Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԹՈՒՅԼ ՍԵՌԻ» ՈՒԺՆ ՈՒ ՀՄԱՅՔԸ…



Անհնար է գերագնահատել կնոջ դերը հասարակական կյանքում։ Նրանք ամենուր են. քաղաքականության ու գիտության ասպարեզում, օրենսդիր ու գործադիր մարմիններում, կրթության, առողջապահության, արտադրության, շինարարության, մշակույթի, սպորտի բնագավառներում, իրավապահ կառույցներում և, իհարկե, պետական անվտանգության ու պաշտպանության համակարգում։

Եթե կնոջը բնորոշող «գեղեցիկ սեռ» արտահայտությունը լիովին համապատասխանում է իրականությանը, ապա «թույլ սեռ»-ը միանգամայն վիճարկելի է։ Դե, արի ու հաղթիր հատուկ նշանակության զորքերում ծառայող կնոջը, կամ էլ գերազանցիր ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհուն։ Ավելին, եթե խորամուխ լինենք ընտանեկան, հասարակական-քաղաքական հարաբերությունների մեջ, կտեսնենք, որ «մայրիշխանությունը» չի վերացել։ Կանայք ոչ միայն օջախի կրակն են վառ պահում, կազմակերպում խոհանոցային կյանքն ու օրորոցի հավերժությունը, այլև գործադրելով իրենց կանացի հմայքները՝ հմտորեն ղեկավարում են ընտանիքը, իսկ ավելի բարձր ոլորտներում, եթե իրենք էլ չեն առաջին ջութակը, մեկ է՝ նրբանկատորեն ներազդում են ուժեղ սեռի՝ տղամարդկանց որոշումների վրա, հատկապես կադրային հարցերում ու քաղաքական որոշումների կայացման մեջ։ Հենց այստեղից էլ առաջացել է ֆրանսիական «Ամեն տեղ փնտրեք կնոջը» հայտնի և երբեք չհնացող ասացվածքը։

Ինչպես անցյալում, այնպես էլ այժմ (միշտ) չափազանց մեծ ու անգնահատելի է կնոջ դերը նաև երկրի պաշտպանության գործում։ «Առյուծն առյուծ է, էգ լինի, թե որձ» արտահայտությունը ծնունդ է առել իրականությունից և բնորոշում է հայրենիքի պաշտպանության գործում հայ կնոջ ցուցաբերած քաջությունը։ Մեր մայրերի և քույրերի բացառիկ տոկունությունը, հայրենասիրությունը, պատվախնդրությունը, քաջությունը, եղբայրասիրությունը, զենքին, ռազմարվեստին տիրապետելու ունակությունը և, իհարկե, կենցաղավարությունն ու ընտանիքը կրծքով պաշտպանելու ու զարգացնելու բացառիկ տաղանդն ի հայտ եկան հատկապես Արցախյան պատերազմի հոգեցունց տարիներին։ Ցավոք, նրանցից շատերն ընկան հայրենիքի ազատության համար մղվող մարտերում։ Իսկ պատերազմից հետո, շարունակելով թիկունք կանգնել իրենց ամուսիններին, շատ շատերը շարունակեցին ծառայությունն ազգային բանակում՝ տղամարդկանց հավասար ստանձնելով նույնիսկ ամենաբարդ պարտականություններ։ Դարձան կապավորներ, բուժծառայողներ, կրտսեր ու բարձր կազմի հրամանատարներ… Բարեբախտաբար, գնալով ավելի է գնահատվում և կարևորվում կնոջ դերը ազգային բանակում. նրանք կարևոր ծառայություն են կատարում առանձնակի հմտություն ու համարձակություն պահանջող ստորաբաժանումներում, մարտական հենակետերում, զինկոմիսարիատներում, զորամասերի շտաբներում, պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բոլոր վարչություններում ու բաժիններում։

Մայրության ու գեղեցկության տոնի նախօրեին գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում զրուցեցինք մի խումբ կին զինծառայողների հետ։ Ինչպեսև սպասվում էր, նրանցից ոմանք, ծառայելով բանակում, իրենց իսկ օրինակով հետագայում բանակ են բերել սեփական ամուսիններին, որդիներին։ Բուժծառայության պետ, մայոր Ժաննա Հայրիյանի ամուսինը՝ մայոր Վլադիմիր Հայրիյանը, վերջերս է զորացրվել պահեստազոր, բայց դրանով ընտանիքի զինծառայողների թիվը չի պակասել։ Այժմ ծառայության մեջ են նրանց երեք որդիները՝ Մուշեղը, Ներսեսը և Սուրենը։ Մուշեղը ծնողների գործն է շարունակում հոսպիտալում, Ներսեսը՝ հրամանատարական կետում, իսկ Սուրենը՝ սահմանային զորամասերից մեկում։

-Կասեմ կարճ. մենք մեր երջանկությունը գտել ենք բանակում,- ասաց տիկին Ժաննան։

Զորամասի վարչական շենքի պարետ, ավագ ենթասպա Վեներա Արշակյանը նույնպես զինվորական որդի ունի։ Շարքային Արթուր Իրիցյանը ծառայությունը շարունակում է պայմանագրային հիմունքներով։ Ավագ ենթասպա Փառանձեմ Պապոյանի ամուսինը՝ Սաշա Հովհաննիսյանը, դիվիզիոնի հրամանատար է, իսկ տղան՝ պայմանագրային զինվոր։

-Ես երկու աղջիկ ունեմ, դեռ սովորում են, հնարավոր է, որ նրանք էլ զինվորական դառնան, կամ էլ զինվորականների հետ ամուսնանան,- ասաց ավագ հաշվապահ, լեյտենանտ Վարդուհի Գրիգորյանը։

-Ես էլ դեռ ճերմակ ձիավորիս եմ սպասում,- կատակեց ենթասպա Վարդուշ Հարությունյանը։

Մնում է ավելացնել, որ գեղեցիկ տիկնանց ծառայությունը բարձր է գնահատում զորամասի հրամանատարությունը։ Նրանք բոլորն էլ տարբեր առիթներով բազմիցս խրախուսվել են զորամասի հրամանատարի և զորքերի վարչության պետի կողմից։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի կանայք։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/04/2013