Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՂՎՈ՛ՐՍ, ՄԱ՛ՆՉՍ, ԼԱՎ ԿԸԼԼԱ



Լոս Անջելես քաղաքի Սանտա Մոնիկա պողոտայի հարեւանությամբ է գտնվում Սանտա Մոնիկա գերեզմանատունը։ Նազարն ու Հռիփսիմեն ծնվել են Այնթապում։ Եղեռնից հետո որբացել։ Հռիփսիմեն ապրել էր ամերիկյան որբանոցում, իսկ Նազարը աշխատել էր մեծահարուստ Գյուլբենկյանի հետ եւ, ինչպես ինքն էր ասում, երկաթագործի իր ոսկի փեշակով եղել է նրա աջ ձեռքը։ Դեգերելով երկրե երկիր՝ Հալեպում միացել, տունտեղ էին դրել։ Հետո ճանապարհը նրանց տարել էր Լոս Անջելես, ու նրանք ապրել էին հայրենիքի կարոտն ու եղեռնից զոհված հարազատների կսկիծը սրտում։ Հիմա նրանք հանգչում են Սանտա Մոնիկայի գերեզմանոցում։ Նազարեթ որդին վերադարձել է Հայաստան, իսկ Սոսի աղջիկը բնակվում է Լոս Անջելեսում։

Սուրբ ծննդյան օրերին Սոսին հարսի՝ Թագուհու ու նրա Նազար որդու հետ այցելում է ծնողների՝ Նազարի ու Հռիփսիմեի, ամուսնու՝ Հակոբի շիրիմներին։ Խունկ են ծխում, ապա այցելում հայի անուն-ազգանուններով բոլոր շիրմաքարերին, որոնք մի տեսակ «անտեր են» եւ մամռակալում են օտար հողում։ Երեկոյի հետ, երբ Սոսին, Թագուհին ու Նազարեթը քայլերն ուղղում են գերեզմանոցից դուրս, բազմաթիվ տապանաքարերին վառվում են մոմերը, ավելի ճիշտ, ասես արցունքի կաթիլներ լինեն, որոնք խնկի բույրի հետ թափվում են անտեր քարերին։

Իսկ երբ անկախության առաջին տարիներին Սոսին Հայաստան էր այցելում, շրջում էր Երեւանում եւ ամեն մի մուրացկանի հանդիպելիս արցունքն աչքերին նրանց էր բաժանում իր հավաքած թոշակի թղթադրամներից.

-Աղվորս, մանչս, զավակս, մի՛ նեղվիր, սա է քո հայրենիքը, մեր հայրենիքը, դիմացիր՝ լավ օրերը կգան։

Լա՛վ կըլլա։

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Հոգևոր-մշակութային


04/04/2013