Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ՕՐ, ԱՄԵՆ ԺԱՄ…



Գումարտակի սպայակազմից միայն անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով հրամանատարի տեղակալն է, որ պատասխանատվություն է կրում զինծառայողների գաղափարադաստիարակչական, հասարակական-պետական պատրաստության, ինչպես նաև հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման, կարգապահության ամրապնդման, մարտական ոգու բարձրացման համար։ Մյուս սպաները և ողջ հրամանատարական կազմը՝ սկսած ջոկի հրամանատարից, վերջացրած գումարտակի հրամանատարով, հիմնականում զբաղված են ռազմական ուսուցման, այսինքն՝ առանձին զինծառայողների և ստորաբաժանումների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացման, մարտունակության բարձրացման խնդիրներով։

Ինչպես յուրաքանչյուր սպա, ես նույնպես ունեմ վերադաս հրամանատարության մշակած աշխատանքային ծրագիրը, մեթոդական ուղեցույցները, որոնք անհրաժեշտ են առաջադրված խնդիրները նախորոշված ժամանակացույցում կատարելու համար։ Եվ եթե ես առաջնորդվեմ միմիայն աշխատանքային ծրագրով, հակիրճակներով ու առաջարկվող գրականությամբ, ապա իմ աշխատանքի արդյունավետությունը չի երևա, ավելին՝ իմ անձն ու իմ աշխատանքը զինծառայողների աչքում կնվազի, իսկ հետևանքներն իրենց շատ շուտ զգացնել կտան։ Հենց այդ պատճառով էլ ես նախընտրում եմ «կենդանի աշխատանքը»՝ մշտական շփումները, պարզ, մարդկային փոխհարաբերությունները։ Եթե ես բանակ եկած նորակոչիկի հետ անկեղծ եմ և ինչ-որ տեղ կարող եմ կիսվել նրա հետ, խոսել իմ ընտանիքի խնդիրների, երեխաներիս կրթության ու ապագայի մասին, ապա այդ զինվորը, որը նմանապես մի սովորական հայ ընտանիքի զավակ է, առավել ևս իր սիրտը կբացի իմ առաջ։ Ոչինչ չի ստացվի իմ անցկացրած ՀՊՊ պարապմունքից, եթե ես միայն թվեր ու փաստեր ներկայացնեմ ու հետո էլ նույն կերպ ստուգարքներ ընդունեմ։ Նմանատիպ պարապմունքները ոչ մի արդյունք չեն տա, այլև կարճ ժամանակ անց կմոռացվեն։ Ուրիշ բան է, եթե թվերի ու փաստերի շուրջ քննարկումներ կազմակերպեմ, պատմական իրադարձությունները վերլուծեմ այսօրվա լույսի ներքո, կատարեմ համեմատություններ, լսեմ զինվորներից յուրաքանչյուրի կարծիքը և այլն։

ԱՀՏԱ գծով սպան պետք է լինի համակողմանի պատրաստված անձնավորություն և սիրի իր աշխատանքը։ Նրա խոսքը պիտի լինի համոզիչ։ Գումարտակի յուրաքանչյուր զինծառայողի համար նա պետք է լինի ամենավստահելի անձնավորությունը։ Նրա անձը, հագուկապը, վարվեցողության կերպը, լսելու ունակությունը պետք է լինեն ընդօրինակման արժանի։

♦♦♦

Ամեն օր առավոտյան տողանի ժամանակ գումարտակի հրամանատարի հետ միասին կատարում ենք զինծառայողների արտաքին տեսքի զննում, ծանոթանում ենք շարքում տիրող տրամադրությանը, հարկ եղած դեպքում այս կամ այն զինվորին հրավիրում ենք մտերմիկ զրույցի։ Դասապարապմունքների ընթացքում, եթե ազատ ժամանակ եմ ունենում, հետևում եմ վաշտերից մեկի պարապմունքին։ Գումարտակի, վաշտերի հրամանատարներից հետո ինքս եմ ստուգում զորանոցների մաքրությունը, հետևում եմ հիվանդների ապաքինման ընթացքին։ Ստանում և բաշխում եմ թերթերը, ստուգում եմ, թե ովքեր և քանիսն են ընթերցում։ Մեր վաշտերն ունեն իրենց պատի թերթերը, որոնց էջերում ամփոփվում են շաբաթվա արդյունքները, առանձնացվում են ծառայության մեջ առավել աչքի ընկածները, քննադատվում՝ թերացողները։

Ուսումնական փուլի սկզբին վաշտերի ընդհանուր ժողովի ժամանակ ընտրել ենք վաշտերի իրավական ակտիվների կազմը, վաշտերի մարտական կազմակերպիչներին, արագ արձագանքման խմբերին, պատի թերթերի խմբագիրներին ու խմբագրության անդամներին, ընտրել ենք վաշտերի տեղեկատվության և ժամանցի սենյակի խորհուրդներին, դասակների մարտական թերթիկների խմբագիրներին, դասակների քարոզիչներին, օժտված տղաներից ձևավորել ենք նորարար-գյուտարարների խմբեր, ունենք վաշտերի գեղարվեստական ինքնագործունեության խմբեր, նաև՝ ծնողական և հոգևոր խորհուրդներ։ Եվ ջանք չեմ խնայում, որ այս բոլոր խմբերն ու խորհուրդները գործեն, չլինեն ձևական։ Արդեն նշեցի, որ պատի թերթերի, ինչպես նաև մարտական թերթիկների բովանդակությունն ամեն ուրբաթ թարմացվում է։ Ինձ հետաքրքրում է՝ մարտական թերթիկներն ընթերցվե՞լ են, թե ոչ, ինչը պարզում եմ ուղղակի կամ անուղղակի հարցերի միջոցով։ Իրավական ակտիվի դերը շատ կարևոր է։ Ուրախանում ենք, երբ ժողովի ժամանակ արտառոց քննարկման նյութ չի լինում, ու մտածում ենք ձեռքբերումը պահպանելու, զարգացնելու մասին։

♦♦♦

Ծնողական խորհուրդն ավելի շատ է սկսում աշխատել նոր համալրումների ընթացքում, երբ այցերը զորամաս հաճախանում են։ Լսում, հաշվի ենք առնում բոլոր առաջարկները և դրանք ներկայացնում զորամասի հրամանատարությանը։ Մեր զորամասը բավական մեծ է, և մենք պարտավոր ենք ունենալ լավ ինքնագործունեության խմբեր, թեև ասեմ, որ գոհ ենք բանակի ղեկավարությունից, որովհետև նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հանրապետության առաջնակարգ կատարողները պարբերաբար համերգներով հանդես գան զինվորների առաջ։ Զինվորների կրթության, դաստիարակության, նրանց մտավոր զարգացածության միջոցներից մեկն էլ պարբերաբար անցկացվող շարադրությունների մրցույթներն են։ Դրանք հիմնականում ունենում են հայրենաճանաչության, ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղվածություն։ Մենք նաև այդ միջոցով պարզում ենք, թե ինչ վերաբերմունք ուներ զինվորը հայրենիքի ու ծառայության նկատմամբ, երբ դեռ նորակոչիկ էր, և ինչ է փոխվել նրա մեջ վեց ամիս կամ մեկ տարի ծառայելուց հետո։ Ասեմ, որ, որպես կանոն, նման փոփոխություն անպայման լինում է. եթե զինվորը սկզբնական շրջանում ծառայությանը վերաբերվում էր որպես պարտադրանքի, իսկ հետո՝ իբրև հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու և զինվորական մասնագիտություն սովորելու անհրաժեշտության։

Շատ ու բազմազան են զինվորի հետ տարվող աշխատանքի նրբությունները։ Ամեն օր, ամեն ժամ մի դեպք, երևույթ, մինչ այդ չնկատված մի նոր երանգ եմ բացահայտում սպա-զինվոր, հրամանատար-ենթակա ծառայական, մարդկային փոխհարաբերություններում, և հաճախ զգում եմ, որ սովորեցնելու, դաստիարակելու, ուղղություն ցույց տալու համար ինքս էլ դեռ սովորելու շատ բան ունեմ…

ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
մայոր
Գումարտակի հրամանատարի
ԱՀՏԱ գծով տեղակալ

Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Ազգային բանակ


18/04/2013