը բարձրացնենք ոչ միայն այս կամ այն տարելիցի ժամանակ, այլ ամեն օր պետք է համակարգված քայլեր իրականացնենք, որպեսզի ամբողջ աշխարհը հաշվի նստի մեզ հետ եւ ստիպի Թուրքիային ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:

«1918-1920 թվականներին Ադրբեջանում նույնպես հայերի նկատմամբ զանգվածային կոտորածներ են իրականացվել, ինչը թուրքերի իրականացրած ցեղասպանության շարունակությունն էր եւ միեւնույն ծրագրի մեջ էր մտնում: Այդ տարիներին Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված կոտորածների մասին վկայող տասնյակ-հազարավոր փաստաթղթեր կան, որոնք պահվում են Հայաստանի ազգային արխիվում: Այդ կոտորածներին զոհ է գնացել 250-270 հազար մարդ: Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչեւ 1918 թվականը բազմաթիվ հայեր են ապրել, եւ այդ տարածքները հայաթափվել են հենց այդ կոտորածներից հետո»:

ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
քաղաքագետ

♦♦♦

«Թուրքիայում շատերը գիտեն, որ ցեղասպանություն եզրույթն սկսեց օգտագործվել հենց Հայոց ցեղասպանությունից հետո: Այն գործածության մեջ դրեց Ռաֆայել Լեմկինը` ասելով. «Ես ստեղծեցի այս բառը հայերի հետ կատարվածը նկարագրելու համար»: Եվ սրանից հետո մենք քննարկո՞ւմ ենք՝ 1915թ. ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չի եղել»:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ
Մինեսոտայի Քլարկի համալսարանի
հայագիտության ամբիոնի վարիչ, պատմաբան

♦♦♦

«Վրաստանի կախվածությունը Թուրքիայից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մեծ խոչընդոտ է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայում մոտ հինգ հարյուր հազար արտագնա աշխատող կա Վրաստանից: Բացի այդ, Վրաստանը մեծ քանակությամբ ապրանք է ներկրում Թուրքիայից: Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո մենք կարող ենք պատկերացնել, թե ինչ կլինի Վրաստանի վիճակը»:

ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆ
վրացագետ

♦♦♦

«Նրանց ձեռքերը, որ երեկ շաղախվել էին հայերի արյամբ, այսօր Սիրիայում են շաղախվում մեր քույրերի ու եղբայրների արյամբ»:

ՄՈՒՀԱՄԵԴ ՀԱՍԱՆ ԱԲՈՒԹՈՐԱԲԻ
Իրանի խորհրդարանի փոխխոսնակ

♦♦♦

«Թուրք մտավորականությունն «ապրումակցում» է հայերին. Թուրքիայում այսօր մոդայիկ է դարձել ներկայացնել պատմություններ այն թուրքերի մասին, ովքեր կոտորածներից փրկել են հայերին: Այնուամենայնիվ, համաժողովրդական առումով ոչինչ չի փոխվել. թուրքերի հիմնական մասն այդպես էլ տեղյակ չէ Հայոց ցեղասպանության փաստին»:

ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆ
թուրքագետ

♦♦♦

«Հայոց ցեղասպանության «ճանաչում» եւ «հատուցում» բառերը իրավական առումով տարբեր նշանակություն ունեն: Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ է ներքին հանգստության համար, մինչդեռ հատուցումը գործընթաց է, որը բոլորովին այլ իրավական նշանակություն ունի: Հատուցումը միտված է հետեւանքների վերացմանը»:

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
քաղաքագետ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական զարգացման նախարարությունը վերանայել է 2013 թվականին տնտեսության աճի կանխատեսումը՝ այն նվազեցնելով մինչեւ ՀՆԱ-ի 2,4 տոկոսը, եւ դա` էներգակիրների բարձր գնի պայմաններում: 2,4 տոկոսն ավելի քիչ է, քան համաշխարհային տնտեսության աճը: Մեզ մոտ վաղուց նման բան չի եղել: Սրանք տագնապալի նշաններ են, բայց, ամրության բավարար պաշար ունենք»:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ
ՌԴ նախագահ

♦♦♦

«Արևմտյան Եվրոպայում այսօր պատմական երևակայության և գլոբալ հավակնությունների պակաս կա: Այնտեղ չկան ո՛չ Չերչիլ, ո՛չ դը Գոլ, ո՛չ Ադենաուեր: Ժամանակակից քաղաքական դաշտում գերիշխում են նեղ հեռանկարները: Եվրոպայի գլխավոր խնդիրն այն է, որ նա գոյություն ունի ավելի շատ բանկերի համար, քան մարդկանց»:

ԶԲԻԳՆԵՎ ԲԺԵԶԻՆՍԿԻ
ամերիկացի քաղաքագետ

♦♦♦

«Կգա ժամանակ, և մենք ջրային ռեսուրսներ կարտահանենք տարբեր երկրներ, քանի որ մեծ պաշարներ ունենք եւ առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու մոտ 2,5 միլիարդ խորանարդ մետր ջուր կարող ենք արտահանել: Առաջիկա երկու տասնամյակների ընթացքում Արցախից տարբեր խողովակներով հնարավոր կլինի ջուր արտահանել: Պատկերացրեք, թե դա աշխարհաքաղաքական ինչ մեծ գործոն է լինելու: Ջուրը բնական կարևոր ռեսուրս է, եւ առաջիկայում դրա արժեքն ավելի է մեծանալու»:

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
Արցախի նախագահի մամուլի խոսնակ, քաղաքագետ

ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՐԱՆ

«Մինչ այժմ Ադրբեջանից ոչ ոք պաշտոնական այց չէր կատարել Իսրայել, քանի որ գիտեինք, որ Թել Ավիվի հետ մեր ցանկացած պաշտոնական շփում կառաջացնի Իրանի բացասական արձագանքը: Այժմ Իրանը Մամեդյարովի այցը կարող է ընկալել որպես թշնամական ակտ: Նման քայլից հետո իրանա-ադրբեջանական հարաբերությունները կարող են վերջնականապես փչանալ»:

ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵ
Ադրբեջանի նախագահի նախկին պետական խորհրդական

♦♦♦

«Ադրբեջանի իշխանությունն «ազգային իսլամ» ստեղծելու քաղաքականություն է իրականացնում: Բաքուն ուզում է, որ Ադրբեջանի իսլամիստները լինեն Իրանի եւ Թուրքիայի ազդեցությունից դուրս` «ամբողջապես անկախ»: Դա դժվար կտրվի Բաքվին, քանի որ մեծամասամբ շիա բնակչություն ունեցող Ադրբեջանում հեշտ չի լինելու հավատացյալներին անջատել արտասահմանի հոգեւոր առաջնորդներից»:

ԲԱՅՐԱՄ ԲԱԼՋԸ
Վաշինգտոնի գլոբալ հետազոտությունների
«Կառնեգի» կենտրոնի աշխատակից

ԱԴՐԲԵՋԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ

«Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ Սու-27, ՍՈւ-30 եւ ՄիԳ-31 տեսակի մարտական ինքնաթիռներ գնելու մասին բանակցություններն ավարտվել են ապարդյուն: Դրանց խոչընդոտել են ՌԴ ավիացիոն արդյունաբերությունում, Միավորված ավիաշինական կորպորացիայում, ինչպես նաեւ «ՄիԳ» եւ «Սուխոյ» ձեռնարկություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող հայերը»:

«ԱզերՊրես» լրատվական գործակալություն

ՀԱՅԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ

«Հայերը Լիբանանը չլքեցին քաղաքացիական պատերազմի ժամանակ եւ այսօր էլ կառչած են սիրիական հողին` թեև առկա է ճգնաժամ: Հայերը քրիստոնյա են, սակայն նրանք կարողացան միախառնվել արաբական միջավայրին, ամուր կապեր ստեղծել ու դրական մեծ ներդրում ունենալ հատկապես Լիբանանում ու Սիրիայում»:

ԲԱՇԱՐ ալ ԱՍԱԴ
Սիրիայի նախագահ

ՎՐԱՍՏԱՆ

«Ես վրացական կառավարության նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան դաշինքին առաջարկել եմ օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհից` Աֆղանստանից բեռների հետադարձ տարանցման համար»:

ՄԱՅԱ ՓԱՆՋԻԿԻՁԵ
Վրաստանի արտաքին գործերի նախարար