Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅ ՈՐԲՈՒԿՆԵՐԻ ՕՏԱՐԱԶԳԻ ՄԱՅՐԸ
ՀԱՅ ՈՐԲՈՒԿՆԵՐԻ ՕՏԱՐԱԶԳԻ ՄԱՅՐԸ

Մարիա Յակոբսենը ծնվել է 1882թ. նոյեմբերի 6-ին, Դանիայի Սիիմ քաղաքում։ 1890-ականներին սկանդինավյան երկրներում սկիզբ առած հասարակական շարժման անդամները հանդես էին գալիս համիդյան կոտորածները դատապարտող նախաձեռնություններով։ 1900թ. Դանիայում հիմնվում է «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության դանիական մասնաճյուղը, որն օժանդակություն էր ցույց տալիս գերմանական որբանոցներում ապաստանած հայ որբերին։ Մարի Յակոբսենը ևս անդամակցում է այս կազմակերպությանը և հասնում Խարբերդ՝ որպես միսիոներուհի։ Այստեղ նա նշանակվում է փոքրիկ հիվանդանոցի կառավարչուհի, սովորում հայերեն։ Նա կամովին հրաժարվում է իր անձնական երջանկությունից, սեփական զավակներ ունենալուց ու անձնուրացաբար նվիրվում հայ որբուկների խնամքին ու դաստիարակությանը։ Մարիա Յակոբսենն իր ապրումները, խոհերը գրառում է օրագրում, որը հետագայում դարձավ Հայոց ցեղասպանության ականատեսի արժեքավոր վկայություն։ Օրագրության մեջ նկարագրվում էին այն դժոխային իրադարձությունները, որոնք կատարվել են թուրք ոճրագործների կողմից (Օրագիրը՝ շուրջ 600 էջ, հիմնականում ներկայացնում է 1915-19թթ. Խարբերդի հայերի տեղահանությունը, բռնագաղթը։ Մարիա Յակոբսենի «Օրագրությունը» թարգմանվել է հայերեն, ապա հրատարակվել Բեյրութում 1979թ.)։ Ահա մի փոքրիկ հատված օրագրությունից. «Թուրքերը կատղած են։ Կհոգնին հայերը սպանել։ Թուրք մարդ մը, որ արյունլվա վիճակի մեջ հիվանդանոց եկավ, դարմանվել են հետո, երբ իրեն հարց տվին՝ թե հանգի՞ստ էր, ըսավ՝ պիտի ջանամ, որ շուտով աղեկնամ, որպեսզի վերադառնամ և օգնեմ գյավուրները սպանելու և անոնց կիները բռնաբարելու…»։

«Ես չեմ կըրնա բառեր գտնել նկարագրելու հայ ժողովրդի ցավերը, հալածանքն ու սարսափը։ Թուրքերը կջանան բոլորին սպանել։ Հակառակ անոր, մենք ալ կաշխատենք օգնել»։

«1915թ. օգոստոս. Մեգրեի գերեզմանոց գացինք, ուր կառավարությունը հիվանդ հայերի հավաքած էր։ Շատ հեռուեն գարշահոտությունը մեզ դիմավորեց։ Չորս կողմը կիսամերկ կիներ երկնցած էին։ Նույնիսկ հայտնի չէր՝ անոնք մեռած էին, թե ոչ։ Երկու պստիկ աղջիկ՝ 9-10 տարեկան, մոտ 6 տարեկան տղու մը դիակ կքաշկրտեին»։

Անսահման նվիրյալ այս կինը որքան նաև համարձակություն է ունեցել, որ տեսնելով այսքան դաժանություն՝ թուրքի ձեռագիրը, օրագրել է իր տեսածը՝ ամեն րոպե աչքի առաջ ունենալով վախը, որ օրագիրը կարող է թուրքերի ձեռքն ընկնել։

«Օրագրության» հայերեն թարգմանության հրատարակիչները հրատարակել են նաև Յակոբսենի անձնական արխիվից վերցված շուրջ 80 լուսանկար։ Լուսանկարներ, որ պակաս խոսուն չեն, որքան և որ գրառումները՝ որբերի նկարներ՝ կմախքացած, հյուծված ու սարսափած աչքեր, աչքեր… Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919թ. Մարիա Յակոբսենը Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների օգնությամբ հավաքագրեց 3600 հայ որբերի։ 1919թ. առողջական խնդիրների պատճառով (որբերից վարակվել էր տիֆով) Մարի Յակոբսենը մեկնում է հայրենիք։ Սակայն, դեռ տեղ չհասած, հրավեր է ստանում Միացյալ Նահանգներից։ Նա ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում դասախոսություն է կարդում Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվող կոտորածների մասին և որբ երեխաների համար նյութական միջոցներ հայթայթում։

1920-21թթ. կրկին մեկնում է Խարբերդ, սակայն թուրքական իշխանությունը չի արտոնում այլևս եվրոպական այն կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը, որոնք նպատակ ունեին օգնելու Թուրքիայում մնացած հայերին։ Այդժամ նա մեկնում է Բեյրութ։ 1928թ. «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպությունը Ջեբեյլում հիմնադրում է «Թռչնոց բույն» որբանոցը, որտեղ հանգրվանում են եղեռնից մազապուրծ փոքրիկներ։ Այստեղ և աշխատանքի է անցնում Մարիա Յակոբսենը։ Նրան հայ որբուկները կոչում էին «Մամա Յակոբսեն», «Հայ մայրիկ»։

Մարիա Յակոբսենը թերևս միակն է աշխարհում, որ թեև ոչ մի զավակ չուներ, սակայն նրան հազարավոր հայ երեխաներ մայրիկ էին ասում։ Եվ մինչև կյանքի վերջ այս դանիուհին նվիրվեց հայ որբուկների խնամքին ու դաստիարակությանը։ Մարիա Յակոբսենը 58 տարի ծառայեց հայ ժողովրդին։ Իր մահկանացուն կնքեց 1960թ.։

Իր կտակի համաձայն` Մարիա Յակոբսենի աճյունն ամփոփվեց «Թռչնոց բույնի» բակում։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ