Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՔԱՋԱՐԻ ԴՈՒՍՏՐԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ



Հիտլերյան զավթիչների դեմ մեր հայրենիքի անկախության համար մղված սրբազան պայքարում իրենց պատվավոր տեղն են գրավում հայ կանայք: Պատերազմի ծանր օրերին թե՛ ռազմաճակատում և թե՛ թիկունքում նրանք իրենց ուժերը, գիտելիքները, շատերը նաև` կյանքը չխնայեցին թշնամուն ջախջախելու և մեր երկրի սահմաններից դուրս շպրտելու համար:

1941 թվականի ամռանն էր: Երեւանի կոմերիտականները հավաքվել էին համաքաղաքային ժողովի: Ամբիոնի մոտ էր Կարի գործարանի առաջավոր բանվորուհի Սոնյա Սինոյանը: Նա հուզմունքից դողացող ձայնով խոսեց Հայրենիքի պաշտպանության մասին, ցանկություն հայտնեց կամավոր մեկնելու ռազմաճակատ: Ժողովից մի քանի օր անց Սոնյան արդեն գտնվում էր խորհրդային ռազմիկների շարքերում: Նա եւ՛ հետախույզ էր, եւ՛ կապավոր, եւ՛ գնդացրորդ: Մարտիկների շրջանում Սոնյան քաջի համբավ էր վայելում եւ նրանց հետ միասին Կովկասյան նախալեռներից մարտերով հասավ մինչեւ Ավստրիա: Ժողովրդի անվեհեր դուստրը չորս ու կես տարի մարտնչեց մեր հայրենիքի համար: Նա դիպուկ կրակով ոչնչացրեց շատ հիտլերականների, ձեռքի նռնակներով շարքից հանեց հակառակորդի 2 «Վագր» տեսակի տանկ` գերի վերցնելով ամբողջ անձնակազմը: Նրա սխրագործությունները հրամանատարությունը բարձր գնահատեց: Քաջարի ռազմիկի կուրծքը զարդարվեց Կարմիր աստղի երկու շքանշանով եւ բազմաթիվ մեդալներով: Գերագույն գլխավոր հրամանատարության կողմից Սինոյանը գրավոր շնորհակալության է արժանանում խորհրդային Մոլդովայի, Շումեն /Շումլա/, Կոնստանցա, Բուդապեշտ քաղաքների ազատագրման, Վիեննա եւ մի շարք այլ քաղաքների համար մղված մարտերում աչքի ընկնելու համար:

Լուսյա Պողոսյան, Քնարիկ Հարությունյան, Վիկտորյա Մաղաքյան, Պոլինա Պոպովա` այն ժամանակ դեռեւս դեռատի աղջիկներ, Ղրիմի թերակղզում` հակառակորդի կրակի տակ փոխադրել են զինամթերք, մարտի դաշտից դուրս բերել վիրավորներին: Վիկտորյա Մաղաքյանը եւ Քնարիկ Հարությունյանը 47-րդ բանակի հետ մասնակցեցին Նովոռոսիյսկի, Մայկոպի, Վորոնեժի, Պոլտավայի, Լեհաստանի, բազմաթիվ այլ քաղաքների ազատագրմանը, հասան մինչեւ Բեռլին եւ Ռայխստագի պատին գրեցին իրենց անունները…

Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում 1920 թվականին ծնված Լուսիկ Փիրումյանը Երեւանի երկամյա ուսուցչական ինստիտուտն ավարտելուց հետո` 1942 թվականին իր մարտական ծառայությունն սկսում է զենիթային հրետանու նշանառուի պաշտոնից: 1943 թվականին Լուսիկն արժանանում է «Գերազանց թնդանոթաձիգ» կրծքանշանի: Նա իր ընկերների հետ աչալրջորեն կատարում է իր մարտական ծառայությունը եւ բազմիցս արժանանում հրամանատարության շնորհակալությանը: Պատերազմի ավարտից հետո Լուսիկի համար սկսվում է պայքարի նոր փուլ: Իր ստորաբաժանումների հետ նա երկար ու ձիգ ճանապարհ է անցնում Բաթումից մինչեւ Հեռավոր Արեւելք, որտեղ նրան իր բոցերի մեջ առավ իմպերիալիստական Ճապոնիայի դեմ պատերազմը: Լուսիկն իր սուրբ պարտքը կատարում է նաեւ Ճապոնիայի դեմ պատերազմում:

Դպրոցն ավարտելուց հետո, պատերազմի թեժ օրերին բանակ մեկնեց նաեւ Տամարա Կարավաեւան, որի ծնողները մշտական բնակություն էին հաստատել Երեւանում: Նա 46-րդ բանակի հետախուզական ջոկատների կազմում մարտերով հասավ Ավստրիա ու Չեխոսլովակիա եւ կրտսեր լեյտենանտի կոչումով տուն վերադարձավ 1945 թվականի հոկտեմբերին: Կարավաեւայի մարտական ծառայությունները բարձր գնահատվեցին: Նա պարգեւատրվեց «Մարտական ծառայությունների համար», «Կովկասի պաշտպանության համար», «Բելգրադի ազատագրման համար» եւ ուրիշ մեդալներով:

Հայաստանում չկա պատերազմի տարիներին թիկունքի մարդկանց սխրանքը պատկերող մի գիրք, հոդված, մենագրություն, որոնցում հիշատակված չլինի Մարգո Օհանջանյանի անունը: 17-ամյա աղջնակը սովորում էր բժշկական ինստիտուտում, սիրահարված էր թատրոնին, Երեւանին, կյանքին: Պատերազմի ժամանակ դառնում է գթության քույր. ցերեկները խնամում է վիրավորներին, մինչեւ ուշ գիշեր աշխատում հեռագրական գործակալություններում` որպես կրկնօրինակող-նկարիչ, իսկ վաղ առավոտյան վազում կրպակ, առնում թարմ թերթերը եւ ուղարկում հայ մարտիկներին: Լսում է վիրավորների պատմածները թշնամու վայրագությունների մասին եւ խորհրդային մարտիկներին սիրտ տալու, քաջալերելու համար ավելի քան 4 հազար նամակ է գրում, մեծ մասամբ նրանց, ովքեր, կորցնելով իրենց հարազատներին, մեն-մենակ էին մնացել աշխարհում: Մարգոն փոխարինել է նրանց մայրերին, քույրերին ու իր ջերմ խոսքով սպեղանի, բալասան է դարձել բազմաթիվ մարտիկների սրտի վերքերին, օգնել է նրանց դիմակայել թշնամուն, կռվել ու հաղթել: Նրա նամակներին պատասխանել են թե՛ անհատ մարդիկ, թե՛ ամբողջ ջոկատներ, գնդեր: Ինչ խոսք, նա մենակ չէր, նրա նման շատերը կային: Իր գրած նամակների թվով, ինչպես նշել են թիկունքի պատմությունը ուսումնասիրող հեղինակներից շատերը, Մարգոն առաջինն էր ամբողջ Խորհրդային Միությունում:

Պատերազմի առաջին իսկ օրերից ռազմաճակատ էր մեկնել նաեւ խաթունարխցի Շուշիկ Ավագյանը, որը Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի առաջին կուրսի տարեվերջյան քննությունները հանձնելուց հետո որոշում է կամավոր մեկնել ռազմաճակատ: Հայրենասեր աղջկան չընդդիմացան ծնողներն ու հարազատները: Շուշիկը շատ շուտ տիրապետեց ռադիոլոկացիոն կայանի օպերատորի մասնագիտությանը: Թշնամու հետախույզ ինքնաթիռների ճանապարհները ամեն անգամ փակում էին մեր խիզախ զենիթայինները, որոնց Շուշիկ Ավագյանը քիչ չի օգնել իր հաղորդած ճշգրիտ տեղեկություններով: Զինվորական գործին լավ տիրապետող աղջիկը երեք տարի շարունակ ծառայեց խորհրդային բանակում: Երբ ավարտվեց պատերազմը, նա տուն վերադարձավ 6 մեդալ վաստակած, որոնց թվում էին «Կովկասի պաշտպանության համար» եւ «Մարտական ծառայության համար» մեդալները: Պատերազմից հետո նրան նշանակեցին Արշալույսի ութամյա դպրոցի տնօրեն: Շուշիկն իր կյանքը մեկընդմիշտ նվիրեց մանուկ սերնդի կրթության ու դաստիարակության գործին:

Պայծառ Բաղինյանը դարձավ բեռնատար ավտոմեքենայի վարորդ, եւ հազիվ թե անծանոթ մարդիկ ենթադրեին, որ Էլբրուսի ստորոտներից Նալչիկ գնացող-եկող ավտոշարասյան 15 մեքենաներից առաջինի ղեկին 18-ամյա մի հայ աղջիկ էր: Շարասյունը ռազմամթերք էր տեղափոխում, եւ ամեն մի ցնցումից ցանկացած պահի կարող էր պայթյուն առաջանալ: Ահա այդպես անընդհատ` անիվների վրա, դժոխային ճանապարհներով, մինչեւ այն չարաբաստիկ պայթյունը ձորում… Շտապեց օգնել վիրավորներին եւ զգաց, որ ինքն էլ է վիրավոր կրծքից: Երեք ամիս նրան մի ռուս կին պահեց, մինչեւ որ հնարավոր եղավ տեղափոխել հոսպիտալ… Պայծառն այլեւս պիտանի չէր ծառայության: Զորացրվեց ու վերադարձավ տուն:

Մեր հայրենիքի խիզախ դուստրերից էր Հասմիկ Թամազյանը, որի 18 տարին նոր էր լրացել: Նա մեկնեց ռազմաճակատ եւ կարճ ժամանակում տիրապետեց մարտական տեխնիկային: Հասմիկը ծառայում էր որպես հմուտ հեռաչափող, ժամանակին հայտնաբերում էր թշնամու օդանավերը եւ անմիջապես տեղյակ պահում հրամանատարությանը: Շուտով նա տեղափոխվում է Կովկասյան ռազմաճակատ, նշանակվում հակաօդային պաշտպանության 265-րդ գվարդիական դիվիզիայում` որպես հեռաչափող: Երբ ֆաշիստական ինքնաթիռները երեւում էին երկնքում, նա հեռաչափիչի մոտ կանգնած` ճիշտ ուղղություն էր տալիս զենիթայիններին, որոնք իրենց անվրեպ կրակով խփում էին թշնամուն: Խիզախ մարտիկը հաճախակի էր հայտնվում կռվի ամենաթեժ տեղերում, իր ներկայությամբ խրախուսում էր մարտական ընկերներին, քաջության օրինակ ցույց տալիս: Հասմիկի մարտական ուղին ավարտվեց Չեխոսլովակիայում, եւ նա տուն վերադարձավ բազմաթիվ մեդալներով:

Խորհրդային բանակի խիզախ հրամանատարներից էր Սոնյա Չիլինգարյանը, որն իր դասակով մասնակցեց Կուբանի եւ Կերչի հերոսամարտերին ու ընկավ քաջի մահով: Նա գնդացրային դիպուկ կրակով ոչնչացրեց թշնամու մի քանի կրակակետ եւ շատ հիտլերականների: Մարտերից մեկում անձնվեր հրամանատարը մահացու վիրավորվեց:

Հիտլերյան օկուպանտների դեմ արիաբար մարտնչել է նաեւ Եկատերինա Գաբրիելովան: Նա 15 տարեկան էլ չկար, երբ զինվորական էշելոնի հետ գաղտնի ճանապարհվեց ռազմաճակատ: Կատյան 63-րդ Թամանյան տանկային բրիգադում սովորում է հեռախոսավարական բարդ գործը եւ կատարում է մի շարք կարեւոր առաջադրանքներ: Այնուհետեւ տեղափոխվում է 481-րդ ռմբակոծիչ ավիացիոն գունդը եւ դարձյալ աչքի է ընկնում իր լավ ծառայությամբ:

Մարտական պանծալի ուղի է անցել Եկատերինա Ադամյանը, որը Հյուսիսային Կովկասից հասել է մինչեւ Գերմանիա եւ անարգ ոսոխին մահացու հարված հասցրել իր իսկ որջում: Նրա սխրագործությունները երբեք չեն մոռանա ծովային հետեւակի 83-րդ եւ 89-րդ Թամանյան հայկական եռակի շքանշանակիր դիվիզիայի մարտիկները, որոնցից շատ շատերին փրկել է մահից ու ցույց տվել բժշկական առաջին օգնություն:

Կերչի ազատագրման մարտերում, ռազմաօդային նավատորմի զորամասերի մարտաշարքերում էր նաեւ կանանց կարմրադրոշ Թամանյան ավիացիոն լեգենդար գունդը` Խորհրդային Միության հերոս Մարիա Ռասկովայի հրամանատարությամբ: Նույն գնդում էր կամավոր ռազմաճակատ մեկնած, հայ ժողովրդի քաջասիրտ դուստր, օդաչու Ալեքսանդրա Օսմանյանը: Մարիան իր առաջին մարտական մկրտությունը ստացավ 1943 թվականի նոյեմբերին, Կերչում` օդային կատաղի մարտերում:

Ուկրաինայի համար մղվող պայքարում հայ ժողովրդի դուստրերից աչքի ընկավ Անժելիկա Միքայելյանը: Նա մասնակցեց Լուգանսկ, Խարկով, Պոլտավա քաղաքների ազատագրմանը: Անժելիկան համարձակ եւ քաջ մարտիկի համբավ էր նվաճել եւ առաջադրանքները ճշտորեն կատարելու համար պարգեւատրվեց անվանական զենքով: Անժելիկան շուտով սպայի կոչում է ստանում, դառնում լավագույն հետախույզ եւ իր մարտական ընկերների հետ բազմիցս թափանցում հակառակորդի պաշտպանություն` «լեզու» որսալու եւ ռազմական կարեւոր տեղեկություններ բերելու:

Հայկական Թամանյան դիվիզիայում շատերի նման թշնամու դեմ մարտնչել է նաեւ Ռոզա Սարգսյանը, որը ոչ միայն սանիտար էր, այլեւ լավ հետախույզ եւ քաջ մարտիկ: 1943 թվականի սկզբին կատաղի մարտեր էին ընթանում Հյուսիսային Կովկասի պաշտպանության եւ ազատագրման համար: Թշնամու տանկը շարժվում էր Ռոզայի խրամատի ուղղությամբ: Երբ տանկը բավականին մոտեցել էր, Ռոզան հաջորդաբար արագորեն նետել է նռնակները: Տանկը բոցավառվել է: Չկորցնելով իրեն` Ռոզան մարտի է բռնվել այրվող տանկից դուրս թռած անձնակազմի հետ եւ տեղն ու տեղը ոչնչացրել նրանց: Թամանյան դիվիզիայի շարքերում Ռոզա Սարգսյանը մասնակցեց Լեհաստանի ազատագրմանը, Օդերի ափին «Հայկական փոքր հող» պլացդարմի պաշտպանությանը եւ աչքի ընկավ Գերմանիայի Կալիշ, Լանգսբերգ, Մեչերիտց, Շվիբուս, Ցյուլլիհաու, Ֆրանկֆուրտ քաղաքների համար մղվող մարտերում: Ցուցաբերած անխորհուրդ քաջության համար Ռոզա Սարգսյանն արժանացել է Կարմիր դրոշի երկու, Կարմիր աստղի եւ Փառքի 3-րդ աստիճանի շքանշանների, Կովկասի պաշտպանության, Վարշավայի ազատագրման, Բեռլինի գրավման համար մեդալների:

Հայկական Թամանյան 89-րդ դիվիզիայի շարքերում փառավոր մարտական ուղի է անցել Հայկուշ Ավետյանը: Հայրենական պատերազմը սկսվելուն պես Հայկուշը մեկնում է Կարմիր բանակ եւ Ղրիմից հասնելով մինչեւ Գերմանիա` մասնակցում է թշնամու վերջնական ջախջախմանը եւ հաղթած զինվորի հպարտությամբ Բեռլինից վերադառնում հայրենիք: Հայկուշը Օդեր-Ֆրանկֆուրտի պլացդարմի հերոսներից է: 1945 թվականի փետրվարի 15-ի գիշերը թամանցիները Ֆրանկֆուրտի մոտ Օդերի վրայով գետանց կատարելիս ձախ ափին ստեղծեցին ամուր պլացդարմ: Հայ մարտիկները երկու ամիս համառ ու արյունալի մարտեր մղեցին այդ փոքրիկ հողակտորի վրա, որը իրավացիորեն «Հայկական փոքր հող» անունը ստացավ: Կատաղի ռմբակոծությունից հետո ֆաշիստներն ընդհուպ մոտենում են պլացդարմին, կռվի բռնվում հայ մարտիկների հետ: Զորամասի հրամանատարը դիտակետից լարված հետեւում էր անհավասար մարտին: Հանկարծ նա նկատում է խրամատում խորհրդավոր կերպով քողարկված իր մարտիկներից մեկին եւ մտածում, թե մարտիկը նռնակ չունի: Բայց մեկ րոպե անց, խրամատից վեր ցատկելով, մարտիկը մեկը մյուսի հետեւից արագորեն նռնակներ է նետում հակառակորդի վրա ու նորից քողարկվում: Մարտից հետո հրամանատարը իմանում է, որ քաջ մարտիկը Հայկուշ Ավետյանն է: Այս դեպքից հետո նրան կոչեցին «Կրակե աղջիկ»:

Հայրենական պատերազմի ժամանակ հազարավոր բժիշկներ համալրեցին Կարմիր բանակի շարքերը: Հոսպիտալներում, սանկայաններում, հիվանդանոցներում նրանք անում էին հնարավորն ու անհնարինը մարտիկների ու հրամանատարների վերքերը բուժելու, նրանց շարք վերադարձնելու համար:

Շատերի կյանքն է փրկել բժշկական ծառայության լեյտենանտ Գոհար Նազարյանը: Երբեք եւ ոչ մի դեպքում չվհատվելով` նա սողեսող մոտենում էր վիրավորներին, կապում նրանց վերքերը, արագորեն դուրս բերում կրակի գծից: 1941 թվականի նոյեմբերին Դոնի Ռոստովի շրջանում, դաժան մարտերից մեկի ժամանակ միայն Գոհարը վիրակապում է 44 վիրավոր մարտիկի եւ սանիտարների օգնությամբ նրանց տեղավորում մի կիսավեր խրճիթում: Կարճ դադարից հետո թշնամին նորից անցնում է հարձակման եւ շրջապատում բնակավայրը: Նազարյանը չի հուսահատվում: Գիշերը վրա հասնելուն պես իր օգնականներով վիրավոր մարտիկներին աննկատ դուրս է բերում խրճիթից եւ անվնաս հասցնում սանկայան:

Դոնի Ռոստովի մատույցներում մղված մարտերում սանիտարական ջոկատի հրամանատար Լուսյա Շահինյանը մեկ օրում 56 մարտիկի կյանք փրկեց: Նա կամավոր համալրել էր 396-րդ հրաձգային դիվիզիայի շարքերը եւ որպես սանիտարական դրուժինայի հրամանատար, 1941 թվականի նոյեմբերին 824-րդ գնդի շարքերում մասնակցել Դոնի Ռոստովի մոտ տեղի ունեցող ծանր մարտերին: Շահինյանը պայթող ականների տարափի տակ նետվում էր ամենավտանգավոր տեղերը, բժշկական առաջին օգնություն ցույց տալիս մարտիկներին, կազմակերպում կրակի առաջին գծից նրանց դուրսբերումը: Հրամանատարությունը խիզախ հայուհուն ներկայացնում է բարձր պարգեւի` Լենինի շքանշանի:

Անձնուրաց բուժքույր էր գվարդիայի ավագ Գոհար Հարությունյանը: Նա մասնակցել է Լուգանսկի, Ռոստովի ազատագրման եւ Բեռլինի գրավման հերոսամարտերին: 1941 թվականի նոյեմբերի վերջերին Դոնի Ռոստովի համար մղվող մարտերը գնալով կատաղի բնույթ էին ստանում: Հակառակորդին հաջողվում է մտնել քաղաք տարբեր կողմերից: Անհրաժեշտ էր բժշկական օգնություն ցույց տալ առաջին գծում գտնվող վիրավորներին, բայց հակառակորդի ուժեղ կրակը թույլ չէր տալիս մոտենալ նրանց: Եվ ահա այդ մահացու պայմաններում բուժքույր Հարությունյանը դիվիզիայի հրամանատարին խնդրում է թույլ տալ իրեն մեկնել առաջավոր դիրքերը: Երկու բժիշկների հետ նա մեկնում է ռազմադաշտ ու առաջին գծից դուրս բերում տասից ավելի ծանր վիրավորի: Գոհարը խիզախության ու արիության համար արժանանում է «Մարտական ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Կովկասի հերոսական պաշտպանության համար» մեդալների: 6-րդ ռազմաօդային բանակի կազմում նա մասնակցում է բազմաթիվ ազատագրական մարտերի եւ վիրավորվում: Ապաքինվելուց հետո նշանակվում է 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի սանիտարական դասակի հրամանատար եւ նրա շարքերում մարտական փառավոր ուղի անցնում:

Վոլգայի անառիկ ամրոց Ստալինգրադի պաշտպանությանը մասնակցած հայ կանանցից էր մոսկվայաբնակ Ասյա Քեկեջյանը: Նա իր մարտական առաջին մկրտությունը ստացավ 1942 թվականի հուլիսին, Խարկովի մարզի Վելիկոբուրլուցկի շրջանի ազատագրման ժամանակ: Մարտի ընթացքում նա վիրավորվում է ազդրից: Դիմանալով սուր ցավերին` չի հեռանում մարտադաշտից եւ այդ վիճակում առաջին օգնություն է ցույց տալիս 14 վիրավոր մարտիկի ու հրամանատարին` դուրս բերելով նրանց մարտադաշտից: Լինելով վիրավոր` սկսում է արկեր մատակարարել հրետանու ականաձիգ մարտիկին: Հրանոթի ակտիվ կրակը թշնամուն ետ է շպրտում: Անձնազոհ կինը պարգեւատրվում է «Արիության համար» մեդալով: Մարտերում ցուցաբերած ծառայությունների համար գնդի հրամանատարությունը Քեկեջյանին պարգեւատրում է «Մարտական ծառայությունների համար» եւ «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալներով:

Լենինգրադի հերոսական պաշտպանության ժամանակ իրենց սխրանքներով աչքի ընկան բժշկական ծառայության լեյտենանտ Սոֆյա եւ Ռուզաննա Լալայանները: Նրանք դիմեցին Լենինգրադի ռազմական կոմիսարին` խնդրելով իրենց ուղարկել ռազմաճակատ: Քույրերը ստացան բժշկական ծառայության ավագ լեյտենանտի կոչում եւ զինվորական բժիշկներ նշանակվեցին Լենինգրադը պաշտպանող հրաձգային գնդերից մեկի սանիտարական գումարտակում: Նովգորոդի ուղղությամբ ռազմաճակատի գծին մոտենալու ժամանակ գունդը ենթարկվում է ռմբակոծության: Լալայան քույրերը Պրիգոլսկ կայարանի շրջանի բնակիչներից ձեռք են բերում սայլեր եւ հակառակորդի ուժեղ ռմբակոծության տակ վիրավոր մարտիկներին տեղափոխում հոսպիտալ: Գերմանական զորքերը մտնում են Պետերգոֆ եւ Լենինգրադի շրջակա գյուղերը: Մի խումբ ընկերների հետ Ռուզաննա Լալայանն ընկնում է շրջապատման մեջ, սակայն նրանց հաջողվում է անվնաս դուրս գալ թշնամու օղակից: 1942 թվականին` սեպտեմբերյան մի օր, երբ բժշկական ծառայության լեյտենանտ Ռուզաննա Լալայանը գետնափոր խրամատում վիրահատություն էր կատարում, ներս են բերում ծանր վիրավոր Նիկոլայ Բոնդարեւին: Նախքան վիրահատելը անհրաժեշտ էր նրան ուշքի բերել: Ռուզաննան իրենից վերցնում է 150 գրամ արյուն, ներարկում Նիկոլային, նրան ուշքի բերում եւ սկսում վիրահատությունը:

1942 թվականի սեպտեմբերին Ռուզաննան արժանանում է «Մարտական ծառայությունների համար», իսկ նույն թվականի դեկտեմբերին` «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալների: Ռուզաննա եւ Սոֆյա Լալայանները բժշկական օգնություն ցուցաբերեցին Պուլկովոյի, Շլեխելբերգի տակ, Ռազլիվում, Ուրիցկում, Ստարայա Ռասայում եւ Ելգավայի մարտերում վիրավորված բազմաթիվ մարտիկների: Ռուզաննան պարգեւատրվում է Կարմիր աստղի, իսկ Սոֆյան` Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով եւ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով: 1944 թվականի փետրվարին Լուգովոյի մոտ` վիրահատության սեղանի առաջ, մարտական հենակետում հերոսաբար զոհվեց հայրենիքի քաջ դուստր Սոֆյա Լալայանը: Կորցնելով քրոջը` լցված անսահման վրեժով, Ռուզաննան շարունակում է իր անձնվեր աշխատանքը մինչեւ Հայրենական պատերազմի հաղթական ավարտը:

Բազմաթիվ հայ բժիշկներ են ծառայել ռազմածովային նավատորմում: Նրանցից էին բժշկական ծառայության կապիտան Թամարա Ասլանյանը, բուժքույր Ելիզավետա Հովհաննիսյանը, Ասյա Յափունջյանը:

Ասլանյանը իր մարտական ուղին սկսում է Սեւծովյան նավատորմի ավիացիոն գումարտակում: Նա Սեւաստոպոլի դյուցազունների շարքերում էր, որոնք աշխարհին զարմացրին իրենց տոկունությամբ ու հերոսությամբ: Սեւաստոպոլի պաշտպանության համար հրամանատարությունը Ասլանյանին ներկայացնում է կառավարական բարձր պարգեւների` Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանի եւ «Մարտական ծառայությունների համար» մեդալի:

Հայրենիքի առաջին իսկ կանչով բուժքույր Ելիզավետա Հովհաննիսյանը մեկնեց խորհրդային բանակ եւ ծառայության անցավ ռազմածովային նավատորմում: Ելիզավետան, լինելով բուժքույր, «Կուրովսկի» եւ «Լվով» սանիտարական նավերով 36 անգամ ուղեւորություն է կատարում` Օդեսայից, Սեւաստոպոլից, Կերչից վիրավորներ տեղափոխելով թիկունք:

1941 թվականի օգոստոսի 13-ին Սկանդովսկ-Օդեսա ճանապարհին «Կուրովսկի» սանիտարական նավը ենթարկվեց ֆաշիստական ինքնաթիռների ռմբակոծմանը: Բուժքույր Հովհաննիսյանը աչալուրջ հետեւում էր տախտակամածի վրա տեղի ունեցող դեպքերին եւ ժամանակին օգնություն ցույց տալիս վիրավորներին: Ամբողջ նավարկության ժամանակ, ռմբակոծությունների ներքո, Հովհաննիսյանը 200 վիրակապում է կատարում եւ 2000 վիրավորի ուղեկցում թիկունք: Անձնվեր ծառայության համար հրամանատարությունը Հովհաննիսյանին պարգեւատրում է «Մարտական ծառայությունների համար» մեդալով: Ավա՜ղ, 1942 թվականի հունիսին` Սեւաստոպոլում առաջադրանքը կատարելիս, Ելիզավետան զոհվում է:

Վիրաբույժ Աշխեն Իգիթխանյանը իր մարտական ուղին սկսել է Գագրայից եւ հասել մինչեւ Բեռլին: Վիրաբույժների առաջատար խմբի հետ նա Բեռլինի արվարձաններին է մոտեցել 1945 թվականի ապրիլի 30-ին, ռմբակոծության տակ վիրահատություններ կատարել, բուժել վիրավորների վերքերը: Նա շատ վիրահատություններ է կատարել անտառներում` փրկելով շատերի կյանքը: Պատահել են դեպքեր, երբ նա իր մարտական ընկերուհիների հետ աշխատել է կանթեղի լույսի տակ, հերթով վիրակապել ծանր հիվանդներին: Ոչ՛ թշնամու ռումբերի պայթյունները, ոչ՛ համազարկերի դղրդյունը չէին կարող ընկճել խիզախ հայ կնոջ կամքը, խանգարել նրա աշխատանքը:

Բժշկական ծառայության լեյտենանտ Շուշիկ Ասատրյանը մարտական մկրտությունն ստացավ Կովկասի պաշտպանության կռիվներում:

1942 թվականի հոկտեմբերին Սուխում-Կլուխորիի լեռնանցքում կատաղի մարտեր էին: Վիրավոր մարտիկներն ընկել էին շրջապատման մեջ: Բժշկասանիտարական մասի փոքրաթիվ կոլեկտիվը, որի կազմում էր Ասատրյանը, քաղաքացիական կռիվների մասնակից, կարմիր պարտիզան, բժշկական ծառայության մայոր Նատալիա Պադուշկո-Դուբրովսկայայի գլխավորությամբ, առանց հուսահատվելու չարչարվում էին գիշեր ու ցերեկ, որպեսզի շրջապատումից դուրս բերեն վիրավորներին, տարհանեն թիկունք: 1943 թվականին Սուխումի լեռնանցքում Ասատրյանը վիրավորվում է, բայց չի հեռանում զորամասից: Բժշկական ծառայության լեյտենանտ Շուշիկ Ասատրյանի մարտական ուղին ավարտվեց Ավստրիայում: Խորհրդային կառավարությունը բարձր գնահատելով նրա ծառայությունները` Ասատրյանին պարգեւատրել է Կարմիր աստղի շքանշանով/երկու/, Բելգրադի ազատագրման, Բուդապեշտի, Վիեննայի գրավման եւ Հաղթանակի համար մեդալներով:

Հայրենական պատերազմի ռազմաճակատներում ծառայություններ են կատարել նաեւ բժշկական ծառայության մայոր, Կարմիր դրոշի եւ Կարմիր աստղի շքանշանակիր Սոֆյա Գրիգորյանը, Կարմիր աստղի շքանշանակիր, բժշկական ծառայության կապիտան Մարգարիտա Մելիք-Փարսադանյանը, Կարմիր աստղի շքանշանակիրներ` գվարդիական Վարվառա Վելիկանյանը, Թամարա Չոլախյանը, Սիրուշ Հովհաննիսյանը, բժշկական ծառայության մայոր Փառանձեմ Ավետիքյանը, բժշկական ծառայության լեյտենանտ Լենա Սարգսյանը, Լուսյա Փոթիկյանը, Նինա Թերեքյանցը, բուժքույր Ոսկեհատ Հովհաննիսյանը, Լուսիկ Արզումանյանը եւ շատ ուրիշներ:

Հայրենական պատերազմի տարիներին ծավալված պարտիզանական շարժման մեջ եւս անմասն չմնացին հայ կանայք:

1942 թվականի հուլիսին, երբ ֆաշիստական բարբարոսները ներխուժեցին Վորոշիլոգրադի /Լուգանսկ/ մարզի Կրասնադոն քաղաք, Լենինյան կոմերիտմիության սաները կազմակերպեցին ընդհատակյա «Երիտասարդ գվարդիա» կազմակերպությունը: Նրա անդամներից էին նաեւ հայ ժողովրդի խիզախ զավակներ Ժորա Հարությունյանը եւ Մայա Պեգլիխանովան /Փահլեւանյան/: Մայան «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կազմակերպության հնգյակի ղեկավար էր, ինչը վստահվում էր միայն ամենահամարձակներին:

1943 թվականի հունվարի 11-ին մատնիչների միջոցով գեստապոն ձերբակալում է «Երիտասարդ գվարդիայի» անդամներին, նրանց թվում` Մայա Պեգլիխանովային: Իր ընկերների հետ Մայան հերոսությամբ տարավ բոլոր տանջանքները եւ իր երիտասարդ կյանքը զոհաբերեց խորհրդային ժողովրդի ազատության ու պայծառ ապագայի համար: Գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ պայքարում ցուցաբերած խիզախության ու արիության համար Մայա Պեգլիխանովային /Փահլեւանյան/ հետմահու պարգեւատրեցին Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով:

Սիմֆերոպոլ քաղաքում պարտիզանների պայքարին ակտիվ մասնակցություն է ունեցել ղարաբաղցի Հրանուշ Մխիթարյանը: Նա գաղտնի թռուցիկներ էր տարածում եւ պայթուցիկ նյութեր մատակարարում տեղի պարտիզանական ջոկատին: Մխիթարյանը բազմիցս մասնակցում է գերմանական գնացքների եւ երկաթուղային կամուրջների խորտակման առաջադրանքներին:

1942 թվականին Հյուսիսային Կովկասի պարտիզանների շարքերում էր կիրովաբադցի Անահիտ Շահնազարյանը: Լեռներում, կիրճերում եւ դժվարանցանելի անտառներում, ձմռան դաժան պայմաններում կտրելով հարյուրավոր կիլոմետր տարածություն` Անահիտը մասնակցել է ճանապարհներ ականապատելու, կամուրջներ եւ ռազմամթերքի պահեստներ պայթեցնելու դիվերսիոն գործողություններին: Անվախ պարտիզանը զոհվում է գիշերային ռմբակոծության ժամանակ:

Գերմանական համակենտրոնացման ճամբարներում տանջանքների ու խոշտանգումների ենթարկվեցին նաեւ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ ու դուստրեր: Նրանցից էին Աիդա Ալավերդյանը, Վալենտինա Պատրիկյանը, Շուշիկ Ստեփանյանը, Զարիվարդ Դոլուխանյանը եւ ուրիշներ:

1942 թվականի սեպտեմբերին, Ստալինգրադի պաշտպանության օրերին, թշնամու` գերի վերցրված մարտիկների մեջ էր հեռաչափող Աիդա Ալավերդյանը: 1943 թվականի փետրվարին 17526 համարի տակ նրան փոխադրեցին Ռավենսբուրգի համակենտրոնացման ճամբար: Սարսափելի ծանր օրեր ապրեց Աիդան: Նա աշխատում էր Բերտրիբի ֆաբրիկայում: Սաբոտաժի ու անորակ արտադրանքի համար կալանավորուհիները ենթարկվում էին ծանր խոշտանգումների: Որքան խստանում էր ճամբարային ռեժիմը, այնքան ռազմագերիները արիանում եւ համարձակ էին դառնում` չկորցնելով ազատագրման հույսը: Աիդան կապված էր ճամբարում պայքարող հակաֆաշիստ կանանց հետ եւ գտնվում էր հսկողության տակ: Շուտով նրան տեղափոխում են 32-րդ բարաք, որը նախատեսված էր ավելի վտանգավոր կալանավորների համար: Այստեղ նա ծանոթանում է Գերմանիայի աշխատավոր ժողովրդի առաջնորդ Էռնեստ Թելմանի կնոջ` Ռոզա Թելմանի հետ, սերտ կապեր է ստեղծում Նաթելլա Տատվանիձեի, Օվսաննա Ավագովայի, Նինա Եֆրիմովայի, ինչպես նաեւ շատ հակաֆաշիստ չեխուհիների, գերմանուհիների, ֆրանսուհիների հետ: Տիրապետելով ֆրանսերենին` Աիդան ռուսերեն թարգմանեց լյուքսեմբուրգցի Լիլիի` ռուս կանանց նվիրված բանաստեղծությունը: 1945 թվականի ապրիլի 30-ին խորհրդային զորքերը ազատագրեցին Ռավենսբուրգի համակենտրոնացման ճամբարի գերիներին` որոնց մեջ էր աննկուն ոգու տեր Աիդա Ալավերդյանը:

Հայրենիքի քաջարի դուստրերից էին ղարաբաղցի ընկերուհիներ Շուշիկ Ստեփանյանն ու Զարիվարդ Դոլուխանյանը: Պատերազմի ժամանակ նրանք հայտնվեցին գերության մեջ: Շուշիկին եւ Զարիվարդին տանջեցին Սեւաստոպոլի, Սիմֆերոպոլի բանտերում, Շեպետովկայի ճամբարում, ապա հարկադրական աշխատանքի քշեցին Գերմանիա:

Հայրենիքը երբեք չի մոռանա Սիրուշ Մաճկալյանին, որը ռազմաճակատ մեկնեց հայրենիքի առաջին իսկ կանչով: Նա մասնակցեց խորհրդային շատ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը: Կատարելով բազում սխրանքներ, ավա՜ղ, նա չտեսավ հաղթանակը: Պարգեւատրվել է մի շարք մեդալներով, շքանշաններով, շնորհակալագրերով:

Հայ կանայք ֆաշիստական օկուպանտների դեմ պայքարել են նաեւ արտասահմանում: Այդ կանանցից մեկն էր հայ եւ բուլղար ժողովուրդների պարծանք Հերմինե Ռազգալդյանը / Սաշկան/:

Հերմինեն ծնվել է 1926 թվականի մայիսի 15-ին, Սոֆիայում, ուսուցչի ընտանիքում: 1940 թվականին նա դառնում է Սոֆիայի հեղափոխական երիտասարդական կազմակերպության «Սվոբոդա» ակումբի անդամ եւ նվիրվում աշխատավոր ժողովրդի ազատագրման գործին:

1942 թվականին Հերմինեն արդեն ակտիվ կերպով ընդգրկվում է հակաֆաշիստական պայքարի մեջ, կոչեր ու թռուցիկներ է տարածում հիտլերյան օկուպանտների դեմ, օժանդակում Կարմիր բանակի հաղթանակի գործին:

1943 թվականի հունվարի 16-ին Հերմինե Ռազգալդյանը մտնում է Ստարայա Պլանինայի լեռներում գործող` Սոֆիայի առաջին պարտիզանական «Չավդար» ջոկատի մեջ: Հայուհին կատարում է հետախուզական առաջադրանքներ:

1944 թվականին պարտիզանական կռիվներից մեկում Հերմինեն, կորցնելով իր ընկերներին, գերվում է ֆաշիստների կողմից: Երիտասարդ հայուհուն գեստապոյականները 15 օր շարունակ տանջանքների են ենթարկում, սակայն ոչ մի տեղեկություն չկորզելով նրանից` հունիսի 10-ին գազանաբար սպանում են:

Սփյուռքահայ Լուիզա Ասլանյանը` գրական ծածկանունը Լաս, 17 տարեկանում Իրանից տեխափոխվում է Փարիզ` ուսումը շարունակելու: 1939 թվականին Գերմանիան սանձազերծում է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Լուիզան մասնակցություն է ունենում ընդհատակյա գրականության տպագրության ու տարածման գործին: Սակայն Լուիզային մատնում են, ձերբակալում եւ գցում հիտլերյան ճամբարներից մեկը: Ճամբարային բոլոր զրկանքներն ու խոշտանգումները նա տանում է արիությամբ եւ երբեք չի հրաժարվում իր համոզմունքներից: Մարդու համար դժոխային պայմաններում անգամ նա վայր չի դնում իր գրիչը: Լուիզա Ասլանյանը մեռնում է բանտում` գազի խցում հեղձամահ լինելով:

Ֆրանսիական դիմադրության ներքին ուժերի շարքերում մարտնչում էր Մելինե Մանուշյանը` ֆրանսահայ լեգենդար հերոս, հակաֆաշիստական պայքարի կազմակերպիչ, պարտիզանական ջոկատների հրամանատար Միսաք Մանուշյանի կյանքի ու պայքարի ընկերուհին:

Մելինեն ֆրանսահայ կոմունիստների հետ միասին անցնում է ընդհատակյա գործունեության: Նա նշանակվում է գաղտնի գրականություն տարածող: Փարիզի պատերին փակցնում է հակաֆաշիստական աֆիշներ, թռուցիկներ եւ կոչեր: Երկրում ծայր է առնում պարտիզանական շարժումը: 1942 թվականի վերջերին Միսաք Մանուշյանի հրամանատարությամբ պարտիզանական ջոկատ է կազմավորվում նաեւ հայ երիտասարդներից: Մելինեն դառնում է Միսաքի անձնական քարտուղարուհին, կապ է հաստատում պարտիզանական ջոկատների միջեւ, մասնակցում զենքի ու ռազմամթերքի փոխադրմանը: Խիզախ Մելինեի գործունեությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի դիմադրության ներքին ուժերի հրամանատարությունը` շնորհելով նրան կապիտանի կոչում:

1943 թվականի նոյեմբերի 16-ին գեստապոն ձերբակալում է Մելինեի մարտական ընկեր Միսաք Մանուշյանին եւ 1944 թվականի փետրվարի 21-ին գնդակահարում: Մելինեն կրկնապատկում է ֆաշիստական օկուպանտների դեմ պայքարի եռանդը, կապ է հաստատում Ֆրանսիայում տեղակայված խորհրդային ռազմագերիների, հատկապես հայ ռազմագերիների հետ եւ ակտիվորեն օժանդակում նրանց:

Հայրենական Մեծ պատերազմում 76 կին արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, ավելի քան 120 հազար կանայք պարգեւատրվել են շքանշաններով ու մեդալներով, իսկ 8 հազար կին` Հայրենական Մեծ պատերազմի պարտիզանի մեդալով: Հարյուր հազարավոր կանայք կրում են հերոս քաղաքների պաշտպանության մեդալներ ու շքանշաններ, որոնց մեջ իրենց ուրույն տեղն ունեն հայ ժողովրդի քաջարի դուստրերը:

ԿԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Ռազմարդյունաբերական վարչություն

Խորագիր՝ Ճակատագրեր


30/04/2013