Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՔ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ



«1989 թվականն էր։ Բերդաձորից շտապ պետք է Երեւան վերադառնայի՝ հանդիպելու Վազգեն Սարգսյանին,- վերհիշում է «Սասունցիներ» ջոկատի հրամանատար Ալֆրեդ Ներսիսյանը՝ Աֆոն։ -Ձմեռ էր, ձյուն, ճանապարհներն անանցանելի, սառցակալած։ Դժվարությամբ մինչեւ հասա Վայք՝ արդեն կեսգիշեր էր։ Ճանապարհը շարունակելն անհնար էր՝ դատարկ էին փողոցները, երթեւեկություն չկար։ Որոշեցի գիշերել Վայքում։ Թակեցի առաջին իսկ հանդիպած տան դուռը, որտեղ լույսը դեռ վառվում էր։
Իմ թակոցից հետո ներսից լսվեց կանացի մի ձայն.
-Տղա ջան, դուռը ծեծում են, տես ո՞վ է։
-Հյուր կընդունե՞ք,- ձայնեցի ես։
-Հյուրն Աստծունն է,- ասաց տանտերն ու ինձ հրավիրեց տուն։
Վառարանի կողքի բազմոցին շյուղերը ձեռքին նստած էր մի տատիկ։
-Մայրս է,- ներկայացրեց տանտերը։
-Բարեւ մայրիկ, էս ուշ ժամին ինչո՞ւ ես արթուն,- սիրալիր բարեւելով՝ մոտեցա տատին։
-Աստծո բարին, որդի ջան, բարին եկար։ Ասում ես՝ ինչո՞ւ քնած չեմ, տղա ջան, հրեն սահմաններին մեր ֆիդայինները էս բքին կանգնած են՝ գոնե մի բանով էլ ես օգտակար լինեմ,- ասաց տատը ու որդուն պատվիրեց սեղան գցել,- երեւում է՝ հեռվից ես գալիս, քաղցած կլինես, տղա ջան,- ու շարունակեց գործել։
Գուլպաներից մի թաթը պատրաստ էր, մյուսն արդեն հասել էր կեսին։ Երբ բաճկոնս հանեցի եւ ուզում էի սեղան նստել, հանկարծ տատը կողքի դրեց կիսատ գուլպան, մոտեցավ ինձ.
-Վայ, դո՞ւ էլ ես ֆիդայի, մեռնեմ քեզի,- ասաց ու փաթաթվեց, ինձ համբուրեց։ Բաճկոնս հանելուց երեւում էին կողքիս ատրճանակն ու դաշույնը։ Տատը հիացած մեկ ինձ էր նայում, մեկ զենքերիս։
Տատի տրամադրությունը բարձրացել էր, ինքն էր արդեն ինձ հյուրասիրում, ստիպում օգտվել, որդուն կարգադրում էր պահուստի մթերքը դնել սեղանին։ Երբ վեր կացա սեղանից, տատն ինձ ցույց տվեց իր ձեռքով բացած մահճակալը.
-Քնի՛ր, որդի՛ս, հոգնած ես, գիտեմ,- ու բարի գիշեր մաղթելով՝ նորից մոտեցավ վառարանին։
Լույսը ողջ գիշեր վառված մնաց։
Առավոտյան, երբ պատրաստվում էի դուրս գալ այդ հյուրընկալ օջախից, տատը խաղաղ քնած էր վառարանի կողքի բազմոցին։ Որդին ուզում էր արթնացնել (այդպես էր պատվիրել մայրը), սակայն ես չթողեցի։ Փոխարենը որդին իմ բարձի տակից դուրս բերեց արդեն պատրաստի գուլպաները եւ հանձնեց ինձ.
-Լուսադեմին մյուս թաթն էլ գործեց-վերջացրեց ու դրեց քո բարձի տակ,- ասաց որդին։
Ես սիրով, երախտագիտությամբ գուլպաները վերցրի ու հայացքս վառարանի կողքին հանգիստ քնած տատին՝ դուրս եկա։
Այս պատմությունից Վազգեն Սարգսյանը հուզվել էր, ոգեւորվել։ Վերցրեց գուլպաները ու լռությամբ շոշափում-գուրգուրում էր։ Իրոք, հուզվել էր։ Հետո դառնալով ինձ՝ ասաց.
-Այսպիսի մայրեր ունեցող ժողովուրդը չի պարտվի, մենք հաղթելու ենք…
Մինչ օրս պահպանում եմ տատի նվիրած գուլպաները, որոնք արդեն քրքրվել են, խունացել, սակայն նորից ու նորից ինձ տանում են ձյունապատ ճանապարհներին մեր բացած կածաններով, մեր տաք ոտնահետքերով»…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #07 (872) 23.02.2011 – 02.03.2011, Հոգևոր-մշակութային


03/03/2011