Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնդապետ Հենրիկ Մուրադյանը ծնվել է Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղում։ Ունի բարձրագույն կրթություն։ Մինչև 1991 թիվը աշխատել է տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում։ 90-ին նրա հրամանատարությամբ կազմավորված կամավորական ջոկատը մասնակցել է հայրենիքի սահմանների պաշտպանությանը։ 1992-ին ջոկատը ներգրավվել է ազգային բանակի համակարգում։ Հենրիկ Մուրադյանը եղել է սահմանապահ ուղեկալի պետ, պայմանագրային գումարտակի հրամանատար, այնուհետև ղեկավարել է մի քանի զորամասեր։ 2004-ից մինչև 2012-ը եղել է ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալը։ 2012-ի հունիսից ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատարն է։ Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշաններով, «Մարտական ծառայության» մեդալով, ինչպես նաև մի շարք գերատեսչական մեդալներով։

-Նախորդ զորակոչի ձեռքբերումների գնահատումն ու բացթողումների բացահայտումը գալիք զորակոչի արդյունավետությունը ապահովող նախադրյալներից են, ուստի կցանկանայի, որ այս զրույցի ընթացքում մանրամասնորեն վերլուծեինք աշնանային զորակոչը, մանավանդ՝ կա տարածված կարծիք, որ այն շահեկանորեն տարբերվում է նախորդներից։ Բայց մինչ այդ պիտի խնդրեմ, որ ձևակերպեք զորակոչի գնահատման ցուցիչները։

-Զորակոչի գնահատման առաջին ցուցիչը կատարողականությունն է, այսինքն՝ զորակոչվող զինակոչիկների թիվը և զորակոչային պլանի կատարման ցուցանիշը։ Հաջորդը 18 տարին լրացած կամ բուհեր ավարտած զինակոչիկների ընդհանուր թվի և զորակոչվածների տարբերությունն է։ Որքան այդ տարբերությունը փոքր է, զորակոչը նույնքան հաջողված է և արդյունավետ։

Երրորդ ցուցիչը վերաբերում է հիվանդ զինակոչիկների մուտքը բանակ բացառելուն միտված միջոցառումների արդյունավետությանը։

Հաջորդ ցուցիչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումների օրինականությունն է։

Սրանք զորակոչի գնահատման կարևորագույն ցուցիչներն են։

-Գնահատեք, խնդրեմ, աշնանային զորակոչը՝ ըստ վերը նշված ցուցիչների։

-Զորակոչի կատարողականության մակարդակը բարձր էր, որովհետև զորակոչային պլանը կատարվել է 100,07 տոկոսով։ 18 տարին լրացած և բուհեր ավարտած զինակոչիկների 67,5 տոկոսը զորակոչվեց, մենք այսպիսի բարձր ցուցանիշ չենք ունեցել վերջին տարիներին։

-Խնդրում եմ համեմատեք 2011թ. և 2012թ. աշնանային զորակոչերի զորակոչային ռեսուրսների և կատարողականության մակարդակները։

-2011-ին Հայաստանի Հանրապետությունում ծնված պատանիների թիվը, ուստի և զորակոչային ռեսուրսը 2012-ի համեմատությամբ մի քանի անգամ ավելին էր։ Իսկ զորակոչային պլանը, ընդհակառակը, 2011-ին եղել է ավելի քիչ, քան 2012-ին։

-2011-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2012-ի աշնանային զորակոչին առողջական խնդիրների պատճառով 3 տարով տարկետում ստացող զորակոչիկների թիվը նվազել է մոտ 26 տոկոսով։ Ակամա միտք է ծագում, արդյոք բարձր կատարողականություն ապահովելու հետևանքով չե՞ն տուժել առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկները, պարզ ասած, թվաքանակ ապահովելու նպատակով աչք չե՞ք փակել որոշ զինակոչիկների առողջական խնդիրների վրա։

-Ես կխոսեմ փաստերի լեզվով։ 2012-ի աշնանային զորակոչի ժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, առողջական խնդիրների պատճառով վեց ամսով տարկետում ստացած զինակոչիկների թիվը աճել է 54 տոկոսով, իսկ մեկ տարով տարկետում ստացած զինակոչիկների թիվը ավելացել է 46 տոկոսով։ Այսինքն՝ կատարողականության ցուցանիշի բարձրացմանը զուգընթաց մեծացել է նաև առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացածների թիվը, ինչը ակնհայտորեն ցրում է բոլոր կասկածները։ Եվ խոսում է այն մասին, որ 2012-ի աշնանային զորակոչին է՛լ ավելի ուշադիր ու սրտացավ ենք եղել առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկների հանդեպ։

-Աշնանային զորակոչից առաջ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը փոխվեց՝ պաշտպանության և առողջապահության նախարարների ներկայացմամբ և կառավարության որոշմամբ։ Ի՞նչն էր պատճառը։

-Կազմավորվեց կենտրոնական բժշկական հանձնաժողովի նոր կազմ, որում ընդգրկվեցին ռազմական բժշկության բնագավառի փորձառու մասնագետներ, հաշվի առնելով մասնագիտական հմտությունները, վաստակը և այլն։ Տրվեց խիստ հանձնարարական՝ ամենայն բծախնդրությամբ զննելու զինակոչիկներին և անելու ամեն ինչ, որ բացառվի հիվանդ զինակոչիկների մուտքը բանակ։

-Պարոն Մուրադյան, կարո՞ղ եմ հարցնել՝ ինչո՞վ է պայմանավորված կատարողականության մակարդակի աճը։

-Առողջական վիճակի պատճառով նախկինում տարկետում ստացած 588 զինակոչիկ 2012-ի աշնանային զորակոչի ժամանակ զորակոչվել է։

-Մեծ թիվ է։

-Իրականում, այդ թիվն ավելի մեծ կլիներ, քանի որ նախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացած 58 զինակոչիկի վերաբերյալ կենտրոնական բժշկական հանձնաժողովը կայացրել է զորակոչվելու որոշում, սակայն վերջիններս խուսափել են զորակոչից։ 37 հոգի տարածքային զինկոմիսարիատների ուղեգրով ստուգվել է համապատասխան բուժհիմնարկներում և իմանալով, որ, ըստ բուժհիմնարկների տված ակտի, իրենք առողջ են և պիտի զորակոչվեն, չեն ներկայացել կենտրոնական բժշկական հանձնաժողով։

-Այսինքն՝ նախկինում տարկետում ստացած և 2012-ի աշնանային զորակոչին պարտադիր զինվորական ծառայությանը պիտանի զինակոչիկների թիվը կարող էր լինել 588+58+37…

-Այո։

-Պարոն Մուրադյան, աշնանային զորակոչի ժամանակ սկսվեց ավելի մեծ թափով շրջանառվել այն միտքը, որ սահմանափակվել է զորակոչի ընթացքում ֆինանսական միջոցներով հարցեր լուծելու հնարավորությունը։ Հակազդեցությունն ի՞նչ բնույթ էր կրում։

-Պիտի անկեղծ լինեմ, հակազդեցությունը ֆինանսական հնարավորություն և դիրք ունեցող մարդկանց կողմից էր։ Եղել են տարբեր պաշտոնյաների զանգեր, միջնորդություններ այս կամ այն զինակոչիկին տարկետում տալու կապակցությամբ։ Շատ ցավալի բան պիտի ասեմ. մեր հասարակության մի ստվար զանգված ինչ-ինչ ճանապարհով որդուն բանակից ազատելը դիտում է որպես ճարպկության և հզորության նշան։ Չկա հասարակության բարոյական հակազդեցությունը հայրենիքի հանդեպ զինվորական պարտքից խուսափող զինակոչիկի ու իր որդուն ապօրինաբար բանակից ազատող ծնողի նկատմամբ։

-Դուք գիտե՞ք, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի բժիշկները դժգոհել են Ձեր, այսպես ասած, ոչ մեղմ վերաբերմունքից։

-Ոչ թե բոլոր բժիշկները, այլ երկու բժիշկ։ Ես չեմ ուզում օրինակներ բերել, բայց տարաձայնությունները վերաբերել են զինակոչիկների առողջական խնդիրներին, և նպատակ ենք ունեցել ապահովելու զորակոչի առավելագույն օրինականություն։ Գիտեք, ծնողին որքան մտահոգում է սեփական հիվանդ որդուն ապօրինաբար զորակոչելու իրողությունը, նա նույնքան ցավ է ապրում ու վիրավորվում է, երբ իր որդին զենքը ձեռքին, թշնամու գնդակի առաջ սահման է պահում, իսկ իր հարևանի բոլորովին առողջ տղան մայրաքաղաքում վայելում է կյանքը։ Մենք անցկացրել ենք բժշկական հանձնաժողովի 35 նիստ, որի 50 տոկոսը՝ արտագնա, աշխատել ենք առավելագույն ծանրաբեռնվածությամբ։ Միայն աշնանային զորակոչի ժամանակ հազարավոր զինակոչիկներ են զննվել կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստում։ Սոցիալական հավասարությունն և արդարությունը մարդկանց ոգին ամուր պահող, ուժ տվող, ոգևորող ամենազորեղ գործոններն են։

-Բնականաբար, մարդիկ շատ զգայուն են զորակոչի օրինականության հանդեպ, ուստի և՛ ձեռքբերումները, և՛ թերությունները ուղղակիորեն ազդում են հասարակության տրամադրության և տրամադրվածության վրա։ Պարոն Մուրադյան, ես կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը՝ որպես զինվորական և քաղաքացի, որքանով է արդարացված պետական բուհում սովորող զինակոչիկներին ուսման պատճառով տարկետում շնորհելու պրակտիկան։

-Որպես զինվորական՝ ես պարտավոր եմ առանց վիճարկելու կատարել կառավարության որոշումները, իսկ որպես մարդ, որպես քաղաքացի՝ կցանկանայի, որ 18 տարին լրացած բոլոր պատանիների համար ստեղծվեին մեկնարկային հավասար հնարավորություններ։ Կա նաև մեկ այլ խնդիր. 21-22 տարեկան պատանու համար հոգեբանորեն դժվար է ծառայել 18 տարեկանների հետ, առավել ևս՝ 18 տարեկան սերժանտի հրամանատարության ներքո։ Այդուհանդերձ, ինձ համար ամենակարևորը երևույթի բարոյական հնչերանգն է՝ հայրենիքի պաշտպանելու պարտքի առաջ բոլորը հավասար են, հայրենիքի պաշտպանության գործին ստորադասվում է ամեն ինչ։

-Այդ դեպքում Ձեր խոսքը պիտի վերաբերի նաև գիտական կոչում ունեցող զինակոչիկներին։ Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու պետք է գիտնականը չպաշտպանի հայրենիքի սահմանները…

-Ես կարծում եմ, որ պետք է օգտագործել գիտնականների միտքը՝ նրանց ներգրավելով պաշտպանության համակարգի համապատասխան ոլորտներում։ Բանակին պետք են և՛ տնտեսագետներ, և՛ շինարարներ, և՛ ֆինանսիստներ, և՛ բանասերներ…

-Պարոն Մուրադյան, իսկ ի՞նչ կլինի, որ գիտնականը զենքը ձեռքին կանգնի սեփական երկրի սահմանին ու պաշտպանի հայրենիքը։

-Համամիտ եմ։

-Ըստ «Զինապարտության մասին» օրենքի՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող նշանակվել հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոններում։ Վերջերս շրջանառվեցին մի քանի պաշտոնյաների անուններ, որոնք ազգային բանակում չեն ծառայել։ Օրենքը սողանցքնե՞ր ունի։

-Ո՛չ, օրենքը սողանցքներ չունի։ Օրենքում հստակ նշված է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք ձեռք չբերած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իրավունք չունի նշանակվելու հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոններում։

-ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած և 27 տարին լրացած քաղաքացիներին դրամական փոխհատուցման պայմանով ազատվելու քրեական պատասխանատվությունից։ Օրենքի կիրառումը մի քանի անգամ երկարաձգվել է։ Արդյոք սա բանակից խուսափելու ազդակ չի՞ լինի որոշ մարդկանց համար։

-Միանշանակ ոչ։ Ժամկետը երկարացվել է ընդամենը 4 անգամ և ընդգրկում է զորակոչվելու համար իրոք, փոշիացած ռեսուրս։ 10 տարի հանրապետությունից բացակայող տղան, եթե մինչ 27 տարեկան դառնալը չի վերադարձել հայրենիք զինվորական պարտքը կատարելու, հազիվ թե 27-ի շեմին վերադառնա։ Փոխարենը՝ նրանց մուծած գումարները կնպատակաուղղվեն ԶՈՒ սպառազինության արդիականացմանը և սահման պահող զինվորի սոցիալական խնդիրներին ու բարեկեցությանը։ Իսկ որ ամենակարևորն է՝ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին ազատելով քրեական պատասխանատվությունից՝ պետությունը նրանց հայրենիք վերադառնալու հնարավորություն է տալիս։ Մինչ օրս դրամական փոխհատուցման միջոցով քրեական պատասխանատվությունից ազատվել է մոտ 6625 քաղաքացի։ Սա բավականին մեծ թիվ է, ինչը իր հերթին նշանակում է, որ նրանք չեն ուզում կապերը կտրել հայրենիքի հետ։

-Հուսանք, որ նրանք կօգտվեն պետության ընձեռած հնարավորությունից, կվերադառնան հայրենիք, ու գոնե նրանց զավակները կկատարեն զինվորական ծառայության պարտքը։

Ինչպես հայտնի է, զորակոչի կազմակերպման մակարդակը մեծապես կախված է քաղաքացիների զինվորական հաշվառման, կցագրման աշխատանքների արդյունավետությունից։

-Կցագրման ենթակա պատանիների շրջանում կա որոշակի քանակ, որը չի ներակայանում զինկոմիսարիատ եւ չի կցագրվում: Նրանք հիմնականում արտերկրում բնակվող մեր քաղաքացիներն են: Այսինքն՝ խնդիրն առկա է:

Դեռևս 2009 թվականից ՀՀ տարածքում կտրուկ նվազել է չկցագրված պատանիների քանակը՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից իրականացվող միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության, արտաքին գործերի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների միջև համագործակցության շնորհիվ։

Նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական հաշվառման աշխատանքները է՛լ ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով 2012-ի աշնանային զորակոչից հետո, ըստ ՀՀ նախագահի տրված հանձնարարականի, աշխատանքներ են տարվում հանրապետությունում հաշվառում իրականացնող պետական կառավարման այլ մարմինների հետ ստեղծելու հաշվառման կենտրոնացված համակարգ, ինչը կնպաստի քաղաքացիների հաշվառման ամբողջականության ապահովմանը և որակի բարձրացմանը։

Բոլորիս համար պարզ է, որ այս հիմնախնդիրները միայն զինվորական կոմիսարիատների ուժերով հնարավոր չէ լուծել, անհրաժեշտ է նաև բոլոր շահագրգիռ օղակների փոխհամագործակցությունը՝ հստակ գործող մեխանիզմ ստեղծելու համար։

-Ի դեպ, ըստ վերջին մի քանի տարվա ցուցանիշների՝ զորակոչային ռեսուրսները գնալով նվազում են։ Սա բնական է, որովհետև բանակ է գալիս պատերազմի տարիներին ծնված սերունդը… Հետպատերազմյան շրջանը նույնպես աչքի չի ընկնում բարձր ծնելիությամբ։ Ինչպե՞ս ենք լրացնելու բացը։

-Զորակոչային պլանները իրատեսական են և կկատարվեն 100 տոկոսով։ Պայմանագրայինների մուտքը բանակ հենց այդ բացը լրացնելու նպատակ ունի։

-Պարոն Մուրադյան, քանի որ հարցազրույցը բավականին ծավալուն է, եկեք այսօր չանդրադառնանք զինակոչիկների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մեր ընթերցողին խոստանալով ևս մեկ զրույց նախազորակոչային պատրաստության խնդիրների մասին։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ